Խոսե Օրտեգա-ի-Գասետ. Նոր ախտանիշներ


Ինչպես Գյոթեի, այնպես էլ Նիցշեի համար, կենսական ներունակ արժեքների հայտ­նագործումը հանճարեղ կանխագուշակում էր, որը կանխել էր ապագայի արտակարգ իրադարձությունը, նշանավորելով մի ամբողջ դարաշրջան, զգայականության նոր տեսակ, որը հայտնագործվել է այդ արժեքների հետ միաժամանակ։ Երկու հանճարեղ մարգարեների կռահած ու ավետած դարաշրջա­նը՝ մեր դարաշրջանը, ՍԿՍՎԵՑ։

Արևմտյան քաղաքակրթու­թյան ապրած խորը ճգնաժա­մը սքողելու բոլոր ջանքերը անարդյունք կմնան։ Ախտանիշները չափազանց ակնհայտ են, և նա, ով բոլորից համառորեն է ժխտում դրանք, մշտապես զգում է դրանք իր սրտում։ Կամաց-կամաց հա­սարակության ավելի լայն շերտերում տարածվում է մի տարօրինակ երևույթ, որը կա­րելի է կոչել կենսական ապակողմնորոշում։

Մենք պահպանում ենք կողմ­նորոշումը այնքան ժամանակ, քանի դեռ լրիվ պարզ է, թե որ­տեղ է գտնվում հյուսիսը, և որտեղ՝ հարավը, այն ծայրա­կետային նիշերը, որոնք մեր գործողությունների ու շար­ժումների համար ծառայում են որպես հաշվարկման սկզբնակետ։ Քանի որ կյանքը, ըստ էության, հենց շարժում ու գործողություն է, հետևաբար հետապնդվող նպատակները կենդանի էակի անբաժանելի մասն են։ Հույսի, հավատի, պաշտամունքի ու աստվա­ծացման առարկաները միա­հյուսված են մեր անձին, մեր իսկ կենսական ներունակության գործունեության շնոր­հիվ, և առաջացնում են որո­շակի կենսաբանական թա­ղանթ, որը անքակտելիորեն միահյուսված է մեր մարմնին ու մեր հոգուն։ Մեր կյանքը մեր շրջապատի ֆունկցիան է, և այն իր հերթին կախում ունի մեր զգայակունությունից։ Կենդանի էակի զարգացման հետ փոփոխվում է նաև շրջապատը, և որ ամենակարևորն է, փոփոխվում է մեզ շրջապատող իրերի հեռանկարը։

Մի պահ պատկերացրեք այս­պիսի տեղաշարժ, այն վեհ նպատակները, որոնք երեկ մեր կենսատարածքին հստակ ճարտարակերտություն էին հաղորդում, կորցրել են իրենց հստակությունը, հրապուրան­քը, ուժն ու իշխանությունը մեր վրա, սակայն այն, ինչ կոչված է դրանց փոխարինե­լու, չի հասել ակնհայտության և անհրաժեշտ վստահելիու­թյան։ Նման դարաշրջանում մեզ շրջապատող տարածու­թյունը թվում է մասնատված, խախուտ, անհատի շուրջ ալե­կոծվող, և անհատի քայլերը նույնպես դառնում են անվս­տահ, քանզի սասանվել ու հողմահարվել են ուղենիշները։ Եվ ուղին ինքը կարծես սպրդում է ոտքի տակից՝ ձեռք բերելով երերուն անորոշություն։

Ահա այսպիսի իրադարձու­թյան մեջ է հայտնվել Եվրո­պական գոյությունը։ Արժեքների այն համակարգը, որը դեռ մի երեսուն տարի առաջ կազմակերպում էր մարդկային գործունեությունը, կորցրել է իր ակնհայտությունը, ձգողականությունն ու անպայմանականությունը։

Արևմտյան մարդը հիվանդացել է սուր արտահայտված ապակողմնորոշումով, չիմանալով այլևս, թե որ աստվածներին երկրպագի։

