Լավրովը կրկնում է օկուպցիայի առթիվ Ադրբեջանի փաստարկը


Այն պնդումները, թե Լավրովի խոսքը նորություն չէր՝ չի համապատասխանում իրականությանը։ Նորություն է, թե 7 շրջանների վերաբերյալ ՌԴ վերաբերմունքը, թե հռետորաբանությունը։ 

Վերջին 30 տարիների ընթացքում ոչ Ռուսաստանը, ոչ էլ աշխարհի որևիցե երկիր, կամ միջազգային կառույց երբեք Հայաստանին չի որակել որպես օկուպանտ։ Ավելին, խոսքը գնացել է ԼՂ ուժերը 1988 թվականի դրությամբ սահմաններից ներս բերելու մասին։ 

Ավելին, 2020 թվականի դեկտեմբերի իր մեծ մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բառացի ասել է հետևյալը. «Հակամարտության էթնիկական արմատները սկսվել են Սումգայիթից, հետո տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել, որպեսզի պաշտպանեն իրենց կյանքն ու արժանապատվությունը»։ Միաժամանակ Պուտինը հավելում է, որ լուծումը պետք է լիներ Մինսկի խմբի շրջանակում, ինչը նշանակում է, որ պետք է գործեր նաև տարածքների վերադարձի սկզբունքը։ 

Այսօր Ռուսաստանը նման հռետորաբանությամբ Հայաստանի հետ խոսում է առաջին անգամ։ Լավրովի խոսքի հռետորաբանության պատճառները պետք է փնտրել վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների խորը ճգնաժամի, հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից Հայաստանի հրաժարվելու և որպես նախապայման Ադրբեջանի գործողությունները դատապարտելու, ինչպես նաև բանակցություններից Հայաստանի հրաժարվելու մեջ։ 

Հայտարարելով, որ ռուսական առաջարկները Հայաստանի նախկին իշխանությունների կողմից չեն ընդունվել, հաշվի առնելով 2020 թվականի օգոստոսին՝ պատերազմից մեկ ամիս առաջ, Լավրովի այն հայտարարությունը, թե Հայաստանը տորպեդահարում է բանակցությունները, պատերազմից հետո ՌԴ ԱԳՆ հայտարարությունն առ այն, որ Հայաստանը չի ընդունել կարգավորման առաջարկը, ինչպես նաև Պուտինի վերը նշված հայտարարությունը, ցույց են տալիս, որ Ռուսաստանն օկուպացիան համարում ոչ թե 7 շրջանների գրավումը, այլ Հայաստանի հետագա քաղաքականությունը դրա վերաբերյալ: Ըստ էության, Ռուսաստանը հայտարարում է հետևյալը, որ Հայաստանն ինչպես նախկինում, այսօր նույնպես շահագրգռված չէ լուծել հարցը և տարբեր պատրվակներով խույս է տալիս լուծումից: 

Միաժամանակ հարկ է նշել, որ հակամարտության պատմության, դրա էության ու պատճառների և Ադրբեջանի կողմից այսօր կատարած գործողությունների միջև Ռուսաստանի համեմատությունը ցանկացած առիթով անհիմն է։ Ըստ էության, Լավրովը կրկնում է օկուպցիայի առթիվ Ադրբեջանի փաստարկը` 30 տարի դուք էիք օկուպացրել, հիմա էլ մենք ենք օկուպացրել։ 

Պետականամետ