Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը կրկնել, և ոչ թե հերքել Ալիևին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ապրիլի մեկին Տավուշի Աճարկուտում, զոհված զինծառայող Դավիթ Շահնազարյանի անվան խաղահրապարակի բացման արարողության ժամանակ հայտարարել, ապա երկու անգամ կրկնել է, որ  քառասուն չորս օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք տասնըմեկ հազար դասալիք։

«Մենք շատ ենք սիրում խոսքերի մեջ կորցնել իրականությունը։ Եվ ես միշտ մտածել եմ՝ ի՞նչն ա դրա պատճառը, ինչի՞ ենք մենք խոսքերի մեջ թաքցնում իրականությունը։ և էսօր ստիպված եմ ասել՝ ինչի՞ ենք մենք թաքցնում իրականությունը։ Իսկ իրականությունը այն է, որ մեր պատերազմի ընթացքում, 44-օրյա պատերազմի ընթացքում, մենք ունեցել ենք 11 հազար դասալիք։ Ես այլ կերպ չեմ արտահայտվում, դուք հասկացեք ինչի մասին ա խոսքը։ 11 հազար զինվորական, կամավոր, սպա և այլն։ 11 հազարը պատկերացնում եք, չէ՞, ինչ թիվ ա»։

Աննա Հակոբյանի այս հայտարարությունից օրեր առաջ նմանատիպ միտք էր հնչեցրել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մարտի 18-ին։ «Մեր բանակում չի եղել ոչ մի դասալիք։ Հայկական բանակում, վերջին տվյալներով, եղել է ոչ թե 10 հազար, այլ 11 հազար դասալիք»,- հայտարարել էր նա։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել Դատախազություն՝ խնդրելով տրամադրել պատերազմի օրերին դասալքության վերաբերյալ եղած տվյալները։

  • Ըստ Դատախազությունից ստացված պատասխանի՝ Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) հոդվածներով նախաձեռնվել է 1786 քրեական վարույթ 10,687 անձի վերաբերյալ։
  • Այս 1786 քրեական վարույթներից կարճվել է 280-ը։ Մյուս վարույթների միացման արդյունքում քննվող քրեական վարույթների թիվը դարձել է 226։ Ընդհանուր առմամբ, մեղադրյալի կարգավիճակ է ստացել 756 մարդ։
  • Այսինքն, պատերազմի օրերին ծառայությունից հրաժարվելու, դասալքության համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 756 մարդ։
  • Այստեղից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 143 անձի վերաբերյալ գործ, որից 64 անձի վերաբերյալ ավարտվել է դատաքննությունը և կայացվել են դատական ակտեր, մյուս 79 անձի վերաբերյալ գործերը դեռևս գտնվում են դատաքննության փուլում։

Այսպիսով, եզրակացնում է «Փաստերի ստուգման հարթակը», որ Իլհամ Ալիևի, ապա՝ Աննա Հակոբյանի հայտարարած «11 հազար դասալիքների» վերաբերյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Ներկայումս համապատասխան հոդվածով մեղադրյալի կարգավիճակ ունի 756 անձ, որոնցից միայն 64 անձի վերաբերյալ կա կայացված դատական ակտ։ 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Աննա Հակոբյանի և Իլհամ Ալիևի դասալիքների մասին հայտարարած 11 հազար թիվը, ըստ Դատախազությունից ստացված պատասխանի, մոտ է 10,687 թվին, որը նախաձեռնված 1786 քրեական վարույթով անցնող անձնաց սկզբնական՝ չճշտված թիվն է, որը ճշտվելուց հետո նվազել, հասել է 756-ի։ Հավանաբար, և՛ Աննա Հակոբյանը, և՛ Իլհամ Ալիևը օգտվել են նախնական թվից, բայց մի քիչ չափազանցրած։ Իսկ ճշտված թվի նկատմամբ չափազանցությունն արդեն ահռելի է։ Հետևաբար առաջանում են մի շարք բնական հարցեր.

Հարց 1. Ո՞ւմ է ձեռնտու այս չափազանցությունը։
Հարց 2. Ինչպե՞ս է Հայաստանի Հանրապետության դատախազության վարույթով անցնող նախնական 11 հազարին մոտ թիվը հասանելի եղել թշնամական պետությանը։
Հարց 3.  Թշնամական պետության ղեկավար Իլհամ Ալիևին, միգուցե, ձեռնտու է հայերին նսեմացնելու համար հնչեցնել դասալիքների մասին չափազանցրած 11 հազար թիվը։ Բայց ինչո՞ւ է մեր երկրի ղեկավարի կինը շտապել կրկնել թշնամական պետության ղեկավարի չափազանցրած թիվը։  
Հարց 4՝ հռետորական. Միթե Աննա Հակոբյանը չէր կարո՞ղ հնչեցնել փաստացի մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց 756 թիվը՝ հերքելով Ալիևի հնչեցրած թիվը։

Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը կրկնել, և ոչ թե հերքել Ալիևին։