Ձեզ մեղավոր մի զգացեք, եթե չգիտեք ինչպես վարվել անձնական կյանքի հետ


Կուրթ Վոնեգուտը XX դարի ամերիկյան նշանավոր գրողներից է: Ստորև ներկայացնում ենք Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում արտասանած նրա հայտնի ելույթը, որը ժամանակ առ ժամանակ վերընթերցելու անհրաժեշտություն ունի: Անգամ եթե վաղուց արդեն շրջանավարտ չեք, միևնույնն է, նրա խոսքում կգտնեք նոր ու օգտակար բաներ:

«Հարգելի շրջանավարտներ, օգտագործեք արևապաշտպան քսուքներ: Եթե ես կարողանայի ապագային միտված միայն մեկ խորհուրդ տալ ձեզ՝ այն հենց արևապաշտպան քսուքների մասին կլիներ: Դրանց օգտագործման առավելություններն ապացուցված են գիտնականնների կողմից, մինչդեռ իմ մյուս առաջարկները չունեն առավել ապահով հիմնավորում, քան իմ անձնական հախուռն փորձն է: Հենց այդ խորհուրդներն էլ ես հիմա կշարադրեմ.

  • Հագեցեք ձեր պատանեկության ուժով և գեղեցկությամբ, վայելեք այն, քանի դեռ կյանքը շարունակվում է: Հավատացեք ինձ, քսան տարի անց նայելով ձեր լուսանկարներին, դուք դրանց կվերաբերեք ներկա պահին ձեզ անհասկանալի յուրօրինակ մի զգացումով: Որքան բաց հնարավորություններ կային, և ինչ հեքիաթային էիք դիտվում այն ժամանակ:
  • Դուք այնքան էլ շատ կշիռ չունեք, որքան ձեզ թվում է:
  • Ապագայի համար մի անհանգստացեք, կամ լավ, անհանգստացեք, բայց իմացեք, որ այդ անհանգստություններն արդյունավետ են այնքան, որքան ծամոն ծամծմելով՝ հանրահաշվական հավասարում լուծելու փորձերը:
  • Ձեր կյանքում պատահում են տհաճ դեպքեր, որոնք երբեք չեն դիպչում ձեր անհանգիստ մտքին, օրինակ, այնպիսիները, որոնք ինչ-որ սովորական երեքշաբթի, գիշերվա ժամը 4-ին, կարող են ձեզ խառնաշփոթի մեջ գցել:
  • Ամեն օր կատարեք այն գործերից, կամ քայլերից մեկը, ինչը ձեզ վախեցնում է:
  • Երգե՛ք:
  • Խնայողաբար վերաբերվեք ուրիշ մարդկանց սրտերին:
  • Մի՛ հանդուրժեք նրանց, ովքեր անտարբեր են ձեր սրտի նկատմամբ:
  • Մի մոռացեք մաքրել ատամները:
  • Ժամանակ մի վատնեք նախանձի վրա, երբեմն դուք առջևում եք, երբեմն հետ եք ընկնում, վազքուղին երկար է, ի վերջո դուք մրցում եք ինքներդ ձեզ հետ:
  • Մտապահեք բարի խոսքերը, հաճոյախոսությունները որոնք ստանում եք, մոռացեք վիրավորանքները, …բայց, եթե դա ստացվի՝ ինձ կպատմեք թե ինչպես:
  • Պահե՛ք ձեր հին, սիրային նամակները, դեն նետեք բանկային չեկերն ու ծանուցագրերը:
  • Պարբերաբար ձգումներ կատարեք:
  • Ձեզ մեղավոր մի զգացեք, եթե չգիտեք ինչպես վարվել անձնական կյանքի հետ:
  • Ինձ ծանոթ մարդկանցից ամենահետաքրքիրները 22 տարեկանում պատկերացում չունեին, թե ինչպես են ուզում ապրել, անգամ կան 40-ն անց ինձ ծանոթ, առավել հետաքրքիր մարդիկ, ովքեր մինչ այժմ էլ դա չգիտեն:
  • Օգտագործեք կալցիում, խնամքով վերաբերվեք ձեր ծնկներին, դուք շատ կզգաք նրանց կարիքը, երբ դրանք շարքից դուրս եկած կլինեն:
  • Գուցե ամուսնանաք, գուցեև ոչ, գուցե երեխաներ ունենաք, գուցե ոչ: Գուցե ամուսնալուծվեք 40 տարեկանում, կամ գուցե պարեք փոքրիկ բադիկների պարը՝ ձեր հարսանիքի 75-ամյա հոբելյանին: Ինչ էլ որ անեք, ձեզ չափից շատ մի գովաբանեք, բայց ոչ էլ հայհոյեք: Ձեր ընտրությունն, ինչպես և բոլորի, կիսով չափ կախված է պատահականությունից:
  • Հիացեք ձեր մարմնով, վայելեք և օգտագործեք այն որքան կարող եք, մի վախեցեք, թե ինչ են մտածում ուրիշներն այդ մասին:
  • Պարեք, եթե անգամ ձեր հյուրասենյակից բացի պարելու այլ տեղ չի լինում:
  • Եվ խնդրում եմ, մի կարդացեք ամսագրեր գեղեցիկ կյանքի մասին, դրանք միայն կստիպեն ինքներդ ձեր հանդեպ զզվանք տածել:
  • Բարեհոգի եղեք ձեր քույրերի և եղբայրների նկատմամբ՝ նրանք ձեր լավագույն կապն են անցյալի հետ, և նրանք են, ովքեր հավանաբար կլինեն ձեր կողքին ապագայում:
  • Հասկացեք, որ ընկերները գալիս են և գնում, իսկ նրանցից արժեքավորներին ամուր պահեք:
  • Բոլոր ջանքերը ներդրեք հաղթահարելու կյանքի և աշխարհագրական տարածություններն ու անջրպետները, որովհետև ինչքան մեծանում եք, այնքան ավելի եք զգում այն մարդկանց կարիքը, ում գիտեիք երիտասարդ տարիքում:
  • Մի քիչ ապրեք Նյու-Յորքում (կամ մեկ այլ մեգապոլիսում), բայց հեռացեք այնտեղից, քանի դեռ այն ձեզ չի կոշտացրել: Ապրեք Բալի կղզում, բայց լքեք այն ավելի շուտ, քան նա կփափկացնի ձեզ: Եվ ընդհանրապես՝ ճամփորդե՛ք:
  • Ընդունեք մի քանի անխուսափելի իրողություն. գները միշտ կաճեն, քաղաքագետները կդավաճանեն իրենց կանանց: Դուք էլ կծերանաք և ծերության մեջ կերևակայեք, որ երբ ջահել էիք՝ գները շատ էժան էին, քաղաքագետները՝ բարեկիրթ, իսկ երեխաներն էլ հարգում էին ծերերին:
  • Ի միջի այլոց, հարգեք ձեր մեծերին, դուք երբեք չգիտեք, թե նրանք երբ են ընդմիշտ հեռանալու:
  • Հույս մի ունեցեք, թե ինչ-որ մեկը միշտ կապահովի, կամ կաջակցի ձեզ: Գուցե դուք ունեք ներդրումային ֆոնդ, հարուստ ամուսին, կամ կին, բայց երբեք չգիտեք, թե նրանցից ով երբ կլքի ձեզ:
  • Շատ փորձարկումներ մի կատարեք ձեր մազերի հետ, թե չէ երբ դառնաք քառասուն տարեկան, դրանք ութսունհինգի պես կնայվեն:
  • Ամենքս էլ ինչ-որ ժամանակ գնալու ենք, բայց կարևոր է ամուր մնալ մինչև վերջ, ունենալով ձգտում, կամ հավատ: Դրանում է ամենամեծ դժվարությունը, որովհետև թվում է թե, գրողը տանի, չկա մի բան, ինչին իսկապես արժե հավատալ:

