Նույնիսկ պողոսները չեն ների


«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հեռախոսազրույցի ընթացքում կարևորել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը։ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, և ՌԴ-ն պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը(31․01․23թ․)։

 «Արմենպրես»-ը նաև տեղեկացնում է, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին և ասել․ «ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել՝ միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների»։ ԵԽ պատգամավորի հարցման մեջ տեղ է գտել նաև Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման վերաբերյալ հարցը: Ժոզեպ Բորելը պատասխանել է․ «Պատժամիջոցները ԵՄ-ի ընդամենը մեկ գործիք են Արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության նպատակներն առաջ մղելու համար, և այս դեպքում դրանք չեն դիտարկվում: Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ-ի ջանքերը կենտրոնացած են երկխոսության միջոցով լուծումների հասնելու վրա, ինչին երկու երկրների ղեկավարներն էլ հայտնել են իրենց հանձնառությունը» (31․01․23․թ․)։

Ինչպես տեսնում ենք ԵՄ-ն հանրամատչելի ասում է, որ իրենք միայն կոչ են արել և կոչ են անում երկխոսության ու պատժամիջոցներ չեն կիրառելու։ Արևմուտքը նույնպես միայն կոչ է անում։ Կոչերի հեղինակները շատ լավ գիտեն, որ իրենց կոչերով « Լաչինի միջանցք» չի բացվելու։ Այս ամենն այնքան պարզ է, որ կարծում ենք պողոսների համար էլ հասկանալի կլինի, բայց դե մեր իշխանությունների համար ինչու՞ պարզ չէ, այ, դա արդեն անհասկանալի է։ Իսկ եթե պատժամիջոցներ չեն կիրառելու, Ալիևի համար էդ կոչերը արժեք չունեն՝ «Լաչինի միջանցքը» կմնա փակ։

Ինչպես Փաշինյանն ասաց կառավարության նիստում, որ մի քանի օրով կբացեն միջանցքը՝ ակնկալիքով , որ հետո կփակեն մինչև որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները: Կրկին փակել միջանցքը և հետո մի քանի օրով բացել և այսպես այնքան ժամանակ, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը։ Որոշ վերլուծաբանների կարծիքով սույն ծրագիրն իրականացնել են ուզում միայն այն պատճառով, որ ՌԴ-ին դուրս մղեն տարածաշրջանից, ինչը շատ վտանգավոր կլինի մեզ համար ու Փաշինյանն էլ կողմնակից է։ Չլինի այնպես, որ մերոնք բանակցությունների չգնան, ինչպես արեցին նախորդ անգամ, մեր ԱԳՆ պիտի գնա բանակցությունների, ինչքան էլ ցավոտ լինի՝ պիտի լուծվի Արցախի շրջափակման հարցը, միևնույն է, եթե բանակցություններով չլինի, լինելու ուժով, ինչպես եղավ 44-օրյա պատերազմում։ Այդ ժամանակ արդեն Հայաստանի լինել-չլինելու հարցը դրված կլինի։

Ողջ ինֆորմացիային տիրապետում է Փաշինյանը և դարձյալ հույսը դնում է ԵՄ դիտորդների վրա և իրեն հեռու է պահում Արցախի խնդրի լուծումից, ինչը մեծ ռիսկեր է պարունակում։ Արցախի հայաթափումից հետո մեր երկրում խաղաղություն չի լինելու, Ալիևը և Էրդողանը այլ ծրագրեր կունենան։ Իր ասած խաղաղությունը չի լինելու։ Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը հեռանա, Արցախում հայ չի մնա, մեր սահմաներին կանգնած են ՌԴ զինվորները։

Վտանգավոր հայտարարություն էր Փաշինյանի կողմից, որ ռուսական ռազմաբազան սպառնալիք է ՀՀ-ի համար։ Փաշինյանը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններից, ռազմատեխնիկական օժանդակությունից, բայց կողմ է ԵՄ դիտորդներին, որ դիտորդական առաքելություն են իրականացնելու ՀՀ սահմաններին։ Հասկանալի է, որ ԵՄ դիտորդների ներկայությունը կարող է զսպել Ալիևի ախորժակը, որ մեր սահմանները չանցնի, բա Արցախը՞։ «Լաչինի միջանցքը» կմնա փակ և կիրականացվի Ալիևի ծրագիրը՝ Արցախի հայաթափումը։ Արցախի հայաթափումից հետո նրանք կանցնեն Զանգեզուրին։ Իր ասած խաղաղությունը չի լինելու։

Որոշ ժամանակ պողոսներին կերակրում էր նախկինների թալանը «բացահայտելով», իսկ հիմա իբր խաղաղություն է ուզում, բայց ո՞նց։ Արցախ հայաթափելով խաղաղություն չի լինելու։ Իսկ Հայաստան կլինի՞, եթե Հայաստանը չլինի, նույնիսկ պողոսները չեն ներելու Փաշինյանին։ Լրջանալու պահն է։

Ջավահիր Այվազյան