Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ էին


Նատա Բրետել

Ժամանակին, երբ դեռ բնակվում էի ԱՄՆ-ում, ավիատոմսս հետ հանձնեցի։ Ու ստացվեց այնպես, որ դա հենց այն ինքնաթիռն էր, որը մխրճվեց Նյու Յորքի «երկվորյակ աշտարակների» մեջ։

Նշանակում է՝ ես ինչ-որ բանի համար ողջ մնացի։ Միգուցե այսօրվա իրավիճակի համա՞ր։

Կիրակի առավոտյան «Սլավմեդ» ԲԿ օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մարտիրոսյանը հատուկ եկել էր՝ ծանոթացնելու ինձ 44-օրյա պատերազմի հետևանքով բուժում անցնող զինվորների հետ։ Տղաները գնացել են եկեղեցի։ Սպասում, զրուցում ենք։

- Ընդհանուր առմամբ ես 200 վիրավոր ունեի՝ այստեղ և այլ կենտրոններում։ Մենք մեր տղաներին սիրում ենք, հոգ ենք տանում։ Նրանք իրենց լքված չեն զգում։ Բայց դա կամավորների, հիմնադրամների, դոնորների հաշվին է։ Իսկ պետությունը․․․

Այսպես կասեմ՝ եթե այդ մարդիկ չլինեին, գալիս են, օգնում են, ուղարկում են… Օրինակ՝ Արմեն Հակոբջանյանը, հազարավոր դոլարների արտաքին ֆիքսման սարքեր է ուղարկել։ Հենց դրանք էլ տեղադրում ենք: 

Վերջին հաշվով կասետային ռումբերը ի՞նչ են։ Դա այն է, երբ տղաների մոտ ամեն երկու սանտիմետրը մեկ վերքեր են, իսկ ոսկորները վերածվել են շիլայի։ Անդամահատումն ամենից հեշտն է, բայց աշխատում ենք պահպանման վրա: Մեր խնդիրն է այդ շիլայից հավաքել այն, ինչի վրա հնարավոր կլինի հենվել, որ տղաներն ապրել կարողանան։

Եվ իմ հարցը պետությանը՝ ինչո՞ւ ձեր պահեստներից այդ սարքերը չտրամադրվեցին։ Չէ՞ որ դրանք հենց զանգվածային բնաջնջման իրավիճակների համար են՝ տղաների վերջույթները հնարավոր կլիներ պահպանել։ Կյանքեր փրկե՛լ։

Իսկ ինչո՞ւ վիրակապային նյութեր չէին հատկացվում։ Ես այստեղից գնում, ուղարկում էի՝ մտածելով, թե դրանք չկան։ Աղջիկները տոպրակներով էին բերում։ Հասանք նրան, որ արյունը կանգնեցնելու համար մոգոնեցինք մանկական տակդիրներն օգտագործել։ Ի դեպ, անթերի գործտում է։ Իսկ պարզվեց, որ պահեստները տրաքում են անհրաժեշտ պարագաներից։

Բայց չէ՞ որ որևէ բան դուրս գրելը՝ ավելորդ հաշվապահական հաշվետվություններ են, լրացուցիչ փաստաթղթեր... Պատկերացնո՞ւմ ես։ Այսինքն՝ մարդիկ, ովքեր պարտավոր էին դա անել, թքած ունեին սեփական պարտականությունների վրա։  Չէ որ դրանք փուլային հոսպիտալներ են, ուր ռազմադաշտից վիրավորների են տեղափոխում։

- Կարեն, խոսքեր չկան նման պահվածքը որակելու համար։ Իսկ ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կարելի է դա բացատրել։

- Սխալ մարդիկ են իրենց տեղերում։

(Այո, - մտածում եմ, - հստակ բժշկական ախտորոշում, ընդ որում՝ ամեն ինչին)։

- Տղաս հարցնում է. «Դու մինչև կյանքիդ վերջ ուզում ես ապրել Հայաստանո՞ւմ։ Հարգում եմ որոշումդ, բայց իմաստ կա՞»։

Ես գիտակցաբար եկա այստեղ։ Ոչ ոք ինձ չի ստիպել։ Բայց այն, ինչ կատարվում է...

