Ասֆալտ փռելուց մինչև պաշտպանության նախարար մեկ քայլ է


Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված բանակային 2-րդ կորպուսում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ողբերգությունից ժամեր անց առանց ծառայողական քննության, առանց նախաքննության Փաշինյանը հանրությանը տեղեկացրեց, որ մի շարք զինվորական պաշտոնյաների ազատել են աշխատանքից, չնայած տրամաբանությունն ու օրինականությունը ժամանակ էին պահանջում նրանց մեղավորությունն ապացուցելու համար։ Ապշելու բան է։ Երկրի ղեկավարն առանց ապացուցողական նշանակության փաստերի, ո՞նց է նման հայտարարություններ անում։ Ողբերգության մասին ժամեր անց միայն ականատեսը կարող էր ինչ-որ բան ասել։ 

Արդեն հինգ տարի է պաշտոնավարում է Փաշինյանը, բայց շատ հաճախ իրականացնում է լրագրողի գործառույթներ։ Մի թեթև մեզ նեղություն տանք և վերհիշենք նախապատերազմյան երկու տարիների Փաշինյանի լայվերն ու 100 փաստերը։ Լուրջ դեմքով նստում ու հանրությանն էր ներկայացնում, թե քանի կիլոգրամ բանջարաբոստանային կուլտուրաներ են արտահանել, քանի տոննա մետաղի ջարդոն են հավաքել ու այդպես շարունակ զբաղեցնում էր սեփական ընտրազանգվածին, մոռանալով, որ ինքը երկրի ղեկավար է։ 

Ընդդիմադիր Փաշինյանն ասում էր՝ «բանակի ամեն զոհի հետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու, և պետք է գտնել նրանց»։ Իսկ որ մի գիշերում 15 զինվոր, 15 երիտասարդ կյանքից զրկվում են, մեղավոր են միայն անմիջական ղեկավարները, որ հակահրդեհային կանոնները չեն պահպանել, դրա համար էլ անմիջապես ազատել են աշխատանքից։ 

Ինչպես տեսնում ենք, ժամեր անց էդ սոսկալի ողբերգության մեղավորներին և պատասխանատուներին Փաշինյանը «գտել» է։ Իսկ շինության լուսանկարներն ապացուցում են, որ էդ պայմաներում ոչ միայն հակահրդեհային կանոնները, այլև հիգիենայի կանոններն էլ անհանար էր պահպանել, զինվորներն ապրել են անմարդկային պայմաններում ու ջեռուցման համար «կպչան» է հանդիսացել բենզինը, ինչը նշանակում է, որ իրենց ղեկավարման 5 տարիներին բանակում բարեփոխում չի եղել, բայց դրա համար ոչ ոք պատասխան չի տալու՞։ 

Զարմանալի բան է, էդ ո՞նց է եղել, որ հրամանատարը չի իմացել բենզինի հետ վարվելու կանոնները, դա թողնում ենք պատկան մարմիններին։ Նույնիսկ պատերազմի պարտությունից հետո բանակում բարեփոխում չի անում, բանակը չի սպառազինում պատճառաբանելով, թե օտարները զենք չեն տալիս, զինվորներն ապրում են անմարդկային պայմաներում, ինչը նշանակում է երկրի դարպասները բաց թողնել թշնամու առջև, բայց սուբվենցիոն տարբեր ծրագրեր են իրականացնում և հենց ողբերգության հաջորդ օրը Փաշինյանը մարզերից մեկում զբոսայգու բարեկարգումից էր խոսում։ 

Գիտե՞ք դա ինչի է նման, բնակարանը դուռ ու լուսամուտ չունենա, բայց բնակարանի տերը գնա ու թանկարժեք կահույք գնի։ Պատերազմող երկիր ենք՝ ամեն ինչ պետք է ուղղված լինի բանակին։ Փաշինյանը զբաղված է իր և իր թիմի բարեկեցությունն ու անվտանգությունն ապահովելով։ Բանակը ապահովում է արտաքին անտանգությունն ու գտնվում է չարքաշ պայմաներում, սակայն բարեփոխում չի լինում։ Ոստիկանությունն իրականացնում է Փաշինյանի և իր թիմի անվտանգությունը և հայտարարում, թե ոստիկանության բարեփոխումները (բարեփոխում ասելով երևի հասկանում է ոստիկաններին տրամադրված թանկարժեք մեքենաները) քաղաքացու համար են... Թե ոստիկաներն ինչքան են բարեփոխվել, պարզ երևում էր Ֆիրդուսի փողոցում, թե քաղաքացիներին ոնց էին քաշքշում։ 

Սոցցանցերում պահանջում են ՊՆ հրաժարականը, իսկ առավել ռացիոնալ մտածողները՝ Փաշինյանի, իհարկե Պապիկյանի հրաժարականով բան չի փոխվելու, մի քանի անգամ էլ ԳՇ պետ է փոխել, բայց բանակը մնացել է նույն թշվառության մեջ։ 

Մենք էլ ենք այն կարծիքին, որ քանի ինչ-որ բան փոխելու հույս կա, Փաշինյանը պիտի հեռանա։ Ինչպես երևում է Փաշինյանը հեռանալու մտադրություն չունի, ոչ էլ Պապիկյանը։ Պարկեշտության պահանջ է, երբ մարդ տեսնում է, որ ինչ-որ աշխատանք չի կարող կատարել, պիտի հրաժարական տա և կատարի այն աշխատանքը, որը կարող է։ Սուրեն Պապիկյանը հրաշալի ասֆալտ էր փռում, մնար ու շարունակեր ասֆալտ փռելը, բանակն էլ ղեկավարեր պրոֆեսիոնալ զինվորականներից մեկը։ 

Ջավահիր Այվազյան