«Դավաճան» ասելով` Փաշինյանին չես հեռացնի


Փաշինյանին «դավաճան» ասելը քաղաքական գնահատական է և ոչ իրավական հիմնավորում։ Իրավական հիմնավորման համար Փաշինյանին «դավաճանություն» կատարելու մեղադրանք պետք է ներկայացնել։ «Դավաճանություն» կատարելու մեղադրանք ներկայացնելու համար փաստ կամ փաստեր են պետք, ինչը դժվար թե որևէ մեկը կարողանա անել, եթե թուրքական կամ ադրբեջանական գաղտնի ծառայություններից ինֆորմացիա չունենա։

«Նիկոլ դավաճան» կոչերով ու մերժված առաջնորդներով փողոցներ փակող «ընդդիմությունն» ունի՞ Փաշինյանի դավաճանության մասին դատախազությանը ներկայացնելու տեղեկություն։ Չունի։ Եթե ունենար, մինչև հիմա ներկայացրած կլիներ, կամ առնվազն կհայտարարեր, որ Նիկոլի դատախազությանը չվստահելն է ունեցած փաստերը չներկայացնելու պատճառը։

«Դավաճան» ասել և ոչ մի փաստ չներկայացնելը նույն նիկոլական ձեռագիրն է։ Նիկոլն էլ է ասում բանակում դավաճան գեներալներ են եղել և, սեփական դատախազություն ունենալով հանդերձ, առայսօր ոչ մի «դավաճան» գեներալ դատապարտված չէ։ Իրար օդի մեջ «դավաճան» ասելով՝ իրականում «յուղում են» ժողովրդի գլուխը, և մեկը շարունակում է մնալ իշխանության, մյուսը շարունակում է բռնազավթած պահել ընդդիմադիր դաշտը խորհրդարանում և խորհրդարանից դուրս։

Ընդդիմություն կոչվածն ու իշխանությունը միմյանց չփաստարկված մեղադրանքներով, իրականում, ժողովրդին դրդում են մեր երկրին պատուհասած աղետների իրական պատճառները փնտրել անիրական, երևակայական, զգացմունքային դաշտում։ Այսինքն միմյանց «դավաճան» ասելով՝ ապակողմնորոշում և խաբում են ժողովրդին։

Այնինչ, Նիկոլ Փաշինյանը դատարանում պետք է պատասխանի նախ մեկ թեմային վերաբերող հարցերին.

  1. Ինչո՞ւ է ժողովրդից թաքցրել 2019 թվականին իր սեղանին դրված Մինսկի խմբի համանախագահ գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման «Լավրովի պլան» կոչվող առաջարկը։
  2. 2021 թվականին «Լավրովի պլանը» 2019-ից իր սեղանին լինելը խոստովանելուց հետո գիտակցվա՞ծ է հայտարարել, որ նա դա չի էլ կարդացել։
  3. Մերժելով Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման «Լավրովի պլանը», հայտարարելով, որ բանակցություններն «իր կետից» է շարունակելու, իրականում դուրս գալով բանակցություններից՝ գիտակցե՞լ է, որ այդ քայլով դադարեցնում է 1994 թվականին ստորագրած հրադադարի մասին համաձայնագիրը, ինչն ուղղակի նշանակում է պատերազմի վերսկսում։

Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և դատարանի առջև կանգնեցնելու փաստարկները շատ շատ են (միայն ոչ «օդի մեջ» դավաճան ասելը), պարզապես այս պահին այստեղ «վեպ» գրելը նպատակահարմար չէ։

Գրիգոր Կարապետյան