Ավելի ստույգ, դեռ երեսուն տարի առաջ Եվրոպայում հասարակության վիթխարի մասը ապրում էր մշակույթի համար։ Գիտությունը, արվեստը իրավամբ թվում էին ինքնաբավ մեծություններ, ամբողջությամբ դրանց նվիրված կյանքը խղճի ներքին դատաստանի առաջ մնում էր անսասան։ Իհարկե, որոշ անհատներ կարող էին դավաճանել դրանց և դիմել ուրիշ, ավելի կասկածելի ձեռնարկումների, բայց նույն ժամանակ գերազանց գիտակցելով, որ տրվում են անկաշկանդ քմահաճույքի, որից ավելի խորը, որպես անխորտակելի հենարան, գտնվում է մշակույթը, արդարացնելով նրանց գոյությունը։ Ցանկացած ժամանակ կարելի էր վերադառնալ գոյության հուսալի ու կանոնակարգված ձևերին։ Այդպես Եվրոպական քրիստոնեության դարաշրջա­նում մեղսավորը իր անարժան գոյությունը ընկալում էր որ­պես հոգու գաղտնարաննե­րում ապրող՝ աստվածային օրենքի ստորջրյա քարերի վրայով քշվող տաշեղ։

... Եվ ի՞նչ։ Մի՞թե մենք դադա­րել ենք հավատալ այդ վեհ նպատակներին։ Մի՞թե մեզ այլևս չեն գրավում ոչ իրավունքը, ոչ գիտությունը, ոչ արվեստը։

Պատասխանելու համար եր­կար մտածել պետք չէ։ Ո՛չ, մենք առաջվա նման հավատում ենք, միայն թե այլ կերպ և կարծես թե ուրիշ հեռավորությունից։. Հնարավոր է, որ նոր աշխարհազգացողության պատկերը ավելի պարզ կդառ­նա նոր արվեստի օրինակով։ Զարմանալի համերաշխու­թյամբ բոլոր երկրների նորագույն սերունդը ստեղծում է մի արվեստ՝ երաժշտություն, կերպարվեստ, պոեզիա, որը դուրս է ավագ սերնդի հասա­նելիության սահմաններից։ Մշակութապես հասուն մար­դիկ, անգամ ամենավճռական կերպով բարյացակամորեն տրամադրվելով այդ երևույթի հանդեպ, այդպես էլ չեն կարողանում ընդունել նոր արվես­տը այն պարզագույն պատճա­ռով, որ չեն հասկանում այն։ Ոչ թե այն հնի համեմատ թվում է լավ կամ վատ, ո՛չ, ուղղակի այն արվեստի տպա­վորություն անգամ չի թող­նում, և նրանք սկսում են ամե­նայն լրջությամբ կասկածել, որ բանը մի վիթխարի ֆարսի մեջ է, որին դիտավորյալ խրախուսողների ցանցը տա­րածվել է ամբողջ Եվրոպայում և Ամերիկայում։

