ԲԱԴՐԻՋԱՆ (ՍՄԲՈՒԿ)


Սմբուկը արժեքավոր բույս է և շատ օգտակար, նրա մեջ պարունակվող նյութերի առատության շնորհիվ: Լայնորեն օգտագործվում է սննդարդյունաբերության մեջ: Սմբուկի մեջ պարունակվում են շաքարներ, սպիտակուցներ, ճարպեր, ֆոսֆորի, կալցիումի, երկաթի և այլ աղեր, որոնք օգտակար են մարդու օրգանիզմի համար: Հայաստանում հիմնականում մշակվում են Երևանի տեղական և Երևան-3 սորտերը:
 
Բադրիջանը գազարով
 
1 կգ բադրիջանը լվանալ, կեղևը մաքրել այնպես, որ չորս բարակ շերտ մնա: Այնուհետև միջուկը հանել, լցնել առանձին ամանի մեջ: 300 գր գազարը մաքրել, քերիչով մանրացնել բադրիջանի միջուկի հետ, ավելացնել 2 գլուխ կտրտած սոխ, 2-3 հատիկ ծեծած սխտոր, կարոս, աղ, սև պղպեղ: Ստացված զանգվածը լավ խառնել, ավելացնել 3-4 հատ լոլիկ (կամ 1-2 ճ/գ տոմատի մածուկ), խառնել, լցնել բադրիջանների մեջ, դասավորել կաթսայում, վրան լցնել 1 թ/բ ջուր, նույնքան էլ բուսական յուղ, կափարիչով ծածկել և մեղմ կրակով եփել:
Մատուցել սառը վիճակում:
 
Բադրիջան լցոնած

1 կգ սմբուկ, 4-5 հատ լոլիկ, 4 հատ խոշոր սոխ, 1 կապ կարոս, աղ, սև պղպեղ, բուսական յուղ

Սմբուկը լվանալ, հեռացնել կեղևը, երկարությամբ ճեղքել, միջուկից հանել այնքան, որպեսզի հնարավոր լինի լցնել բանջարեղենով պատրաստած լցոն:
 
Լցոն: Սոխը կտրատել, ավելացնել լոլիկ, կարոս, սմբուկի միջուկը, աղ, պղպեղ, լավ խառնել, ապա լցնել յուրաքանչյուր սմբուկի մեջ և բուսական յուղով տապակել:
 
Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
 
Բադրիջան ձվով
 
2 կգ սմբուկ, 5-6 հատ կանաչ պղպեղ, 2 գլուխ սոխ, 6 ձու, 2-3 լոլիկ, կարոս կամ համեմ, աղ
 
Սմբուկը կանաչ պղպեղի հետ խորովել, կեղևը հեռացնել, լցնել էմալապատ կաթսայի մեջ:
Սոխը կտրտել օղակաձև ու յուղով տապակել, ավելացնել աղ, վրան լցնել լավ հարած ձուն, 5 րոպե թողնել կրակին, որից հետո ողջ զանգվածը լցնել խորոված սմբուկի վրա և մատուցել տաք վիճակում, կողքերը զարդարել օղակաձև կտրտած լոլիկով, իսկ երեսին շաղ տալ մանր կտրտած կարոս կամ համեմ:
 
Բադրիջան մսով
 
2 կգ սմբուկ, 3-5 հատ լոլիկ, 1 կգ տավարի միս, 2 գլուխ խոշոր սոխ, 2 հատ կանաչ պղպեղ, 2 ճաշի գդալ յուղ, բուսական յուղ, համեմ, աղ, սև պղպեղ
 
Սմբուկը բուսական յուղով տապակել:
Տավարի միսը աղալ, յուղով տապակել, ավելացնել սոխ, աղ, սև պղպեղ, կտրատած համեմ: Կաթսայի մեջ մի շերտ լցնել տապակած սմբուկ, վրան լցնել մսով զանգվածը, երեսին կտրատել լոլիկ և կանաչ պղպեղ, ծածկել կափարիչով և մեղմ կրակով 10-15 րոպե եփել, որից հետո մատուցել տաք վիճակում:
 
Բադրիջանը ջեռոցում
 
2 կգ սմբուկ միջին, 1 գդալ յուղ, բուսական յուղ, 1 կգ տավարի փափուկ միս, 4 հատ սոխ, 3 հատ կանաչ պղպեղ, 4-5 հատ լոլիկ, թարմ կանաչի, աղ, մի քիչ սև պղպեղ
 
Սմբուկի կոթը կտրել, լավ լվանալ, կեղևը մեկումեջ մաքրել, երկարությամբ ճեղքել այնպես, որ հնարավոր լինի մեջը միս լցնել: Բոլոր սմբուկները թեթևակի տապակել բուսական յուղով և դասավորել ջեռոցի թավայի մեջ:
Աղացած միսը յուղով տապակել, ավելացնել աղ, սև պղպեղ և գդալով լցնել սմբուկի մեջ:
Սոխը բուսական յուղով տապակել, ավելացնել կտրտած պղպեղը, լոլիկը, խառը կանաչի, 10 րոպե եռացնել, ապա գդալով լցնել յուրաքանչյուր սմբուկի վրա և 20-25 րոպե եփել ջեռոցում միջին կրակով:
Մատուցել տաք վիճակում:
Եթե ջեռոց չունեք, կարելի է թավայի մեջ պատրաստել նույն ձևով, միայն թավան պետք է մի քիչ խոր լինի, իսկ եփելիս կափարիչով այն ծածկել:
 