Նոյեմբերի 7-ն է․ մեզ մոտ Շուշիի պաշտպաններն են պառկած։ Նրանք մշտական հեռախոսային կապի մեջ են։ Աջ ու ձախ հաղորդագրություններ են․ «Մտանք, մաքրում ենք…»։ Ու առը՛ քեզ․ «Շուշին ընկավ»։ Ինչպե՞ս թե ընկավ։ Տղաները մինչև ամսի 11-ն այնտեղ էին: Իսկ այստեղ գրչի մեկ հարվածով… Ինչպե՞ս արձագանքել դրան:

Հիմա սահմանը բաց է, որը իշխանությունները չեն էլ փորձում վերահսկել։ Իսկ ո՞վ պետք է դա անի։ Ռուսնե՞րը։ Իսկ մեր անկախությունն ինչո՞ւմ է։

Ես էլ չգիտեմ, թե որդուս ինչ պատասխանեմ…

Գիտեմ միայն, որ պետք է արժանիապատիվ մեզ պահենք։ Գիտեմ, որ անզորությունը, ինչը զգում ենք որպես ժողովուրդ՝ ճանապարհ չէ։ Քանի որ անզորությունը զոհի կեցվածք է։ Ո՛չ՝ ցանկանում եմ և պետք է ինչ-որ բան անել։

Մեր տղաներին հիմա վստահություն և աջակցություն է հարկավոր։ Մենք պարտք ենք նրանց ու պարտավոր…

- Կարեն, իսկ դու գոնե քնե՞լ ես: Թե՞ 2-3 ժամ աթոռին թիկնած։

- Կռահեցիր։ Գիտես, ես միշտ կարծում էի, որ դիմացկուն եմ։ Ճիշտ է, անպատեհ թոքերի բորբոքմամբ հիվանդացա։ Հոգնում էի։

Բայց երբ երկրում մոտ 10.000 վիրավոր կա, մտածում ես․ «Հետո՞ ինչ, թե թոքաբորբ ունես։ Գլուխը քարը։ Նվնվալու ժամանակը չէ: Այստեղ իմ խրամատն է,- ասում էի ինքս ինձ։ Սա իմ կռիվն է»։

Իսկ տղաներին մեզ մոտ բերում էին անվերջանալի հոսքով, այն էլ ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ մենք զրուցում էինք, իրար հետևից գալիս են զինվորները՝ Տիգրանը, Սուրենը, Կարոն։

Հարցնում եմ. «Ինչպե՞ս եք այստեղ ձեզ զգում»։ «Մենք ոսկե ձեռքերում ենք»,- պատասխանում են։

- Կարեն, ինչպես հասկացա, դու նաև դոնորներ ես փնտրո՞ւմ:

- Իսկ ի՞նչ անել: Խնդրեմ, ամերիկացիներին բերեցի, որոշեցին օգնել Օնիկին։ Չէ՞ որ վիրահատությունից հետո տղաները պետք է վերականգնվեն։ Իսկ արցախցիների պարագայում ընդհանրապես բարդ է…

Սկսեցի պատրաստվել տուն գնալ։ Կարենն օգնում է հագնել վերարկուն։ Այդ պահին ասում եմ․ «Գիտե՞ս, երեք ժամ լսում եմ, թե ինչպես ես խոսում զինվորների հետ։ Դու ոչ միայն նրանց ձեռքեր-ոտքերն ես հավաքում, դու նրանց հոգիներն ես նաև բուժում։ Բարությամբ, սիրով, սեփական ջերմությամբ… Իսկ դա հազվագյուտ շնորհ է։

Խնդրում եմ՝ ոչ մի տեղ մի գնա։ Դու մեզ այստեղ գիտես ինչքա՜ն ես պետք»։

Հ․ Գ․ Հետաքրքիր է՝ շրջանը փակվեց. ես գրել էի Մուշեղի մասին՝ Կարենը կարդացել էր․ «Ես նրան դեռ առաջին պատերազմից եմ հիշում։ Մուշեղին վերջերս հանդիպեցի, իսկ նա ոչ մի խոսք չասաց իր վիրավորումների մասին։ Ես նրան կվիրահատեմ, կանեմ ինչ կկարողանամ։ Պարզապես շտապ բերեք նրան ինձ մոտ, թե չէ նա նորից կպոկվի ճակատ»։
Մուշեղի վիրահատությունը բարեհաջող իրականացվեց։
Կարեն, անսահման շնորհակալություն քեզ քո գթասրտության, արհեստավարժության, օգնության… ամեն ինչի համար։

22․12․2020թ․
Թարգմանությունը՝ Armenlur-ի





ԳՈՎԱԶԴ