Ռուս-ուկրաինական պատերազմ. ինչից ամեն ինչ սկսվեց


Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունը պատմական խոր արմատներ ունի։ Ստորև համառոտ ներկայացնում ենք ենք ռուս-ուկրաինական պատերազմին նախորդած առանցքային և ցավալի հետևանքներ ունեցած իրադարձությունները։

Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում լարվածության ու լայնածավալ պատերազմի բռնկման նախադրյալները արմատներով գնում են դեպի միջնադար, երբ ներկայիս Ուկրաինայի և Ռուսաստանի հատվածները Կիևյան Ռուսիայի կազմում էին: Այստեղից է Վլադիմիր Պուտինի  «‎մեկ ազգի» մասին հայտնի թեզը։

Ռուս-ուկրաինական ներկայիս պատերազմը վերջին 30 տարվա քաղաքականության արդյունքն է։ Այն պայմանականորեն կարելի է բաժանել երեք փուլի։

1992-2003 թթ․

1991 թվականի դեկտեմբերին Ուկրաինան Ռուսաստանի և Բելառուսի հետ միասին այն երեք հանրապետություններից մեկն էր, որոնք Բելովեժյան թավուտում ամրագրեցին ԽՍՀՄ փլուզումը։ Մոսկվան՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և էժան էներգակիրների միջոցով փորձեց պահպանել իր երբեմնի ազդեցությունը։ Սակայն ստացվեց այլ կերպ։ Ռուսաստանն ու Բելառուսը ստեղծեցին Միութենական պետություն, Ուկրաինան էլ ավելի հաճախակի ու ընդգծված թեքվում էր դեպի Արևմուտք։

Դա նյարդայնացնում էր Կրեմլին։ Սակայն, այն ժամանակ  Ուկրաինան ԽՍՀՄ-ից ժառանգեց գրեթե մեկ միլիոնանոց բանակ և իր կարողություններով աշխարհում երրորդ միջուկային զինանոցը։ Հրթիռներից Կիևը հրաժարվեց՝ անվտանգության երաշխիքների (Բուդապեշտի հուշագրի) և տնտեսական օգնության դիմաց դրանք փոխանցելով Ռուսաստանին:

Քանի դեռ Արևմուտքն Ուկրաինային փոխադարձությամբ չէր պատասխանում և չէր շտապում նրան ինտեգրել իր կառույցներին, Մոսկվայի պահվածքը զուսպ էր։
Ռուսաստանը հետխորհրդային առաջին տասնամյակում տնտեսապես թույլ էր, իսկ չեչենական պատերազմները բավականին ռեսուրսներ էին խլել։ Բաժանելով Սևծովյան նավատորմը և 1997 թվականին ստորագրելով «մեծ պայմանագիրը»՝ ՌԴ-ն ճանաչեց Ուկրաինայի սահմանները՝ ներառյալ Ղրիմը։

2003-2013թթ․

Մոսկվայի ու Կիևի միջև առաջին խոշոր դիվանագիտական ճգնաժամը առաջացավ Պուտինի օրոք։ 2003 թվականի աշնանը Ուկրաինական Տուզլա կղզու ուղղությամբ՝ Կերչի նեղուցում, Ռուսաստանը անսպասելի սկսեց ջրամբար կառուցել։ Կիևը դա ընկալեց որպես սահմանների վերաձևման փորձ։ Լարվածությունը մեղմվեց նախագահների հանդիպումից հետո։ Ջրամբարի շինարարությունը դադարեցվեց, սակայն երկու երկրների գովազդվող բարեկամությունը ստացավ առաջին ճաքերը։

2004 թվականի Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում Ռուսաստանն ակտիվորեն պաշտպանում էր ռուսամետ թեկնածու Վիկտոր Յանուկովիչին, սակայն «Նարնջագույն հեղափոխությունը» չեղարկեց նրա հաղթանակը՝ ամրագրելով ընտրությունների կեղծված լինելը։

Երկրի նախագահ դարձավ արևմտամետ քաղաքական գործիչ Վիկտոր Յուշչենկոն։ Նրա հաղթանակը Ռուսաստանի համար ելակետային դարձավ Ուկրաինայի հետ հարաբերություններում վերադիրքավորվելու հարցում։ Յուշչենկոյի օրոք ՌԴ -ն երկու անգամ՝ 2006 և 2009 թվականներին, փակեց Ուկրաինային մտնող գազը, ինչը հանգեցրեց Եվրոպա տարանցիկ մատակարարումների խափանումներին։

Ներկա իրավիճակը հասկանալու համար առանցքային իրադարձություն կարելի է համարել 2008 թվականին տեղի ունեցածը։ Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը փորձեց հասնել Ուկրաինային և Վրաստանին Դաշինքի անդամակցության նախապատրաստման գործողությունների ծրագրի տրամադրմանը:

ՌԴ նախագահ Պուտինը կտրուկ դեմ արտահայտվեց այդ ծրագրին։ Մոսկվան հասկացնել  տվեց, որ ամբողջությամբ չի ճանաչում Ուկրաինայի անկախությունը։ Արդյունքում Գերմանիան և Ֆրանսիան արգելափակեցին Բուշի ծրագիրը։ Քանի որ ՆԱՏՕ-ին արագ անդամակցելու ծրագիրը ձախողվեց, Ուկրաինան՝ Ասոցացման համաձայնագրի միջոցով, Եվրամիությանը տնտեսապես ինտեգրվելու ուղղություն վերցրեց։

2013 թվականի ամռանը՝ Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրումից մի քանի ամիս առաջ, Ռուսաստանը սկսեց լայնածավալ տնտեսական ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ արգելելով Ուկրաինական ապրանքների ներկրումը։

2014-2021

Կիևում առաջացած իշխանության վակուումի պայմաններում 2014-ի մարտին Ռուսաստանը անեքսիայի ենթարկեց Ղրիմը: Ռուս-ուկրաինական հարաբերություններում դա շրջադարձային կետ դարձավ՝ չհայտարարված պատերազմի սկիզբ։ Միաժամանակ, հռչակվեցին Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչին Կիևը սպասվածին հակառակ բավականին իներտ արձագանքեց՝ մայիսին Ուկրաինայում նախագահական ընտրություններ էին նշանակված։

2022 թվականի փետրվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) անկախությունը։

Համապատասխան փաստաթղթերը վավերացրեց ՌԴ խորհրդարանը։ Պուտինը նաև հայտարարեց, որ այդ կազմավորումներին են պատկանում Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքները:

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ ղեկավարը հայտարարեց Ուկրաինայի դեմ «հատուկ ռազմական գործողության» մեկնարկի մասին: Որպես նպատակ հայտարարվեց Ուկրաինայի «ապառազմականացումը»։

Սկսվեց լայնածավալ պատերազմ։




avatar