Շատ մի նեղվեք տրանսպորտի թանկացումից


Շատ մի նեղվեք տրանսպորտի թանկացումից։ Փաշինյանն է՝ էսօր մի բան կասի, մյուս օրը՝ մի ուրիշ բան։ Մինչև սեպտեմբեր շատ ժամանակ կա։ Շատ ջրեր դեռ կարող են հոսել։ Եթե տեսնի ընդվզում կա, եթե ընդվզումից իշխանություն կորցնելու հոտ առնի, անմիջապես «պուպուշ Փաշինյան - քըխ Ավինյան» խաղը կխաղա։ Ինչպես «պուպուշ» Տիգրան Մեծ-Փաշինյան ու «քըխ» գեներալներ խաղը խաղաց։ Ինչպես «պուպուշ Փաշինյան» ու «քըխ» բանակ խաղաց։ Ինչպես «պուպուշ Փաշինյան-ու քըխ Ռուսաստան, «քըխ» ՀԱՊԿ, «քըխ» անկախություն, «քըխ» Շուշի, «քըխ» Արցախ, «քըխ» ղարաբաղցիներ խաղերն է շարունակում խաղալ։ Ճիշտ է Պողոսը չէ, բայց Նազարն է՝ «աշխարհն էլ խալի է ոտքի տակ»։

Նույնն էլ կանի Ալեն Սիմոնյանի հետ, եթե Մոսկվայից իր իշխանությանը սպառնալիք զգա։ Կասի՝ էդ հակառուսը Ալենն էր Սիմոնյան։ Արմեն Գրիգորյանին էլ չի խնայի։ Արամ Զավենիչին էլ փուռը կտա։ Եվ ընդհանրապես, Փաշինյանը բոլորին փուռը կտա, ինչպես մեր բանակն ու Արցախը փուռը տվեց։ Ոչ մեկին չի խնայի, ոչ մի թիմակցի։ Որովհետև ընկերներ չունի։ Չի խնայի, ինչպես 5 հազար մատղաշ երեխեքին չխնայեց՝ տարավ կրակի բերան։ Գիտակցված։ Առանց վարանելու։ Նույնիսկ հոխորտալով։

Ստացվել է այնպես, որ ժողովուրդը մասամբ է մերժել «քըխ» Սերժին, իսկ «քըխ» Քոչարյանին ընդհանրապես չի մերժել։ Մերժվածը Երևանում թաղամաս չէր կարողանա կառուցել։ Հենց հիմա, հենց այս պահին չէր կարող թաղամաս կառուցել։ Այնպես որ, Քոչարյանը մասամբ է «քըխ»։ Մարտի 1-ի գործով էլ Քոչարյանն այլևս «քըխ» չէ։ 2021-ին ինքն իր թեկնածությունը հանած լիներ՝ Փաշինյանը չէր վերընտրվի։ Հոկտեմբերի 27-ից էլ չխոսենք։ Ոչմիթիզականությունից էլ չենք խոսի։ «Ոչմիթիզականությունը» գրեթե «պուպուշ» բան է։ Ճիշտ ու ճիշտ Փաշինյանի նման։ Երբևէ լսե՞լ եք, որ «ոչմիթիզականություն» քննադատի։ Չեք էլ լսի։ Որովհետև ինքը «սուպերոչմիթիզական» էր խաղում։ Որևէ մեկը ներողություն խնդրե՞լ է ժողովրդին «ոչմիթիզականությամբ» բթացնելու համար։

Ներողություն խնդրել է Փաշինյանը։ Բայց ոչ իր «սուպերոչմիթիզականության» համար։ Ներողություն խնդրել է «պուպուշ» Վազգեն Մանուկյանից։ Վազգեն Մանուկյանը «նախկին» չէ։ Մի քիչ ներկա էր Նիկոլի օրոք, բայց «նախկինախոց» ուներ։

Այ, այսպես խաղում է Նիկոլ Փաշինյանը։ Խաղում է պետության հետ, խաղում է մեր ու ձեր ճակատագրերի հետ, մեր ու ձեր երեխաների ճակատագրերի հետ։

Այնպես որ, շատ մի նեղվեք տրանսպորտի թանկացումից։ Ավելի հավանական է, որ սեպտեմբերին այն չեղարկվի «պուպուշ» Նիկոլի կողմից։

Գրիգոր Կարապետյան