Հանձնե՞լ չորս գյուղերը, թե՞ չհանձնել՝ սա է խնդիրը


Տավուշի մարզի 4 գյուղերի վերադարձման ալիևյան պահանջի Փաշինյանի լուռ ու մունջ կատարումն այսօր քննարկվող թիվ մեկ թեման է։

Ի՞նչ է կատարվել։ Ալիևը, հանկարծ մոռանալով «զանգեզուրյան միջանցքի» մասին, պահանջեց Տավուշի մարզի 4 գյուղերը, որոնք արցախյան առաջին պատերազմի ժամանակ վերցվել և առայսօր գտնվում են հայկական վերահսկողության տակ։ Փաշինյանն անմիջապես ասուլիս կազմակերպեց, Հայաստանի քարտեզ-մակետը իր «բարի» «չագուճի» պես գլխավերևում ճոճելով շտապեց հաղորդել, որ այդ 4 գյուղերը մերը չեն։ Այսինքն, Փաշինյանը տեղեկացրեց, որ գյուղերը կտա։ Այսինքն, Ալիևի պահանջը կկատարի։

Հետո սկսվեց կինոն։ Հայաստանում քաղաքական կինոներն իրականում մեկ ռեժիսոր ունեն, բայց խաղարկվում են երկու ռեժիսորի իմիտացիայով, մեկը՝ իշխանական, մյուսը՝ հակաիշխանական։ Միտումնավոր ենք «ընդդիմություն» փոխարեն «հակաիշխանական» բառն օգտագործում, որովհետև հասարակությանը ներկայացվող հակասությունը բացառապես իշխանությանն է վերաբերվում, ոչ թե պատությանն ու երկրի անվտանգությանը։ Այլապես երկուստեք իրենց գործիչներով, քաղտեխնոլոգներով, լրատվամիջոցներով չէին «զառանցի» բառիս բուն իմաստով՝ մի կողմն ասում է՝ պիտի տանք, մերը չեն, մյուս կողմն ասում է՝ ո՞նց թե պիտի տաք։ Դե խեղճ ժողովուրդ, արի ու գլուխ հանիր սրանց սարքած կինոյից։

Ով «զզվում» է նախկիններից, ակամա նիկոլական կողմն է բռնում, բայց ներքուստ չի ցանկանում, որ Նիկոլը տա, բայց զզվանքն այնքան մեծ է, որ բռնվում է «խեղճ նիկոլն ի՞նչ անի» օրեցօր թուլացող փաստարկից։ Քիչ հետո կասենք ինչ պետք է անի «խեղճ» Նիկոլը։

Մյուս կողմը շարունակում է իր հանրահայտ «նեյնիմը», թե բա՝ «Նիկոլը դավաճան ա, Ալիևի կամակատարն ա, թուրք ա» և այլն։ Ըստ էության, երկու կողմն էլ ոչինչ չեն ասում։

Երկու կողմն էլ և՛ սխալ են, և՛ ճիշտ։ Ավելի քիչ ճիշտ են, ավելի շատ սխալ են։ Իրականում ոչ թե սխալ են, այլ իշխանատենչ, «մուտիլովչիկ», սուտասան, խաբեբա։

Հիմա բացատրենք։ Նախ, երկու կողմն էլ պետք է և հասկանան, և բացատրեն 2 բան.

  1. ինչու են այդ 4 գյուղերը 90-ականների առաջին պատերազմի ժամանակ վերցվել հայկական վերահսկողության տակ,
  2. ինչու է Ալիևը հենց այս պահին այդ 4 գյուղերն ուզում։

