Հիմարներն ու ճանապարհները


Ռուսաստանը երկու դժբախտություն ունի՝ հիմարներն ու ճանապարհները։ Հայտնի այս ասվածքը ամբողջությամբ տարածվում է նաև Հայաստանի այսօրվա իրականության վրա։ 

Համաձայնեք՝ ճանապարհները, այն էլ պետական նշանակության, երկրի դեմքն են։  Մինչդեռ կարկատաններով պատված, համատարած տարբեր չափերի ու խորությամբ փոսերով հարուստ մեր ավտոճանապարհները, որոնցով ոչ թե երթևեկելն այլ քայլելն է դժվար, հայաստանյան իրականության անբաժան մասն են։ 

21-րդ դար․ Երևանին անմիջապես հարող Բագրևանդ-Ձորաղբյուր ավտոճանապարհը սահուն տանում է հեռավոր անցյալ։ Խորհրդային տարիներին ասֆալտապատված այս մայրուղին՝ որով  խոշոր համայնքը միանում է մայրքաղաքին, բացի անհարմարության ու լիաթոք հայհոյելու զգացումից ուրիշ ոչինչ չի առաջացնում։ Կոտայքի մարզի այլ ավտոճանապարհների հետ համեմատած՝ այն աչք ծակող ամխիթար վիճակում է։

Բագրևանդից Ձորաղբյուր, սահմանված արագությմաբ երթևեկելու դեպքում, կարելի է հասնել 10-15 րոպեում։ Իհարկե, եթե նորմալ ճանապարհ լինի։ Իսկ այն պարզապես չկա՛։ Հարգելի՛ պատկան մարմիններ, այս ճանապարհը նաև ձեր դեմքն է՝ խորխորատներով հարուստ, ծուռումռտիկ, տեղերով անանցանելի․․․

Ի դեպ՝ դեռևս 2020թ․-ի հունվարին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել էր վերանորոգման ենթակա 502կմ ավտոճանապարհների մի մասի քարտեզագրված պատկերը։ Քարտեզում կրկին բացակայում էր Բագրևանդ-Ձորաղբյուր ճանապարհահատվածը։ Քաղաքացիներից մեկը դիմել էր նախարարին՝ ահազանգելով․ 

«Հարգելի պարոն Պապիկյան, Ձեր կողմից ներկայացրած քարտեզում բացակայում է Երևանի սահմանակից Ջրվեժ համայնքում գտնվող Բագրևանդ-Ձորաղբյուր տանող սարսափելի վատ վիճակում գտնվող ճանապարհի վերանորոգման նշումը։ Կարծում եմ խոշորացման արդյունքում տուժել են այդ ճանապարհով անցնող և այնտեղ ապրող քաղաքացիները։ Ինչքա՞ն կարելի է անմխիթար ճանապարհները փոսալցման աշխատանքներով սփոփել, կորցնելով այդ միջոցները փոսալցում կատարելով, քանզի անմիջապես 1 ամսում արդեն նույն՝ էլ ավելի վատ պատկերն է ստացվում։ Խնդրում եմ նշեք պլանում ի՞նչ եք անելու այդ տարածքում։
Սուրեն Պապիկյան Արձագանքե՜ք․․․
»։

Սուրեն Պապիկյանը այդպես էլ չարձագանքեց։ Հիմա նա պաշտպանության նախարար է ու հաստատ աշխատանքի բերումով կամ Ձորաղբյուրում խորոված անելու նպատակով երթևեկում է Բագրևանդ-Ձորաղբյուր ավտոճանապարհով։ Համենայն դեպս փորձում է երթևեկել։

Այս ճանապարհատվածը պետք է վերանորոգվի։ Փռե՛ք վերջապես ասֆալտը, գոնե դա դուք ոնց որ կարողանում էիք․․․