Պատմության հայկական օրը. նոյեմբերի 28


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2015 - Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ է ուղարկում Գագիկ Հարությունյանին, որում իր անհանգստությունն է բացատրում Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների մասին։

«Գագիկ, վստահ եմ, որ ուշադիր ընթերցել ես նոյեմբերի 26-ի իմ հոդվածը, այդ պատճառով չեմ ուզում կրկնել նրանում արտահայտած մտահոգություններս։ Հուսով եմ, չես կասկածում, որ դրանք անկեղծ են և որևէ քաղաքական շահ չեն հետապնդում։ Այնուամենայնիվ, հարկ եմ համարում քեզ տեղեկացնել, որ խուճապ չառաջացնելու ու Ռուսաստանի հանդեպ բացասական տրամադրությունների տեղիք չտալու նկատառումներով, իրավիճակի պարունակած որոշ այլ վտանգների մասին լռել եմ։ Դրանցից ես կառանձնացնեի հետևյալ երեքը․
1․ Միջազգային լարվածության խորացման և Մերձավոր Արևելքում իրավիճակի թեժացման պարագայում Ռուսաստանն ստիպված է լինելու ուժեղացնել Հայաստանում տեղակայված իր ռազմական հենակետը և այստեղից ևս մասնակցել Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմական գործողություններին։
2․ Դա նշանակում է, որ հակառուսական ուժերի կողմից Հայաստանն ու նրա արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները դիտվելու են թշնամական տարածք, դառնալով իսլամական տեռորիզմի թիրախներից մեկը։
3, Ռուսաստանը ձգտելու է իր ռազմական ներկայությունն ապահովել նաև Ադրբեջանում, ինչը, 1920-21թթ․ նման, հնարավոր է միայն Ղարաբաղի հարցը վերջինիս համար նպաստավոր պայմաններով լուծելու դեպքում։
Ինչպես նշել էի իմ հոդվածում, ամենևին չեմ կասկածում, որ Սերժը հստակ գիտակցում է այս վտանգները։ Ավելին, ամեն ինչ ինձնից էլ լավ է պատկերացնում, քանի որ պաշտոնի բերումով շատ ավելի տեղեկացված է, քան ես։ Ինչ վերաբերում է նրա շրջապատին, ապա քեզնից բացի այլ մարդ չեմ տեսնում, ով կարող է նրա հետ լրջորեն խորհրդակցել այս հարցերի շուրջ։ Ուստի, խնդրում եմ, նրա ուշադրությունը հրավիրել հանրաքվեի հետաձգման (շեշտեմ՝ հետաձգման, այլ ոչ թե չեղյալ հայտարարելու) նպատակահարմարության վրա, որն իմ կարծիքով հեշտությամբ հիմնավորելի ու հրաշալի ելք է ներքաղաքական լարվածության ստեղծված անպատեհ իրավիճակից։ Համոզված եմ, որ այդ քայլը կդիտվի ոչ թե որպես իշխանության թուլության, այլ հակառակը, ողջախոհության արտահայտություն։ Համենայն դեպս, իմ կողմից կանեմ ամեն ինչ, որ դա այլ կերպ չգնահատվի։
Լևոն Տեր-Պետրոսյան
Հ․Գ․ Նամակս կարող ես ցույց տալ Սերժին»:

1989 - Լուծարվեց Արկադի Վոլսկու գլխավորած ԼՂԻՄ-ի «հատուկ կառավարման կոմիտեն», և դրա փոխարեն ստեղծվեց հանրապետական կազմկոմիտե, որը ղեկավարում էր Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ 2-րդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն։
1974 - Շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը։
1953 - Հայաստանի կոմկուսի կենտկոմի հերթական պլենումը որոշում է Գրիգոր Հարությունյանին ազատել Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 16 տարի՝ 1937 թվականից:

  • Խորհրդային Հայաստանի ղեկավար է նշանակվում Սուրեն Թովմասյանը։
  • «Այս կարևորագույն հարցերում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը ցուցաբերել էր ձևական-բյուրոկրատական մոտեցում։ Նա կտրվելով ժողովրդից՝ ոչ միայն չէր ունկնդրում մասսաների ձայնը, այլև ամեն կերպ ճնշում ու խլացնում էր ներքևից եկող քննադատությունը»,- մեղադրում էր կուսակցական ամսագիրը: Իրականում բոլոր հասկանում էին, որ Հարությունյանին պաշտոնանկ անելու հիմնական պատճառը նրա՝ Բերիայի «մարդը» լինելն էր:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1962 - Լիլիթ Գալստյան, լեզվաբան, թարգմանիչ և քաղաքական գործիչ
1927 - Սուրեն Առաքելյան, հայ ռեժիսոր
1911 - Կարապետ Տիրատուրյան (մ. 1975) նկարիչ
1859 - Արտեմ Կոտելնիկով (մ. 1910) հայազգի լրագրող և հրատարակիչ





ԳՈՎԱԶԴ