Սամվել Մկրտչյան. Հայաստանը ... Ո՞ւմ Հայաստանը


Մենք ենք ապրում ենք բանտում, բան­տային օրենքներով, մեզ տրվում է օրապահիկի մեր համեստ բաժինը, մենք վայելում ենք «վերուստ» արվող փոքրիկ «շռայլությունները» (ինչպիսին այս գրառումներն են), խոսում ենք ժողովրդավարությունից և չենք ուզում նկատել, որ գողականությունն ու գողա­լեզուն կլանել են բոլորիս։ Բոլորը խոսում են պատերազմի մասին, մինչդեռ պատերազմական օրենքների փոխարեն մեզ կառավարում են զարգա­ցած բոլշևիզմի գողական օրենքները։

Գողական շարժումը իսկական վերած­նունդ ապրեց 70-ականներին, երբ ժո­ղովրդի «ընտրյալ» փոքրամասնությունը «խառոշի» էր, իսկ մեծամասնությունը՝ «հարիֆ» կամ «թռած»։ Նույնիսկ դպրոց­ների բակերում ամենատարածված երևույթը «ռազբիրատն» էր։ Հենց այս ժամանակահատվածում, գողական աշ­խարհի և իրավապահ մարմինների արմատացող սերտաճմանը զուգընթաց, հստակվեց գողական մտավորականությու­նը՝ վերադաս-«օրենքովին» նրբորեն քծնելու և ստորադաս-«հարիֆին» նույնքան նրբո­րեն ստորացնելու անուրանալի տաղանդով։ Բոլորովին նոր որակ։ Երեկվա պատանին՝ մտավորագողական մաֆիան ոտք դրեց կյանքի բոլոր ոլորտները՝ սկսած ԲՇԿ-ից մինչև Գիտությունների կաճառ և ստեղծա­գործական միություններ։

Ավանդական գողականության նորագույն դպրոցները (կոմերիտմիություն, կուսակցություն) ան­ցած ջերմոցային մտավորականները («մտա-ոռականները» - ինչպե՞ս չսիրես մայրենին) ապացուցեցին և ապացուցում են դասակարգային առաձգականության իրենց ժառանգական ձիրքը։ Բայց դա չէ սարսափելին, ողորմելիները շուտով կմեռ­նեն, և նրանց ոչ ոք չի հիշի։ Սարսափելին այն է, որ «գողական ժողովրդավարները» արմատներ են գցում, հենց սա կլինի այլասերման և աղետի վերջին ակորդը։

 

Մտավորականության, գողականության և այլնի մասին՝ առանց հանգուցալուծման կամ ախտորոշման:

Nota bene. Ստորև տպագրվող գրառումներում ընթերցողը չի գտնի «ազգային», «ըմբռնում», «հայրենիք», «արիական», «շինիչ», «Հոբլ-Գոբլ», «ազատամարտ», «մարդասիրական օգնություն», «գթություն», «մշակույթ», «հիմնահարց», «հովհարաձև», «կտրոն» բառերը: 

Գողալեզուն և գողական կեցվածքը հա­մաճարակի պես տարածվել են ամենուր՝ խթանելով «ներքին թրքությունն» ու տակա­վին մանկասայլակի մեջ փչացնելով երե­խային։ Ամփոփենք. ռուսականացման դեմ պայքարը հասավ գագաթնակետին, բայց ռուսական դպրոցները փակելուց և ռուսալեզու մամուլը հալածելուց մայրենին չի մաքրվում, և մաքրվելու միտում էլ չի նկատվում։ Լսեք աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին, միացրեք հեռացույցը, ձայնասփյուռը և հարցրեք՝ ինչո՞ւ է սփյուռքահայը ավելի մաքուր հա­յերենով խոսում։ Զուտ հայերեն խոսակցա­կան լեզու այդպես էլ չձևավորվեց, այնքան որ մեր մեջ զորեղ էր արա-ախպերական «նատուռի» ջիղը։ Գողալեզվից ազատվելու և կենդանի հայերենով խոսելու հարկադ­րական ճիգերն ուղղակի զավեշտ են դառ­նում, վկա՝ ԳԽ պատգամավորների մեծ մասը։ Բայց մենք շեղվեցինք, իշխա­նություններին «կպնելը» մեր իրավունքների մեջ չի մտնում (պատճենում ռուսերենից)։

Հիմա «տուֆտա» մտավորականության երկունքի ցավերի ժամն է։ Ի՞նչ է ծնելու։ Ոչինչ էլ չի ծնելու, քանի դեռ օդը քաղաքականացված է, քանի դեռ գաղափարախոսությունը մնում է անձնական օգտագործման կրոն, քանի դեռ մամուլը «ճռռում» է տգիտությամբ համեմված քարոզներից, քաղաքական փուչ առաջարկներից, և ամենակարևորը՝ քանի դեռ կարող ուղեղն ու ուժը չի զբաղվում հոշոտված տնտե­սությամբ, իսկ պետության հիմնաս­յուները երեքն են՝ տնտեսություն, քաղաքականություն և գաղափարախո­սություն՝ ճիշտ և միմիայն այս հերթականությամբ։ Գաղափարախոսությամբ (մանավանդ՝ փուչ) տնտեսություն չես ստեղծի։

«Նոմենկլատուրային բանդիտիզմը» (խոստումնալից գրողի կարապի երգը) կյանք է մտել գողական աշխարհից, քանզի բյուրոկրատիզմը, բռնատիրական մղում­ներն ու աստիճանակարգային ճնշումը պոր­տաբուծության հետ կազմում են գողականության հիմնասյուները։ Ստալինականությունը գողական հասարակարգի օրգազմն ու փառաբանումն է՝ աստվածար­ման հավասարեցված ստալինականություն, ահա այսօրվա հասարակարգի օրիորդա­կան ազգանունը։ Պարզ է, որ դիլետանտիզ­մը պիտի հաղթանակեր և հաղթանակում է, միայն թե ափսոս հազարից թե տասը հազարից մեկին, այն մտածողին, որ աչք չի գցել ամերիկաների վրա, ոչ մոլեռանդ կուսակցական է, ոչ հոգեհաշմանդամ «պուզատի», այլ շնչահեղձ է լինում։

Իսկ «մեր ժողովու՞րդը»։ Կներե՞ք, եթե մեջբերեմ օտարին։ Ջորջ Օրուելը «Անգլիան, ձեր Անգլիան» հոդվածում գրում է. «Լուսնոտ ժողովուրդ» արտահայտությու­նը, որով Հիտլերը բնորոշեց գերմանացիներին, ավելի շատ անգլիացիներին է սազում»։ Խեղճ Օրուել. նա չապրեց, որ տեսներ լուսնոտացված ժողովրդին, որը մինչև անգամ չգիտի, որ այս բանտը իրենն է։

Սամվել Մկրտչյան


«Այսօր», 18 փետրվար, 1993 թ.