Ռազմագերիների վերաբերյալ Ժնևյան կոնվենցիան


Ժնևյան կոնվենցիաները ընդունվել են 1949 թ․-ին։ Դրանք ներառում են պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաներ։ Վավերացրել են 180-ից ավելի պետություններ։ Առաջին երկու կոնվենցիաները գործող բանակում վիրավորների և հիվանդների, վիրավոր և հիվանդացած ծովայինների, ինչպես նաև նավաբեկյալների վիճակը բարելավելու, երրորդը՝ ռազմագերիների հետ վարվելու կանոնների, չորրորդը՝ պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության և նրանց իրավունքների պաշտպանության մասին են։

Կանոնները

Ըստ Ժնևյան կոնվենցիաների՝ մասնակից պետությունները պարտավորվում են հետապնդել և պատասխանատվության ենթարկել կոնվենցիաների դրույթները խախտողներին։ Այդ դրույթները պարտադիր են նաև չեզոք պետությունների համար։ 1977 թ.-ին ընդունվել են ժնևյան կոնվենցիաների երկու լրացուցիչ արձանագրությունները.

  • Միջազգային զինված հակամարտություններից տուժածների պաշտպանության մասին
  • Ոչ միջազգային բնույթի հակամարտություններից տուժածների պաշտպանության մասին

Առաջին լրացուցիչ արձանագրությունն ընդլայնել է ժնևյան կոնվենցիաների կիրառման ոլորտը՝ հակամարտող կողմերի թվում մատնանշելով նաև իրենց ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովուրդներին։ Պատերազմ հայտարարելու և զինված հակամարտությունների դեպքում պետությունները պարտավոր են պահպանել ժնևյան կոնվենցիաների կանոնները, անգամ եթե մասնակիցներից մեկը չի ընդունում պատերազմական դրությունը։ Այդ պատճառով ԱՀ երկար ժամանակ հրաժարվում էր վավերացնել ժնևյան կոնվենցիաները՝ դրանք համարելով իր համար անընդունելի։ Սակայն նույնիսկ ժնևյան կոնվենցիաներին չմիացած երկրները ևս պարտավոր են պահպանել դրանց դրույթները և պատասխանատվություն են կրում պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության հանդեպ գործած հանցագործությունների համար։

Խախտումները

Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտել է ժնևյան կոնվենցիաների կանոնները՝ հրաժարվել է հայկական կողմին տեղեկություններ հայտնել գերի ընկած վիրավորների և հիվանդների մասին, ռազմագերիներին ենթարկել է կտտանքների, նրանց համար ստեղծել կյանքի անտանելի պայմաններ, ինչի հետևանքով հայազգի մեծ թվով ռազմագերիներ և պատանդներ զոհվել են ադրբեջանական բանտերում, կամ էլ անհետ կորել։





ԳՈՎԱԶԴ