Իրականությունը սա է՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հյուսիսից՝ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակումները ռազմաճակատի գիծը՝ հարավից հյուսիս մոտ 1000 կլիոմետր դարձրեցին, իսկ 1000 կիլոմետր ռազմագիծը պահելու համար, բնականաբար, ավելի շատ կռվողներ էին պետք։ Ադրբեջանական այդ չորս գյուղերը վերցնելով, հայկական ուժերը ռազմական ավելի նպաստավոր դիրքեր ունեցան, որը կրճատում էր պաշտպանելու համար անհրաժեշտ զինվորների քանակը, իսկ մեր հիմնական խնդիրը Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելն էր։ Նույն նպատակով հարավում մեր ուժերը վերահսկողության տակ վերցրեցին Նյուվադին, Ֆիզուլին և այլն։ Այսինքն կրճատվեց ռազմաճակատի գիծը, ռազմական գործողությունները Հայաստանի տարածքից տեղափոխվեցին ադրբեջանական տարածքներ և մեր հիմնական ուժերն ուղղվեցին Արցախը պաշտպանելուն, ինչը և պսակվեց հաջողությամբ։

Ալիևը, եթե հենց այս պահին Հայաստանի հյուսիսի 4 գյուղերն է պահանջում, ուրեմն համարում է, որ հարավում հարցերը լուծված են։ Եվ, իսկապես, հարավում (Ջերմուկ, Կապան և այլն) Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը թուլացրել են մեր պաշտպանունակությունը, իսկ հյուսիսում դեռ ուժեղ ենք։ Հենց այս հարցն է լուծում Ալիևը՝ թուլացնել մեզ նաև հյուսիսից։

Իշխանականներն ու հակաիշխանականները սա պետք է բացատրեն, որը չեն անում։ Այնպես չէ, որ չեն հասկանում։ Փաշինյանը սա հրաշալի հասկանում է, բայց չի բացատրում, քանի որ պարտվածի իր վախն ստիպում է անմիջապես կատարել Ալիևի կամքը։ Իսկ հակաիշխանականները սա հրաշալի հասկանալով լռում են, քանի որ ստեղծված վիճակի համար մեղքի իրենց ոչ փոքր բաժնեմասն ունեն։

Իշխանականները մասամբ են ճիշտ, որ մեզ չպատկանող 4 գյուղերը պետք է վերադարձնենք, իսկ հակաիշխանականները մասամբ են ճիշտ, որ 4 գյուղերն հենց այնպես պետք չէ տալ (բայց ոչ նրա համար, որ «մեր պապական» հողերն են, այլ որ մեր պետությանը չեն պատկանում)։

Իսկ «խեղճ» Նիկոլը, որպես երկրի ղեկավար՝ հետևելով ի պաշտոնե Սահմանադրությամբ տրված լիազորություններին և պարտականություններին, պետք է կարողանա 4 գյուղերի վերադարձը փոխկապակցել ոչ միայն անվտանգության երաշխիքների հետ, այլև ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայաստանյան տարածքներն ազատելու հետ, և ամրագրել այն «խաղաղության պայմանագրում»։

Կարո՞ղ է Ալիևին պարտված Նիկոլ Փաշինյանը լուծել այս հարցը, թե՞ նորից պիտի մոգոնի, որ ռուս-թուրքական դաշինքը դա թույլ չի տալիս։

Գրիգոր Կարապետյան

Հ.Գ. Նիկոլը «դավաճան չէ», այլ պետական հանցագործ և դա հետագայում, հուսանք՝ կամրագրվի դատական վճռով։ Նիկոլը պետական հանցագործ չէ 4 գյուղերը տալու համար։ Նիկոլը պետական հանցագործ է, որովհետև, ստանձնելով երկրի թիվ մեկ ղեկավարի պաշտոնը, չի կատարում Սահմանադրությամբ ամրագրված իր թիվ մեկ պարտականությունը՝ չի ապահովում պետության և ժողովրդի անվտանգությունն ու պետության սահմանների անձեռնմխելիությունը։ Չի ապահովում, չի ապահովել, չի էլ կարողանում ապահովել և չի հրաժարվում իր զբաղեցրած պաշտոնից, դեռ ավելին՝ իր հանցագործությունը քողարկում է «սուտ» պատճառաբանություններ և կեղծ իրականություն հորինելով, արտաքին և ներքին լիքը մեղավորներ է գտնում, այսինքն՝ մոլորեցնում է «դատարանին»։ Սա ևս հանցագործություն է։