Չընտրել պարտվածին


Կարող ես չզղջալ արածդ սխալների համար, կարող ես պարտված լինելդ քողարկել մեղավորներ մոգոնելով, կարող ես նույնիսկ երգել դրա մասին, բայց սխալներն ու տանուլ տված լինելն ունեն իրենց գինը։

Պարտվածն ու սխալվածը վճարելու են։  Դա աքսիոմ է։ Չեք վճարել այսօր՝ վճարելու եք վաղը՝ անընդհատ կուտակվող տոկոսներով։ Պարտության գինը ժամանակի հետ միայն ավելանում է:

Գործող իշխանությունը՝ բոլորիս սխան էր։ Գինը՝ անդառնալի կորուստներով պարտությունն էր։ Բայց դա հասարակության մի մասի կողմից չգիտակցվեց ու պարտվածները մնացին իրենց տեղում։

Հայաստանին կոտրեց սթափության ու ինքնապաշտպանության բնազդի կաթվածը։

Արդյունքում՝ Արցախը հայաթափման եզրին է, Հայաստանը որպես պետություն` լինելու հարցականի տակ։

Պարտված Տիգրան Ավինյանն այսօր հավակնում է դառնալ Հայաստանի մայրաքաղաքի ղեկավար։ Բոլոր առումներով տանուլ տված ու վախվորած Ավինյանը հայտ է ներկայացրել շարունակել պարտության շքերթը։ Մարդ ով խուսափում է հրապարակավ արտաբերել Արցախի անունը՝ «ասֆալտ փռելու» խոստումներով, թող որ չգիտակցելով, նոր պատերազմներ է բերելու գլխներիս։

Նայե՛ք մեր այսօրվա իրականությանը։ Պատերազմը Հայաստանի ու Արցախի տարածքում է, պատերազմը Երևանի փողոցներում է։ Չի կարող այլ կերպ լինել, քանի դեռ պարտված ավինյանները իշխանության են։

Ո՞նց կարելի է ձայն տալ պարտվածին ու դեպի նոր պատերազմներ տանողին։ Ի՞նչ հիմնավորմամբ։ Միացրո՛ւ ապրելու բնազդդ։

Տիգրան Ավինյանը մորուքը սափրելով՝ միևնույն է մնաց նույն տանուլ տվածը։ Ու այսօր նա, ըստ էության, հայտնում է․ «Որպես պարտված՝ ես գիտեմ, թե ինչ եմ անում»։ Քաղաքապետի թեկնածու Ավինյանն իր կերպարով, կարողություններով ու անցած ճանապարհով առաջնորդվում է կրվածին հատուկ բանաձևով՝ ատելություն ուրիշների, արհամարհանք սեփական անձի հանդեպ:

Երևանի փողոցներում բարձրախոսով նրա վանկարկումները վերելակների ու մանկապարտեզների, կոյուղիների ու կեղտաջրերի մասին չեն։ Տողատակերով նա փորձում է հասկացնել սա․ «Եկեք պայմանավորվենք՝ ցանկացած իրավիճակում ինձ նախապես պարտված կհամարեք»։

Ի՞նչ ես սրան պատասխանալու դո՛ւ՝ սեփական երկրում ապրելու առաջնային իրավունքով քաղաքացի։

Ապրելուդ իրավունքը կտա՞ս պարտվածի տնօրինմանը։

Վախթանգ Մարգարյան