Մի լուսանկարի պատմություն


Մեր տան հյուրասենյակը հաճախ էր բանավեճերի թատերաբեմ դառնում: Լուսանկարիչների քննարկումները ձգվում էին մինչև առավոտ՝ համեմվելով տարատեսակ պատմություններով ու հետաքրքիր դրվագներով: Հորս ընկերները,  հայտնվելով «երկաթե վարագույրից» այն կողմ, ծանոթանում էին տարբեր լուսանկարիչների և արվեստագետների հետ, իսկ վերադարձից հետո հավաքվելով՝ պատմում իրենց տպավորությունների և զգացողությունների մասին:

Այդպիսի ծանոթություններից մեկի ժամանակ էլ հորս ընկերը լսել էր հայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի (իրական անունը՝ Հովսեփ Քարշյան) մասին, հատկապես  այն պատմությունը, թե ինչպես է Երկրորդ Աշխարհամարտի սկզբին Քարշը ստեղծել Չերչիլի լուսանկարը:

Հիշում եմ, թե ինչպես էի սենյակի մի անկյունում նստած՝ ամբողջ ուշադրությունս կենտրոնացրել՝ լսելու համար այդ հանճարեղ լուսանկարչի մասին: Շունչս պահել էի, նույնիսկ վախենում էի շարժվել, որպեսզի ոչ մի բառ բաց չթողնեմ: Հորս ընկերը, ով տարիների փորձառություն ուներ և պատմություն պատմելու հրաշալի շնորհ, միշտ դեպքերն ու իրադարձությունները պատմելու յուրօրինակ մոտեցում էր գտնում: Այդ անգամ ևս նա որոշեց ամեն ինչ սկզբից սկսել.

«1941 թվականի դեկտեմբերին, ճապոնացիների՝ ամերիկյան Պիռլ Հարբորի վրա հարձակումից ու Ամերիկայի՝ պատերազմի մեջ ներգրավվելուց հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը մեկնեց Օտտավա՝ շնորհակալություն հայտնելու Կանադային աջակցության համար:

Չերչիլը ելույթ ունեցավ կանադական խորհրդարանում: Նա գաղափար անգամ չուներ, որ լուսանկարիչ Յուսուֆ Քարշին հանձնարարված էր ելույթից հետո իրեն լուսանկարել: Ելույթից հետո հանդիպելով Քարշին՝ Չերչիլը զայրացավ, որ նախապես տեղեկացված չէր նկարահանման մասին: Նա վառեց սիգարն ու ասաց.

- Երկու րոպե ունես, կարող ես միայն մեկ լուսանկար անել:

Քարշը անակնկալի չեկավ այս պատասխանից. լսել էր՝ Չերչիլը կոպիտ մարդ է:  «Երկու րոպե,- մտածեց Քարշը,- երկու աղքատիկ րոպեներ նկարելու համար մի մարդու, ով շփոթեցրել է իր բոլոր կենսագիրներին, ով պարուրել է աշխարհը իր փառքով, իսկ ինձ` սարսափով»:

Քարշը լուռ սկսեց հետևել Չերչիլին, ով մռայլ դեմքով գնաց իր սենյակ: Երբ ներս մտան, Չերչիլը տեղավորվեց բազկաթոռի մեջ և սկսեց զննել լուսանկարչին, լուսանկարիչն էլ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետին:

Նրա դեմքի արտահայտությունը հրաշալիորեն համապատասխանում էր Քարշի պատկերացումներին, բայց Չերչիլի ատամների միջև խրված սիգարը անհամատեղելի էր նման հանդիսավոր և պաշտոնական առիթի հետ:

Բոլոր լուսանկարներում Չերչիլը պատկերված էր սիգարով: Քարշը չէր ցանկանում շաբլոն դարձած լուսանկար ստանալ: Նա նախ Չերչիլի առջև մոխրաման դրեց՝ այդպիսով նրբորեն ակնարկելով այնտեղ թողնել սիգարը:

Չերչիլը, բնականաբար, անտեսեց լուսանկարչի ակնարկը ու նույնիսկ փորձ չարեց սիգարը բերանից հանել: Քարշն, իր հերթին, համոզվելով, որ տեխնիկապես պատրաստ է ստանալ լուսանկարը, մոտեցավ վարչապետին ու ասաց.

- Ներողություն եմ խնդրում, սը՛ր,- ու հանեց սիգարը Չերչիլի բերանից:

Այդ պահին Մեծ Բրիտանիայի վարչապետի դեմքը խոժոռվեց և այնքան ագրեսիվ տեսք ստացավ, որ թվում էր՝ կարող է ոչնչացնել Քարշին:

Մինչ Քարշը մոտենում էր լուսանկարչական սարքին՝ զգում էր վարչապետի խիստ հայացքը, և նրան թվում էր՝ Չերչիլը «կուլ կտա» իրեն: Հաջորդ վայրկյանին լուսանկարն արդեն արված էր: Հենց դա է պատճառը, որ լուսանկարում Չերչիլի դեմքն այդքան խոժոռ է ու ջղայն: Վայրկյաններ անց Չերչիլի դեմքին ժպիտ հայտնվեց ու թույլ տվեց, որ Քարշը մի անգամ էլ լուսանկարի իրեն:
Նկարահանումից հետո Չերչիլը սեղմեց Քարշի ձեռքը: Նա անծանոթների հետ իրեն երբեք նման բան թույլ չէր տվել:

- Դուք մռնչացող առյուծին էլ կկարողանայիք ստիպել հանգիստ լուսանկարվել:

Արդյունքում Քարշն այս դիմանկարը անվանեց «Մռնչացող առյուծը»:

Տարիներ անց ստեղծվեց ևս մեկ լուսանկար, որտեղ Չերչիլը նույն դիրքով էր, բայց արդեն ժպտում էր: Չերչիլի նկարն այն երեք եզակի նկարներից էր, որ ինքը՝ հեղինակը շատ էր հավանում:

Սակայն ինքն էլ չհասկացավ, թե ինչպես այդ հանճարեղ նկարը նա ընդամենը 100 դոլարով վաճառեց «Life» թերթին: Հետագայում Չերչիլի հանրահայտ նկարը վերածվեց հուշային դրոշմանիշի, որտեղ նշված է. «Լուսանկարիչ՝ Յուսուֆ Քարշ»:

Հ. Գ. Վերջ: Պատմությունը ավարտվեց: Հյուրասենյակում դեռ մի քանի րոպե լռություն էր տիրում, որը երկար չպահպանվեց. սկսվեց աշխույժ քննարկում:

Սակայն ես իմ անկյունում դեռ երկար պատկերացնում էի լուսանկարելու տեսարանն ու մտորում հանճարեղ հայի մասին:

Հետագայում լուսանկարիչների կենսագրությունները հավաքելիս ինձ զարմացրեց նրա աշխատելու անհագ ձգտումը և մեծ սերը լուսանկարչության հանդեպ. «Ես ամեն օր անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ սկսելու աշխատել: Ինձ թվում է, որ իմ աշխատանքն աշխարհի ամենագրավիչ աշխատանքն է»:

Այս խոսքերը շատ անգամ են ոգևորել ինձ և օգնել, որ ավարտեմ սկսածս գործը և շարունակեմ առաջ գնալ:

Վահան ՔՈՉԱՐ, լուսաանկարիչ





ԳՈՎԱԶԴ