Ժամանակին Ձեր շեֆին առաջարկեիք


«Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն ասել է․ «Հաշվի առնելով այդ օրերին իր բարձր հեղինակությունը ՀՀ-ում, Արցախում և սփյուռքում, նա (Նիկոլ Փաշինյանը, խմբ.) ուներ հնարավորություն իր վրա վերցնելու այն պատասխանատվությունը, որը չկարողացան կամ չուզեցին անել նախկին նախագահները, անելու լրացուցիչ մի քանի զիջումները և հասնելու Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը։ Մադրիդյան փաստաթուղթը տալիս էր այդ հնարավորությունը, նա լավ ժառանգություն էր ստացել։ Ես պատրաստ էի իր կողքը կանգնել այդ հարցում և աջակցել, որովհետև իրապես հնարավորություն կար հասնել խաղաղ կարգավորման՝ ի նպաստ Արցախի և ՀՀ-ի։ Բայց չծավալվեմ, թե Փաշինյանն ինչ ճանապարհով գնաց։ Երբ տապալում ես դիվանագիտությունը, տանուլ ես տալիս պատերազմը» (Առավոտ 24․02․23թ․)։

Իսկապես, այս պահին ծավալվել պետք չէ, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տապալեց դիվանագիտությունը և տանուլ տվեց պատերազմը, հայտնի է բոլորիս։ Վարդան Օսկանյանն այնպես է ասում նախկին նախագահները չկարողացան կամ չուզեցին մի քանի զիջումներ անել և հասնել Արցախի հարցի հայանպաստ կարգավորման, որ լսողը կամ կարդացողը կիմանա, թե բոլոր երեք նախկին նախագահներն ուզում էին Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը, բայց չկարողացան։ Այո, Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում էր ոչ թե մի քանի զիջումներ անել, այլ փոխզիջումային տարբերակով հայանպաստ լուծել Արցախի հարցը, բայց Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չուզեցին, փոխզիջումային տարբերակը համարեցին «պարտվողական», և առաջ տարան իրենց «ոչմիթզականությունը», արդյունքում եղավ հեղաշրջում և Քոչարյանը դարձավ նախագահ, իսկ Վարդան Օսկանյանը գլխավոր դիվանագետ։ 

Շատ ավելի ճշտ կլիներ Վարդան Օսկանյանը, մինչև Նիկոլ Փաշինյանին մի քանի զիջումներ կոչ անելը, ժամանակին իր շեֆին փոխզիջումների կոչ աներ, վերջապես գլխավոր դիվանագետն էր և իր շեֆին կոչ անելը գտնվում էր իր գործառույթների տիրույթում։ Հիմա Վարդան Օսկանյանն ասում է, որ ցանկություն է ունեցել կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքը և աջակցել Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանը։ 

Մենք կասակած չունենք, որ Վարդան Օսկանյանի ցանկությունը բարի է եղել, բայց հարց է առաջանում, նույն Օսկանյանը, որ այդքան շատ էր ուզում Արցախի խնդրի խաղաղ կարգավորումը, բա ինչո՞ւ սեփական շեֆի կողքը չէր կանգնում, որ, ի պաշտոնե պարտավոր էր կանգնելու և լուռ էր, երբ իր շեֆն էր տապալում դիվանագիտությունը և Ղարաբաղը դուրս էր մղում բանակցային գործընթացից։ Եվ հենց այդ ժամանակ է սկսվել մեր դիվանագիտության խայտառակ պարտությունը։ Թող շեֆին ասեր, որ պետք է լուծել Արցախի խնդիրը, ոչ թե հայտարարեր, թե «100 տարի էլ կարող ենք ապրել շրջափակման մեջ և դեռ զարգանալ վագրային թռիչքներով»։ 

Ամենայն հավանականությամբ Օսկանյանի համարձակությունը չի բավարարել կամ Քոչարյանին ինչ որ բան ասել, կամ հիմա ընդունել նաև իր ճակատագրական սխալները։ Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ սեփական կետից էր սկսում դիվանագիտությունը, նրան ոչ մի կոչ էլ չէր կարող օգնել։

Ջավահիր Այվազյան