Այս թունելի վերջում լույս չի երևում


Կառավարության նիստում խոսելով ճանապարհաշինարարական ծրագրերից Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Մենք պայմանավորվել ենք, որ Ստեփանավանի թունելը, Ծովագյուղի թունելը, Սպիտակի թունելը պետք է բերենք ամենաժամանակակից տեսքի»։ Ծովագյուղի թունելի մասին էլ ասել է, որ վերջերս իրենք մի քիչ լուսավորել են, բայց ընդհանուր տեսքը միջնադարյան է։

Իհարկե, ողջունելի է, որ վարչապետն ուզում է, որ 21-րդ դարում թունելները լուսավոր և ժամանակակից տեսք ունենան, ինչն առաջին հերթին ապահովում է մարդկանց անվտանգությունը։ Բայց վարչապետը չի մտածում, որ իր ղեկավարման գրեթե հինգ տարիների ընթացքում մեր երկիրը վերածվել է այնպիսի մի թունելի, որի նույնիսկ վերջում լույս չի երևում, մարդիկ իրենց անվտանգ չեն զգում։ Արտաքին ձախողած քաղաքականությունն այլ խոսակցության թեմա է։ Մարդիկ երկրի ներսում անվտանգ չեն զգում։ 

Պարոն վարչապետ, ասում էիք ոստիկանության բարեփոխումները քաղաքացու համար են, աշխատավարձ էիք բարձրացնում, թանկարժեք մեքենաներ էիք տրամադրում, էդ անաստվածներն ամենևին էլ չեն բարեփոխվել. մամուլի տեղեկությունների համաձայն ոստիկանական բաժանմունքում նույնիսկ անչափահաս երեխայի են ծեծում, փաստաբանի են ծեծում, որ մարդիկ իրենց մասնագիտական պարտքն էին կատարում։ 

Արդար լինենք ու արձանագրենք, որ էն մերժվածների ոստիկանները, որ ճիշտ է ապօրինություններ անում էին, բայց երեխայի ու փաստաբանի չէին ծեծում, սա աննախադեպ է։ 

Խոստումներով եկաք ու ոչ մի խոստում չկատարեցիք, երկրում օրինականություն չհաստատեցիք, հպարտ քաղաքացիները մինչև բողոքի ակցիաներ չեն անում, ճանապարհներ չեն փակում, իրենց խնդիրների լուծումը չեն ստանում (շատ դեպքերում նույնիսկ բողոքի ակցիաներով խնդիրները լուծում չեն ստանում)։ 

Պարոն վարչապետ, որ մեր երկիրը մեծ ու անլույս թունել է դարձել, Ձեր ղեկավարման տարիներն ապացուցում են, որ լուսավորելը Ձեր ուժերից վեր է։ Հեռացեք էլի։ Շատ ենք խնդրում։ 

Ջավահիր Այվազյան