Այնքան էլ դժվար չէ բացատ­րել սերունդների այդ անխու­սափելի պառակտումը։ Գե­ղարվեստի զարգացման նախկին փուլերում ոճի փոփոխու­թյունները, ինչքան էլ խորը լի­նեին դրանք (հիշենք ռոման­տիզմի ճնշմամբ նեոկլասիցիստական ճաշակի խորտա­կումը), միշտ սահմանափակ­վում էին նոր էսթետիկական առարկաների ընտրությամբ։ Գեղեցիկի նախընտրելի ձևերը անընդհատ փոխվում էին։ Ար­վեստի առարկայի այդ մշտա­կան փոփոխությունների մեջ անփոփոխ էին մնում ստեղծողի դիրքորոշումը և նրա ու արվեստի միջև ընկած տարածությունը։ Իր կյանքն այսօր սկսող սերնդի համար այդ տրանսֆորմացիան ռադիկալ է։ Երիտասարդ արվեստը ավանդականից տարբերվում է ոչ այնքան առարկայորեն, որ­քան նրանով, որ փոխվել է արվեստի նկատմամբ անհատի վերաբերմունքը։ Նոր ոճի հիմնական հայտանիշը, որը նշմարվում է նրա բազմազան դրսևորումներում, դա այն է, որ արվեստը դուրս է եկել կեն­սական «լրջության» ոլորտից, և այն դադարել է կենսական ձգողության կենտրոն լինե­լուց։ Այն կիսակրոնական, վեհ ու զգայացունց բնույթը, որն ուներ գեղագիտական հաճույ­քը մի երկու դար առաջ, ամ­բողջապես հողմահարվել է։ Նոր մարդկանց զգայականության համար արվեստը դառ­նում է փարիսեցիություն, ոչ արվեստ, այն պահից, երբ սկ­սում են այն լրջորեն ընդունել։ Լուրջ է լոկ այն ոլորտը, որով անցնում է մեր գոյության առանցքը։ Այսպիսով, արվեստը չի կարող տանել իր ուսերին մեր կյանքի բեռը։ Ջանալով իրականացնել դա՝ այն կործանվում է, կորցնելով իրեն այնքան անհրաժեշտ նրբա­գեղ թեթևությունը։ Եթե դրա փոխարեն մեր գեղագիտական հետաքրքրությունները փոխադրենք կենսական առանցքակետից դեպի ծայրամաս, եթե արվեստին ծանրակշռորեն ապավինելու փո­խարեն ընդունենք այն ինչ­պես որ կա իրականում՝ որպես զվարճալիք, խաղ, ապա ար­վեստի ստեղծագործությունը կրկին վերագտնում է իր դյու­թիչ հմայքը։ Ծերերի համար նոր արվեստում լրջության պակասը արատ է, մոլորու­թյուն, որը ընդունակ է ամեն ինչ կործանել, իսկ երիտա­սարդների համար լրջության այդ պակասը գերագույն ար­ժեք է, և նրանք մտադիր են տրվելու այդ մոլորությանը միանգամայն գիտցորեն և ողջ վճռականությամբ։

Արվեստի հանդեպ գեղարվես­տական դիրքորոշման այսպի­սի կտրուկ շրջադարձը հայտաբերում է արդի կենսազգա­ցողության կարևորագույն գծերից մեկը, այն, ինչ ես դեռ վաղուց որակել եմ որպես կյանքի տոնական և մարզական զգացողություն։ Մշակու­թային պրոգրեսիզմը դա մեր վերջին երկու դարերի կրոնն է, որը ակամա, արդյունքների տե­սանկյունից է գնահատում մարդկային ողջ գործունեությունը։ Հարկադրական ճիգը, որն անհրաժեշտ է այդ արդյունքին հաս­նելու համար, աշխատանքային գործունեությունն է՝ աշխատան­քը։ Պատահական չէ, որ XIX դարը այն աստվածացրել էր։ Սակայն մենք պետք է չմոռա­նանք, որ այդ աշխատանքն անդեմ, ներքին իմաստից զուրկ ուժերի լարում է, որը կարևորվում է միայն այն պահանջմունքների տեսա­կետից, որոնց ծառայում է, որպես այդպիսին այն միա­տարր է և հետևա­բար ենթակա է միայն քանակական և ժամանակային չափման։ Աշխատանքին հակադրվում է ուժերի լարման մի ուրիշ տեսակ, որը ծնվում է ոչ թե պարտքից դրդված, այլ որպես կենսական ներունակության ազատ ու շռայլ պոռթկում՝ սպոր­տը։

Եթե աշխատանքային ճիգը իմաստ ու արժեք է ստանում ար­գասիքի արժեքավորությունից, ապա սպորտում հակառակն է, ճիգի ինքնաբերությունն է արժե­քավորում արդյունքը։ Այստեղ առատ եռանդը բուռ-բուռ շռայլ­վում է առանց պարգևի ակնկա­լիքի։ Այդ իսկ պատճառով սպոր­տային ճիգի արժանիքները ավե­լի վեհ են ու ազնիվ, այն չի լինի հաշվարկել չափի ու կշռի միավորներով, որպես աշխատանքի դիմաց նորմալ վարձատրու­թյուն։ Իսկական արժեք ունեցող ստեղծագործություն կարելի է ստեղծել միմիայն այդպիսի ոչ տնտեսական ճիգ գործադրելու շնորհիվ, գիտական և գեղարվեստական ստեղծագործությունը, քաղաքական ու բարոյական հերոսությունը, կրոնական սրբակեցությունը, սպորտային հափշտակվածության վեհ պտուղներն են։ Սակայն պետք է հիշել, որ դրան հնարավոր չէ հասնել նախօրոք նախանշված ուղիով։ Անհնար է ինքդ քո առաջ խնդիր դնելով որևէ ֆիզիկական օրենք հայտնագործես, այն կա­րելի է հայտնաբերել որպես անսպասելի ընծա, որը թաքուն սպասում է բնության ոգեշնչված ու անշահախնդիր հետազոտողին։ Կյանքը, որը առավել հետաքրքրություն ու արժեքներ է տեսնում իր սեփական խաղի մեջ, քան թե մշակույթի հեղինա­կավոր նպատակներում, իր բո­լոր ջանքերը կօժտի սպորտին հատուկ, ուրախ, անբռնազբոս և մասամբ հանդուգն նկարագրով։ Վերջապես կխամրի աշխատան­քի թթված դեմքը, որը մարդու պարտականությունների ու մշակույթի սրբազան աշխատանքի մասին բարբաջանքներով փորձում է իր համար արդարացում հորինել։

