Անընդունելի է, սեփական արտաքին քաղաքականության ձախողումը բացատրել «փլուզվող աշխարհով»


Իր երկարաշունչ ասուլիսում Փաշինյանն ասել է․- «․․․հեղափոխությունը չի հասել իր տրամաբանական ավարտին, հեղափոխությունը շարունակվում է», խոսում է «նոր էսկալացիայի մեծ վտանգի» մասին, խոսում է «փլուզվող աշխարհի» մասին, խոսում է, որ բանակում եղել է 5-րդ շարասյուն։ 

Հեղափոխությունից անցել է երկար ու ձիգ հինգ տարի, բայց պարոն Փաշինյանի համար հեղափոխությունը չի հասել իր տրամաբանական ավարտին և հեղափոխությունը դեռ պիտի շարունակվի։ Վայ մեզ։ էս մղձավանջը դեռ պիտի շարունակվի, իսկ տրամաբանական ավարտի մասին չենք էլ ուզում մտածել, թե ինչ կլինի մեր երկրի հետ, երբ «նոր էսկալացիայի մեծ վտանգի» մասին է խոսում, «փլուզվող աշխարհի» մասին է խոսում։ Աստված մի արասցե էս հեղափոխությունը շարունակություն ունենա, գոնե էս պատերազը լիներ տրամաբանական ավարտը։ 

Էս մարդը չի մտածում, որ կայսրություն է փլուզվել, մենք արժանապատիվ ենք դուրս եկել ու փլատակների տակ չենք մնացել, որովհետև ունեցել ենք պետական շահով առաջնորդվող ղեկավար։ Իսկ հիմա սեփական արտաքին քաղաքականության ձախողումը բացատրել «փլուզվող աշխարհով» անընդունելի է։ Ի՞նչ է, նստել ենք սպասում ենք, թե աշխարհը փլուզվում է, բա փլատակների տակից մեզ ո՞վ է հանելու։ Սեփական անգործությունը կամ անկարողությունը հնարավոր չէ քողարկել։ 

Մարդն իշխանության գա հեղափոխական ճանապարհով, ոչ մի խոստում չկատարի ու շարունակի խոսել, անկեղծ ասած՝ էդ մարդու մասին դրական արտահայտվելն արդեն պարկեշտություն չի լինի։ 

«Հեղափոխություն» ասելով եկավ իշխանության և ոչինչ չարեց, դրական փոփոխություն ոչ մի բնագավառում չեղավ, միայն ձախողումներ, միայն յուրայինները դղյակներ ունեցան ու հարստացան։ 

Հիշու՞մ եք, հեղափոխությունից մեկ տարի անց հայտարարում էր, թե պետական ապարատը դիմադրում է հեղափոխությանը։ Ունենալով բոլոր լծակները դարձյալ ոչինչ չարեց դիմադրությունը չեզոքացնելու համար։ Որոշ ժամանակ անց հայտարարում էր, թե իրավական համակարգում կան դավաճաններ, դարձյալ առանց անուններ տալու, դարձյալ ոչինչ չարեց էդ դավաճաններին հայտնաբերելու համար։ Բա երկրի ղեկավարը կամ էլ ընդհանրապե մարդը ո՞նց կարող է առանց փաստերի, առանց ապացույցների հայտարարություններ անել։ Կարող ենք ենթադրել, որ այս հայտարարություներնն էլ արվում էր միայն նրա համար, որ պողոսներին համոզեր, թե ինքը շատ է ուզում լավ բան անել, բայց խանգարում են։ Բայց դե մեր երկրում պողոսներն այդքան էլ մեծամասնություն չունեն։ 

Այսպես մարդկանց զբաղեցրեց և հասցրեց 2020թ․ կործանարար պատերազմի։ Իսկ հիմա էլ դարձյալ առանց փաստերի ու ապացույցների հայտարարում է, թե բանակում կա 5-րդ շարասյուն, ինչը շատ վտանգավոր է, որ բանակն է վարկաբեկվում և կարող է ազդել բանակի մարտունականության վրա։ Սույնով էլ դարձյալ ուզում է պատերազմի պարտության պատճառը դնել ենթադրյալ 5-րդ շարասյան վրա, դարձյալ ենթադրյալ, որովհետև դարձյալ առանց փաստերի ու ապացույցների, թե էդ 5-րդ շարասյան ղեկավարն ով է։ 

Ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ ինքը պիտի հեռանա, քանի դեռ մի փոքր հույս կա պետականությունը փրկելու։

Ջավահիր Այվազյան