Իսկ ինքն իրեն երկրի ղեկավար համարո՞ւմ է


Վերջերս Նիկոլ Փաշինյանն սկսել է Tik Tok-ի և Instagram‐ի համար վարել «Զրույցներ երկրի մասին» շարքը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հարթակում հիմնականում երեխաներն ու երիտասարդներն են, կարելի է ենթադրել, որ Փաշինյանը փորձում է իր երբեմնի վարկանիշը բարձրացնել երիտասարդների միջոցով»,- միանգամայն ճիշտ էր նկատել նույնիսկ անկապ լրատվամիջոցներից մեկը։ Բայց ոչ թե «Փաշինյանը փորձում է իր երբեմնի վարկանիշը բարձրացնել երիտասարդների միջոցով», այլ, պարզապես, հիմա նա ուրիշ լսարան չունի։ Իսկ, քանի որ Տիկ-Տոկի լսարանը ոչ թե երիտասարդական է, այլ պատանեկական, ուստի Փաշինյանն իրականում փորձում է իր «կռուտիտներն» արդեն տարածել դեռահասների շրջանում։ Միգուցե անցնի, կարծում է նա։

Եվ շատ էլ ճիշտ է անում, կամ՝ վերջապես մի բան ճիշտ է անում։ Միմիայն իր համար, իհարկե։ Մի զարմացեք։ Փաշինյանը վերջապես գտել է իր լսարանը (կապ չունի, որ լսող չկա)։ Փաշինյանը վերջապես հասկացել է, որ իր «կռուտիտները» միայն դեռահասների մոտ կանցնեն։ Հիմա կասեք՝ բա զոմբիների բանակը՞… Տեղին հարցադրում կլինի։

Նիկոլամոլները, նախ զոմբիներ չեն, որովհետև զոմբին նա է, ըստ Վիկիպեդիայի՝ «ով ամբողջովին կորցրել է իր մարմնի նկատմամբ վերահսկողությունը»։ Նիկոլամոլները, ի տարբերություն Սերժին ու Ռոբին մերժելու պատճառով Նիկոլ ընտրողների, ուղղակի չհասունացած մարդկանց զանգված է։ Տարիքով կարող է մեծ են, բայց խելքով դեռահասներ են։ Ճիշտ և ճիշտ Նիկոլի նման։

Մի դեռահաս էլ Նիկոլն է։ Պրոֆեսիոնալներին որ հարցնեք՝ կասեն, որ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթը միշտ էլ դպրոցական պատի թերթ է հիշեցրել, անկախ այն բանից, թե նա ինչ տարիքում է եղել։ Ինչ արած, մարդն ավելին չի կարողացել։

Հիմա Նիկոլ Փաշինյանն զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետը չէ, պարզապես «համաժողովրդական մերժումների» հանգամանքներով պայմանավորված նա 2 անգամ զբաղեցնում է այդ աթոռը։ Սակայն այս ցավալի իրողությունը նրան դեռահասից հասուն մարդ չի դարձրել։

Դատեք ինքներդ՝

  • Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակայնորեն այդքան փնթի կլինե՞ր։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակայնորեն կուկուռոզ կկրծե՞ր։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակայնորեն «քյալլա» կռնդե՞ր։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակայնորեն հեծանիվով մանկամիտ «դրայներ» կանե՞ր։

Դա նույն Քոչարյանի՝ հանրապետության նախագահի պաշտոնում «տուռնիկից» կախվելն է։

Դուք՝ ձեր անկապ մեդիաներով, ձեր մի փոր հացի ֆեյքերով տարածում եք, թե ՝ Փաշինյանը երկրի ղեկավարն է։ Պաշտոնապես դուք ճիշտ եք։ Իսկ ինքն իրեն երկրի ղեկավար համարո՞ւմ է… Չլինի՞, թե կարծում եք, որ նա՝ պատերազմ հրահրելով, 5000 մանկաց կոտորածի տանելով, երկիրը նորանոր աղետների բերան հասցնելով հասունացել է։ Դե լավ, էլի… Եթե գտնում եք, որ այո՝ Նիկոլը հասուն մարդ է, ուրեմն, ի՞նչ ասենք՝ հետևեք Փաշինյանի տիկ-տոկյան ալիքին՝ ձեզ հասնում է։

Գրիգոր Կարապետյան