Կստեղծվեն փայլուն ստեղծա­գործություններ, կստեղծվեն, ասես կատակով, առանց բազման­շանակ ավելորդաբանությունների, բանաստեղծը կտիրապետի իր արվեստին այնպես, ինչպես լավ ֆուտբոլիստը տիրապետում է գնդակին։

XIX դարի վրա, նրա սկզբից մինչև վերջը, իր դաժան դրոշմն է թողել ծանր աշխատանքային օրվա պատկերը։ Եվ ահա այսօր երիտասարդները կարծես մտադիր են մեր կյանքին՝ ոչնչով չարատավորված տոնի փայլ հաղորդել։

... Մշակութային արժեքները չեն կործանվել, այլ պարզապես ու­րիշ են դարձել, ձեռք բերելով նոր կարգավիճակ։ Ցանկացած հեռանկարում նոր տարրի հայտնվելը առաջ է բերում մնացած բոլոր տարրերի՝ հիերարխիա­յում ունեցած տեղերի վերադա­սավորում։ Նույն կերպ արժեքնե­րի ինքնաբեր (սպոնտան) համակարգում, որը իր հետ բերում է նոր մարդը, որից հենց բաղկա­ցած է այդ մարդը, ի հայտ է եկել նոր արժեք՝ վիտալ արժեքը, և հենց ներկա լինելու իր պարզ փաստով այն սկսում է դուրս մղել մնացյալը։


Խոսե Օրտեգա ի Գասսետ (մայիսի 9, 1883, Մադրիդ, Իսպանիա - հոկտեմբերի 18, 1955, Մադրիդ, Իսպանիա) իսպանացի փիլիսոփա և էսսեիստ, պերսպեկտիվիզմի և կենսական բանականության՝ ռացիոնալիզմի տեսությունների գլխավոր ներկայացուցիչ:

Իսպանացի իմաստասեր և հրապարակախոս, ում աշխարհայացքում հակասականորեն զուգորդվել են նեոկանտականությունը, կյանքի փիփսոփայությունը և ֆենոմենոլոգիայի բաղադրիչ տարրերը։ Ինքն իր փիլիսոփայելու եղանակը բնորոշել է որպես բանական վիտալիզմ։ Օրտեգան իրականություն «ապաիրականացման» եղանակի հետ է շաղկապում գեղագիտական ակտի առանձնահատկությունը, որն էլ ի սկզբանե մերձեցնում է նրա գեղաբանաթյունը XX դարի ավանգարդիստական և մոդեռնիստական միտումներին ու նկրտումներին։ Արվեստով արարվող «նոր առարկայական աշխարհը», ուր առար­կաները ներկայանում են այնպիսին, ինչպիսին որ կան, «ինքնա­բերաբար», ոչ մի ընդհանուր բան չունի ամենօրյա, սովորական՝ «չափից դուրս մարդկային» նկարագրի հետ. այսպիսին է Արվեստի ապահումանիզացիայի օրտեգալական հայացքի ելակետային դրույթը։ Նրա հիմնական գոր­ծերից են «Էսսե գեղագիտական թեմաներով», «Արվեստի ապահումանիզացիան», «Ամբոխների ապստամբությունը»։

Հրապարակման պատրաստեց Ա.Գևորգյանը





ԳՈՎԱԶԴ