Արցախի կորուստը Փաշինյանի իշխանության մնալու մատաղն էր


Մինչև փլուզումը Ղարաբաղը ԽՍՀՄ ներքին հարց էր։ Որովհետև Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը ԽՍՀՄ կազմում էին։ Ուստի «Միացում» կարգախոսով 88-ի շարժման՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջն ուղղված էր ԽՍՀՄ ղեկավարությանը։ Ավելի կոնկրետ՝ Կոմունիստական կուսակցությանը, որովհետև կոմունիստներին էին ղեկավարում ԽՍՀՄ-ը։ Հակիրճ՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու հարցը լուծողը Գորբաչովն էր։ Գորբաչովը չլուծեց Ղարաբաղի հարցը։ «Շարմը» մի երգ էր թողարկել, որում «թաղեմ Գորբաչովին» տող կար։ Հենրիկ Իգիթյանն էլ դրա համար կոմունիստների նստաշրջանում «քֆուր» տվեց Գորբաչովին։

Արևմուտք-ԽՍՀՄ պայմանավորվածությամբ որոշվել էր փլուզումից հետո ճանաչել միայն սոցճամբարի արևելաեվրոպական և ԽՍՀՄ 15 հանրապետությունների անկախությունը։ ԽՍՀՄ կազմում գտնվող ինքնավար հանրապետությունների կամ մարզերի անկախությունը ճանաչելու պայմանավորվածություն չեղավ, քանի որ հիմնավորել էին, որ փլուզումից հետո կառաջանար մոտ 70 պետություն։ Ընդունելի համարվեց ճանաչել 15 հանրապետությունների անկախությունը։ Ղարաբաղն այդպե՜ս ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, քանի որ ԽՍՀՄ օրոք հենց այդպես էր։

88-ի շարժման «Միացում» կարգախոսի հասցեատերը փլուզվեց-գնաց և հետխորհրդային երկրները միացան Միջազգային հանրությանը՝ դառնալով ՄԱԿ-ի անդամ երկրներ և ճանաչվեցին ՄԱԿ-ի անդամ մյուս 200 երկրների կողմից։ Այսինքն Ղարաբաղի հարցը ԽՍՀՄ իրավասության տիրույթից մեխանիկորեն տեղափոխվեց ՄԱԿ-ի տիրույթ։ Ղարաբաղի հարցը փակուղուց հանելու միակ հնարավորությունը խոսելն էր արդեն ոչ թե ԽՍՀՄ օրենքների լեզվով, այլ ՄԱԿ-ի։

Իսկ ՄԱԿ-ի լեզվով Ղարաբաղի տարածքը Ադրբեջանի ճանաչված տարածքից պոկել և Հայաստանին միացնելը, եթե Ադրբեջանի հետ չկա նման համաձայնություն, կնշանակեր կամավոր կերպով ենթարկվել նույնպիսի պատժամիջոցների, որոնք հիմա կիրառվում են Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայից տարածք «պոկելու» համար։ Միայն պատկերացնելն արդեն սարսափելի էր, թե դրանից հետո ինչ կմնար Հայաստանից։

Եվ ՄԱԿ-ը 4 բանաձև ընդունեց, որոնցով պահանջում էր հայկական ուժերին դուրս գալ «գրավյալ» տարածքներից, իսկ բուն Ղարաբաղի տարածքը՝ Լաչինի միջանցքի և Քելբաջառի հետ մնում էր ապագային՝ լուծելու խաղաղ բանակցություններով։ Հայաստանին հաջողվեց Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգայնացնել՝ հիմնավորելով, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի էթնիկ բնակչությունը բնաջնջման ուղիղ սպառնալիքի տակ է լինելու։ Նույն հիմնավորումը բերեց նաև Պուտինը «Վալդայ» ակումբում՝ 44-օրյա պատերազմից հետո բացատրվելով Ղարաբաղյան հիմնախնդրի էությունը։ Իսկ այ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում Ալիևի հետ հանդիպմանն ընկավ, ինչպես ասում են՝ «պեչենու բաղերը»՝ խոսելով էլ Տիգրան Մեծից, էլ եսիմ ինչից, բայց ոչ հիմնական պատճառից։

Արցախի բնակչության 30-ամյա անվտանգությունն ու անկախ (թեկուզ չճանաչված) երկրի կարգավիճակն ապահովվել է ՄԱԿ-ի համար հասկանալի լեզով խոսելու շնորհիվ։ Սկսած 1998 թվականից մինչև 44-օրյա պատերազմի ավարտը Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարությունները չեն խոսել ՄԱԿ-ին հասկանալի լեզվով։ Այդ «լեզվին» հասկանալի չնեն «պատմական արդարություն», «մեկ ազգ՝ մեկ երկիր», «պապերի գերեզմաններ» «հավես» ձևակերպումները։

Սակայն պետք է հասկանալ, որ Արցախի 30 տարվա փաստացի անկախությունը «ՄԱԿ-ի լեզվով» Ադրբեջանի ինքնիշխանության սահմանափակման հաշվին է եղել։ Ադրբեջանի ինքնիշխանության սահմանափակումներ պարունակում էր նաև նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, քանի դեռ և Արցախը, և Լաչինի միջանցքը միջազգային կարգավիճակ ունեին, ինչից հրաժարվեց Նիկոլ Փաշինյանը Պրահայում՝ առանց վերապահումների և առանց Արցախի բնակչության անվտանգության երաշխիքների ստորագրելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստաթուղթը։

Ինչո՞ւ Փաշինյանը դա արեց։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով Փաշինյանը պարտավորվել էր միջանցք տրամադրել Արդբեջանին՝ «ՖՍԲ»-ի վերահսկողությամբ։ Այո, այդ կետը կատարելով, միգուցե ինչ որ չափով Հայաստանն ունենում էր ինքնիշխանության սահմանափակում։ Բայց, խոստովանենք, որ այդ սահմանափակումններն ավելի նվազ էին՝  Ադրբեջանի ինքնիշխանության սահմանափակումների հետ համեմատ՝ Արցախի հայկականությունն ու Լաչինի միջանցքը պահպանելու պարագայում։

Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց կատարել իր իսկ ստորագրածը, ամբողջապես հրաժարվեց Արցախից ոչ թե հանուն Հայաստանի ինքնիշխանության չսահմանափակման, այլ վախենալով իշխանություն կորցնելուց։ Որովհետև ի՞նչ է նշանակում մեծ վայնասուն բարձրացնել միջանցքի տրամադրման ռուսական ՖՍԲ-ի վերահսկողության դեմ, երբ ռուսական ՖՍԲ-ն վաղուց վերահսկում է մասնավորապես  Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը։ Եթե ՖՍԲ-ի դեմ վայնասուն չի բարձրացվում սահմանների վերահսկողության համար, մանավանդ նժարի մյուս կողմում ողջ Արցախն էր ու արցախահայությունը, ուրեմն դա, որպես միջանցքի տրամադրման դեմ հիմնավորում՝ կեղծ է։ Ուրեմն Փաշինյանի դրդապատճառներն այլ տեղում են։ Եվ այդ այլ տեղի անունն «իշխանություն պահպանելն» է։

Գրիգոր Կարապետյան