Ահա այսպիսի խորհուրդներ հարգելի շրջանավարտներ: Բայց եղեք համբերող և զգույշ դրանք ձեզ տվողներից, խորհուրդը լոկանցած հուշերի ձև է, անցյալը աղբակույտից դուրս քաշելու, դրանում եղած տհաճ պահերը թարմ գույներով ներկելով, դրանք ավելի թանկարժեք բանի վերածելու միջոց են միայն: Բայց այն, որ արևապաշտպան քսուքներն իրոք փրկում են ձեր մաշկը այրոցքներից՝ ապացուցել են գիտնականները, այնպես որ անվախ քսվե՛ք»:


Նոյեմբերի 11-ին լրանում է նշանավոր գրողի 95-ամյակը։ Կուրտ Վոնեգուտը ծնվել է 1922 թվականին, Ինդիանապոլիսում (ԱՄՆ)։ 

Մասնագիտությամբ դրամատուրգ է, գրող, սցենարիստ, վիպասան, ակնարկագիր, գիտաֆանստաստիկ գրող, լրագրող և Հակապատերազմային ակտիվիստ։

Կրթությունը ստացել է Չիկագոյի , Կորնելի, Քարնեգի Մելոն և Թենեսիի համալսարաններում։

Ուշագրավ աշխատանքներն են՝ «Օրորոց կատվի համար», «Թիվ 5 սպանդանոցը» և Breakfast of Champions

Ամուսնացած էր Ջիլ Կրեմենցի հետ, ուներ երկու զավակ՝ Մարկն ու Էդիթը։

Վախճանվել է 84 տարեկանում՝ 2007 թվականի ապրիլի 11-ին։ 

Կուրտ Վոնեգուտի պաշտոնական կայքն է՝ https://www.vonnegut.com/։


Կուրթ Վոնեգուտ. «Պատրաստվում եմ դատի տալ «Pall Mall»-ին՝ ես 83 տարեկան եմ, 12-ից ծխում եմ, իսկ էդ ստահոդ սրիկաներն ինչքան ժամանակ է խոստանում են սպանել ինձ՝ տուփի վրա հենց այդպես էլ գրված է: Բայց ես ողջ եմ»։ 

  • Երբեք մի խաղա ժամանակի հետ: Հիման թող լինի հիմա, իսկ հետոն`հետո: Ու եթե երբևէ կխարխափես ծխածածկույթի մեջ, նստիր զգաստ ու սպասիր, մինչև որ ծուխը ցրվի: Նստիր զգաստ ու սպասիր, քանի դեռ չես տեսել`որտեղ էիր դու, որտեղ ես հիմա և երբ ես պատրաստվում առաջ շարժվել: 
  • Բոլոր հիմարները մի դժբախտություն ունեն. իրենց հիմարության ծայրով անգամ չեն ենթադրում, որ աշխարհում կա այնպիսի մի բան, ինչպիսին է առողջ բանականությունը: Ու թեև մարդիկ հիմար են ու դաժան, տեսեք, թե այսօր ինչ հրաշալի օր է…
  • Մարդկային կյանքի իմաստը (ինչն էլ որ ղեկավարի մարդկանց) միայն այն է, որպեսզի սիրես նրանց, ովքեր քո կողքին են, ովքեր քո սիրո կարիքն ունեն: Աշխարհում այնքան սեր կա, որ կբավականացնի բոլորին: Պետք է պարզապես փնտրել կարողանալ: Չի կարելի մի ոտքով կանգնել իրականության, իսկ մյուսով երազանքների վրա, այլապես ճակատագրի համար չափազանց մեծ կլինի գայթակղությունը` ձեզ երկու կես անել, մինչ դուք կորոշեք, թե որ ուղին եք ընտրելու:

Հրապարակումը պատրաստեց՝ Ա. Գևորգյանը