Ինչո՞ւ դարձանք այսպիսին


Աշխարհն այսօր կենտրոնացած է ռուս-ուկրաինական պատերազմի վրա։ Հայաստանի հանրությունը, բնականաբար, ևս անմասն չէ Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների շուրջ բուռն քննարկումներից։ Անցկացվում են անհասկանալի ակցիաներ՝ թե ի աջակցություն Ռուսաստանի գործողությունների, և թե Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտապանության։

Արանքում հայ հանրությունը՝ «քաղաքական գործիչների»,  «‎քաղաքագետների»,  «‎վերլուծաբանների»,  «‎իրավապաշտների» ու այլ  «‎մասնագետների» ավանգարդով, հասցնում է կոկորդ պատռել ռեստորաններում աղամանների վերացման, հակածխախոտային օրենքի ընդունման, գեյերի իրավունքների, թափառող շների, թուրք ոստիկանի հետ Սպիտակցի Հայկոյի լուսանկարվելու ու նմանատիպ անսպառ այլ թեմաների շուրջ։

Բթացած, ինքնապաշտպանության բնազդն ու ազգային ինքնասիրությունը կորցրած հանրություն։

Արյունալի պատերզմում խայտառակ կապիտուլյացիա արձանագրած պետությունն ու նրա հանրությունն՝ իր մեծամասնությամբ, մոռացել է Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին։

Նրանց հետ կատարվողը կարծես այլևս էական չէ։ Ուկրաինայի քաղաքացիների ճակատագիրը շատ ավելի կարևոր է, քան Ադրբեջանի բերդերում պահվող հայ ռամագերիներինը։ Որքա՞ն է այսօր նրանց թիվը։ 100, 200․․․  Մինչ այսօր մենք նույնիսկ հստակ թիվ չգիտենք։ Փոխարենը տիրապետում ենք գեոքաղաքականության նրբություններին ու աղի վնասակար հատկությունների մանրամասներին։

Ինչո՞ւ այսպես ստացվեց, ինչո՞ւ դարձանք այսպինին։

Հ․ Գ․ 1․ Հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի դադարեցման մասին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը սահմանում է բոլոր ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում։ 

Հ․ Գ․ 2․ Ըստ պաշտոնական տվյալների՝ հայկական կողմում Ադրբեջանի քաղաքացի ռազմագերի չկա:

Վախթանգ Մարգարյան