Թյուր պատկերացումներ


Կառավարության նիստում վարչապետն անդրադառնալով Արցախի շրջափակմանն ու, առանց ելք առաջարկելու, հանրությանը տեղեկացրել է Բաքվի պլանների մասին ու ասել․- «Մեր ունեցած տեղեկություններով Բաքվի պլանը հետևյալն է՝ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները: Կրկին փակել միջանցքը և հետո մի քանի օրով բացել և այսպես այնքան ժամանակ, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը»: Բաքվի այս չարագույժ մտադրությունը սադրիչ համարելով շարունակել է՝ «Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջ մղման մեր ջանքերում և որևէ սադրանքով մեզ հնարավոր չպետք է լինի շեղել այս օրակարգից»: Փաշինյանական խաղաղության մասին մի քիչ ավելի ուշ։ 

Սա այն վարչապետն է, որ գնաց Արցախ և հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստանն է և վերջ», ինչին հաջորդեց կործանանար պատերազմը։ Սա այն վարչապետն է, որ նախընտրական ծրագրում երաշխավորում էր Արցախի անվտանգությունը, վերջապես սա այն վարչապետն է, որ նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագիր է ստորագրել և պատասխանատվություն է կրում։ Այն, որ Փաշինյանը պետական գործիչ չէ, այն որ Փաշինյանը դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու է, ապացուցեցին նրա ղեկավարման հինգ տարիները։ Կառավարման համակարգում հայտնվել են մարդիկ, որ գործազուրկ են եղել, այսինքն՝ աշխատանքային փորձ չեն ունեցել, վարձով են ապրել, Փաշինյանը նրանց համար հեքիաթային կյանք է ապահովել՝ աստղաբաշխական աշխատավարձեր, իրենց պարգևավճարներով, թանկարժեք անշարժ և շարժական գույք են ձեռք բերել, թանկարժեք ուղևորություններ, երկրի հերն էլ անիծած, որ արտաքին պարտքը հատել է 10 միլիարդի սահմանը։ 

Էդ մարդկանց համար էս վիճակն ինչքան երկար ձգվի, այնքան լավ։ Պետական մտածելակերպ ունեցող երկրի ղեկավարը կմտածեր երկրի մասին, ոչ թե իր և իր թիմի անձնական բարեկեցության մասին և կառավարման համակարգում տեղ կունենային բարձր պրոֆեսիոնալիզնով օժտված մարդիկ։ 

Կառավարման հինգ տարիների ընթացքում ոչ մի բնագավառում բարեփոխում չեղավ, միայն հետընթաց արձանագրեց։ Պատերազմող երկրի բանակը սպառազինություն չունի (ինքն էր հայտարարում, որ փողը տվել են, բայց զենք չեն տալիս), բանակային 2-րդ կորպուսի սահմռկեցուցիչ ողբերգությունն էլ ապացուցեց, թե ինչ թշվառ վիճակում է մեր երկրի անվտանգության երաշխավորը՝ բանակը. զինվորներն ապրում են անմարդկային պայմաններում։ 

Բա դիվանագիտությունը։ Բոլոր ուղղություններով ձախողել են արտաքին քաղաքականությունը։ Դաշնակից չունենք, ունեցած դաշնակցի հետ էլ հնարավոր և անհանար միջոցներով վատթարացնում են հարաբերությունները, բանակցությունների չեն գնում։ 

Այս պարագայում անչափ հետաքրքիր է իմանալ Փաշինյանի պատկերացումները երկրի անվտանգության մասին, երբ բանակը չունի սպառազինություն, տանուլ են տվել արտաքին քաղաքականությունը։ 

Իսկ հիմա փաշինյանական խաղաղության թյուր պատկերացումների մասին։ Կառավարության նիստում Փաշինյանը հարմարավետ նստած, դիտորդի պես պատմում է Ալիևի պլանների մասին, առանց ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր առաջարկելու (ինչն ուղիղ իր պարտականությունների տիրույթում է), եթե իրեն թվում է, թե Արցախը հայաթափելուց հետո Ալիևը խաղաղության պայմանագիր է ստորագրելու և այլ պահանջներ չի ներկայացնելու և ինքը խաղաղության օրակարգ է առաջ մղելու, ապա չարաչար սխալվում է։ 

Անհասկանալի է, Փաշինյանն ինչպե՞ս է առաջ մղելու խաղաղության օրակարգը։ Խաղաղության պայմանագիրը կնքվում է երկու երկրների միջև, եթե կողմերից մեկը սադրում է և շեղում օրակարգից, էդ ո՞նց է խաղաղության օրակարգ առաջ մղելու մյուս կողմը։ Իհարկե, խաղաղությունը հրաշք բան է, բայց խաղաղության հասնում են ունենալով հզոր բանակ, և հմուտ դիվանագիտական կորպուս, իսկ մենք ոչ մեկն ունենք, ոչ էլ՝ մյուսը։ Այս պարագայում խաղաղության հասնելը ֆանտաստիկայի ժանրից կլինի։ Պարոն վարչապետն անչափ թյուր պատկերացումներ ունի։ 

Խաղաղության մասին նման թյուր պատկերացումները կարող են պատերազմի տանել։ Պատերազմի ռեսուրս չունենք, եթե նույնիսկ պատերազմի ռեսուրս էլ ունենայինք, միևնույն է՝ պատերազմը չարիք է։ Մի զինվորի կյանքը շատ ավելի թանկ է, քան ամենաբարձր պաշտոնը։ Մենք պատերազմից խուսափելու հրաշալի առաջարկ ունենք, այն է՝ Փաշինյանն ինչպիսի հանգիստ խղճով, որ Ալիևի պլանների մասին էր պատմում, թող նույն հանգիստ խղճով էլ կառավարության առաջիկա նիստերից մեկում պատմի իր հրաժարականի մասին, ինչն անշուշտ հանրությունը կընդունի առանց ալեկոծության։

Ջավահիր Այվազյան