Բոբ Դիլան. Վստահ չեմ, որ քաոսը հարգում է ինձ


Երբ հեռուստացույց եմ նայում, հասկանում եմ՝ աշխարհը կառավարում են մարդիկ, ովքեր երբեք երաժշտություն չեն լսում:

***

Ես ինձ պոետ չեմ համարում: Ինձ դուր չի գալիս այդ բառը՝ պոետ: Համարեք ինձ մարմնամարզիկ՝ ճոճաձողի վրա:

***

Նշանավոր անձնավորություն դառնալը ծանր բեռ է: Քրիստոսին խաչեցին միայն նրա համար, որ նա սկսել էր չափազանց շատ աչքի ընկնել: Այնպես որ՝ ես միշտ նախընտրում եմ անհետանալ:

***

Երբ ես առաջին անգամ լսեցի Էլվիսին, հասկացա, որ երբեք ոչ ոքի մոտ չեմ աշխատի, և ոչ ոք երբեք իմ ղեկավարը չի լինի: Ես լսեցի նրան ու այնպիսի զգացողություն ունեցա, կարծես բանտից դուրս պրծած լինեի:

***

Մի անգամ ինձ հարցրեցին՝ հիշում եմ այն օրը, երբ Հիտլերն ինքնասպան եղավ: Իսկ ես նույնիսկ չեմ հիշում, որ ինչ-որ ժամանակ մանուկ եմ եղել:

***

Ես շատ եմ հեռացել հավատից, քանի որ այն ստիպում է անընդհատ քեզ մեղավոր զգաս:

***

Մարդիկ հազվադեպ են անում այն, ինչին հավատում են: Ավելի հաճախ անում են այն, ինչ ձեռնտու է տվյալ իրավիճակում, իսկ հետո զղջում են դրա համար:

***

Եթե ուզում ես գտնել մեկին, որին կարող ես հավատալ, դադարիր խաբել ինքդ քեզ:

***

Քաղաքական գործիչները միշտ ավելի շատ խնդիրներ են ստեղծում, քան կարող են լուծել:

***

Պատերազմն այսօր ամենուր է: Երբեմն ինձ թվում է, որ պատերազմ է ընթանում նույնիսկ հարևան բակերում:

***

Բարոյականությունն ու քաղաքականությունը շատ հեռու են իրարից:

***

Տանել չեմ կարողանում հավասարության մասին դատարկ զրույցները: Միակ բանը, որում մարդիկ հավասար են՝ այն է, որ նրանք բոլորն էլ վաղ թե ուշ մեռնելու են:

***

Եթե լավ վերլուծենք, ապա ես ոչ մի քաղաքական երգ չեմ գրել: Քանի որ երաժշտությունը չի կարող փրկել աշխարհը:

***

Իմ ողջ կյանքում ես ընդամենը չորս երգ եմ գրել, բայց այդ չորս երգը ես գրել եմ միլիոն անգամ:

***

Իմ մասին ինչ-որ բան իմանալու համար պետք է պարզապես լսել իմ երգերը: Կարևորը ճիշտ ընտրություն կատարելն է: Չէ որ ես թատերագիր չեմ: Այնպես որ՝ իմ երգերի բոլոր հերոսները ես եմ:

***

Ինչ լավ բան կա երկրպագուների մեջ: Դու չես կարող նախաճաշել ծափահարություններով, դրանցով քնել էլ չի ստացվի:

***

Պոետ լինելու համար պարտադիր չէ անընդհատ ինչ-որ բան գրել: Որոշ մարդիկ ողջ կյանքում մեքենաների լիցքավորման կետում են աշխատում ու պոետ են:

***

Ասում են՝ արվեստի աշխարհը գեղեցիկ կանանցով լիքն է: Բայց ես այսպես կասեմ: Նրանք, ովքեր ուզում են գեղեցկուհիներ տեսնել, լավ է բժիշկ կամ փաստաբան դառնան: Իսկ շատ ավելի լավ է՝ մասնավոր խուզարկու:

***

Նրանք, ովքեր ուզում են լրջորեն երաժշտությամբ զբաղվել, մի բան պետք է հիշեն՝ ակորդեոնը կարող է փոխարինել բոլոր մյուս երաժշտական գործիքներին:

***

Ես չեմ կարծում, որ ժամանակակից աշխարհից դուրս եմ ապրում: Պարզապես՝ մի քիչ այն կողմում եմ:

***

Ես հարյուր միլիոնից ավելի ձայնասկավառակ եմ վաճառել: Բայց ոչ մի գաղափար չունեմ, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ:

***

Հաջողությունն այն է, երբ հնարավորություն ունես արթնանալ առավոտյան ու քնել երեկոյան, և այդ երկու իրադարձությունների արանքում զբաղվել նրանով, ինչը քեզ իսկապես դուր է գալիս:

***

Ոգեշնչվածությունն այնքան էլ հաճախ հյուր չի գալիս: Այնպես որ՝ բռնիր նրան այնտեղ, որտեղ կտեսնես:

***

Հույսն ու վախը միշտ իրար ձեռք բռնած են քայլում՝ ինչպես մի պրոֆեսիոնալ կատակերգական դուետ:

***

Ես հարգում եմ քաոսը, բայց վստահ չեմ, որ քաոսը հարգում է ինձ:

***

Եթե արդեն հանձն ես առել կովը կթելու գործը, համոզվիր, որ ամբողջ կաթն ես կթել:

***

Հնարավոր չէ միաժամանակ սիրահարված ու իմաստուն լինել:





ԳՈՎԱԶԴ