Արդարության փնտրտուք, թե՞ պոպուլիզմ


ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողություններին և ասել է, որ ոչ մի լավ բան անպատիժ չի մնում, այնուհետև շարունակել է․- «Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շուրջ հարուցված քրեական վարույթներով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում ձերբակալություններն ու կալանավորումները հստակ հաղորդագրություն են ամբողջ պետական ապարատին, որ հանկարծ նախաձեռնողականություն չցուցաբերեն տարբեր հարցեր լուծելիս, որոշումներ չընդունեն, անվերջ քննարկումներ անեն տարբեր հարցերի շուրջ, իրենց լիազորությունների շրջանակներում եղած հարցերը չլուծեն, այլ միշտ թույլտվություն հարցնեն վերադասից, որովհետև վաղը կարող են հանիրավի մեղադրվել «որոշում կայացնելու համարձակություն» ունենալու համար»: 

Ինչպես արդեն հայտնի է կորոնավիրուսային համավարակի ընթացքում չարաշահումների մասով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 11 մարդ։ Գ․ Սիմոնյանը Երևանի փոխքաղաքապետն է, որը 2020-2022թթ. ընթացքում զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ այն ժամանակ առողջապահության նախարարը ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն էր։ Ձերբակալվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն: Փորձենք հասկանալ։ 

Նույնիսկ պողոսներին էլ հայտնի կլինի, որ առողջապահության փոխնախարարն առանց նախարարի գիտության չէր կարող գործել։ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի գրառումով անհիմն է համարում կովիդի բուժումը համակարգող տեղակալներից մեկին առաջադրված մեղադրանքը, որ պատշաճ ֆինանսական վերահսկողություն չի իրականացրել։ Դատելով Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումներից, որ ինքը պատրաստ է հարցաքննության, բուժանձնակազմը և կովիդի բուժումը համակարգող տեղակալներից մեկը պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, ենթադրում ենք, որ Արսեն Թորոսյանին դաժան պայքար է սպասվում։ 

Իսկ պարոն Թորոսյանը բաց տեքստով հայտարարում է, որ պետական ապարատում պաշտոնյաները նախաձեռնողականություն չեն կարող ցուցաբերել տարբեր հարցեր լուծելիս, որոշումներ չեն կարող կայացնել, անվերջ քննարկումներ պիտի անեն տարբեր հարցերի շուրջ, իրենց լիազորությունների շրջանակներում եղած հարցերը չլուծեն, այլ միշտ թույլտվություն հարցնեն վերադասից, որովհետև վաղը կարող են հանիրավի մեղադրվել և ոչ մի լավ բան անպատիժ չի մնա։ Այսինքն՝ իրենք ցուցաբերել են նախաձեռնողականությւն և գործել են իրենց գործառույթների տիրույթում, էքստրեմալ պայմաներում մարդկային կյանքեր են փրկել, լավ բան են արել ու դրա համար էլ պատժվում են։ 

Դեռ շատ վաղուց, ԱԺ ընտրություններից հետո, երբ նոր կառավարություն էին ձևավորում, մամուլում շշուկներ կարյին, որ Արսեն Թորոսյանը Նիկոլ Փաշինյանի վստահելիների ցուցակում չէ, իսկ վերջերս էլ ՔՊ-ի վարչության ընտրությունների ժամանակ՝ կեղծելով Արսեն Թորոսյանի ձայները, փորձում էին ազատվել Թորոսյանից։ Չհաջողվեց։ 

Իսկ հիմա շատ ավելի բարդ խնդրի առջև է կանգնած պարոն Թորոսյանը՝ խնդիրն իրավական է և պիտի լուծում ստանա իրավական տիրույթում։ Մեզ թույլ տանք ենթադրելու, որ ունի նաև քաղաքական բաղադրիչ։ Այս անգամ Արսեն Թորոսյանը կկարողանա՞ ինչ որ բան ապացուցել՝ ժամանակը ցույց կտա։ Իսկ Նիկոլ Փաշինյանի համար հրաշալի միջոց է պողոսներին ապացուցելու, որ իր համար չկա նախկին ու ներկա, որ իր համար չկա օտար ու յուրային, կա միայն անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ և միմիայն արդարության պահանջն է նրան ստիպում նման քայլի գնալ։ Միաժամանակ զգուշացում կլինի, որ պետական ապարատում ինչպես պարոն Թորոսյանն է ասում, որ էլ ինքնուրույնություն չցուցաբերեն և թույլտվություն հարցնեն վերադասից։ 

Ժամանակը ցույց կտա, թե այս ամենն արդարության փնտրտո՞ւք է, թե՞ պոպուլիզմի հերթական դրսևորում։ 

Ջավահիր Այվազյան