Բադրիջանով սառը նախուտեստ
 
1,5 կգ սմբուկ, 4 հատ գազար (խոշոր), 4 հատ սոխ, 3-4 պճեղ սխտոր, ձեթ, կարոս, աղ, սև պղպեղ, 4 հատ լոլիկ, 1 թեյի բաժակ ջուր
Սմբուկը լվանալ, կեղևը մեկ ու մեջ մաքրել (թողնել կեղևի շորս շերտ), որից հետո միջուկը հանել, կտրատել, լցնել առանձին ամանի մեջ:
Գազարը մաքրել, քերիչով մանրացնել, խառնել սմբուկի միջուկին, ավելացնել կտրտած սոխ, ճզմած սխտոր, կարոս, աղ, պղպեղ, լոլիկ (կամ տոմատի մածուկ): Ամբողջ զանգվածը լավ խառնել, լցնել սմբուկի մեջ, դասավորել կաթսայում, վրան լցնել 1 թեյի բաժակ ջուր, նույնքան էլ բուսական յուղ և մեղմ կրակով եփել: Եթե ստուգելիս ջուրը քիչ լինի, ավելացնել մի քիչ տաք ջուր, մինչև ողջ պարունակությունը լավ եփվի, որից հետո սառեցնել և մատուցել որպես սառը նախուտեստ:
 
Բադրիջանը տապակած
 

1. 2 կգ բադրիջանը մաքրել, կտրատել երկարությամբ և բարակ շերտերով, տապակել բուսական յուղով, նույն ամանի մեջ տապակել սերմերից մաքրած 0,5 կգ կանաչ պղպեղ, լցնել բադրիջանի վրա: 3-5 գլուխ սոխը ձեթով տապակել, ավելացնել 3-4 հատ լոլիկ, 5 րոպե եռացնել, լցնել բադրիջանի վրա՝ վերջում ավելացնել մանր կտրտած կանաչի կամ միայն կարոս, 2-3 հատիկ ծեծած սխտոր, աղ, սև պղպեղ:

Մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
2. 1 կգ բադրիջանը լվանալ, կտրել բարակ շերտերով, վրան աղ ցանել և թողնել մոտավորապես մեկ ժամ, որից հետո լավ լվանալ, ձեռքով քամել՝ ջրային մասը հեռացնելու համար: 1 բաժակ ալյուրը խառնել սև կամ կարմիր պղպեղի հետ, բադրիջանները երկու կողմից թաթախել դրա մեջ և բուսական յուղով տապակել:
Մատուցել տաք վիճակում:
3. Տապակած բադրիջանին կարելի է խառնել տապակած կարտոֆիլ, տապակած սոխին խառնել մանր կտրտած համեմ, կանաչ կծու պղպեղ, թողնել մի քիչ շոգեխաշվի և լցնել տապակած բադրիջանների ու կարտոֆիլի վրա:
Մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում:
 
Խորոված բադրիջանը մսով
 
1,5-2 կգ բադրիջանը և 6-7 հատ կանաչ պղպեղը խորովել, մանր կտրատել, 2 գլուխ սոխը յուղով տապակել, ավելացնել 4-5 հատ լոլիկ, 2-3 րոպե թողնել կրակին, ապա լցնել բադրիջանի վրա: 0,5 կգ տավարի փափուկ միսը աղալ, ավելացնել սև պղպեղ, աղ և տապակել ոչ շատ խոր կաթսայի մեջ: Երբ պատրաստ լինի, վրան լցնել խորոված զանգվածը, լավ խառնել, 5 րոպե եռացնել և մատուցել տաք վիճակում՝ վրան ցանելով կտրտած խառը կանաչի:
 
Բադրիջանը մսով ու սնկով
 
1,5 կգ սմբուկ, 0,5 կգ փափուկ միս, 0,5 կգ սունկ, 2-3 պճեղ սխտոր, թթվասեր, կարոս, կարագ, բուսական յուղ, աղ, սև պղպեղ
Սմբուկը լվանալ, երկարությամբ բաժանել երկու մասի, վրան աղ ցանել, թողնել 30 րոպե, որից հետո լավ լվանալ, միջուկը հանել, լցնել առանձին ամանի մեջ: Միսը խաշել, մանր կտրատել:
Սունկը լվանալուց հետո մանր կտրատել և բուսական յուղով տապակել, ավելացնել միսը, սմբուկի միջուկը, սխտորը, կարոսը, աղ, պղպեղ, թթվասեր, ամբողջ զանգվածը լավ խառնել, լցնել սմբուկի մեջ, յուրաքանչյուր սմբուկի վրա կարագ դնել, շարել թիթեղյա թավայի մեջ և մեղմ կրակով եփել ջեռոցում:
Մատուցելուց առաջ երեսին ցանել թարմ կանաչի, կողքերը զարդարել թարմ լոլիկով ու կանաչ պղպեղով




ԳՈՎԱԶԴ