Թեժ է լինելու


Երևանում սկսվել է քաղաքապետի ընտրության ոչ պաշտոնական քարոզարշավը, իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը շատ ավելի վաղ էր սկսել, նույնիսկ այն ժամանակ, երբ Հրաչյա Սարգսյանը հրաժարական չէր տվել, կարմիր ժապավեններ էր կտրում, հավանական և անհավանական խոստումներ էր տալիս, այն աստիճանի էր ոգևորված, որ նույնիսկ Դավիթաշենում և «Փեթակի» մոտ մետրոյի կայարաններ էր խոստանում, ինչն այդ ժամանակահատվածում ավինյանների կողմից գրեթե անհնար է։ Պարզ պատճառով։ 

Հինգ տարի առաջ, որ իշխանության եկան խոստացան մետրոյի «Աջափնյակ» կայարանի շահագործում, միչև այսօր դեռ նախագծային աշխատանքները ավարտին չեն հասցրել (հայտնի էլ չէ, թե նախագծային աշխատանքներն սկսել են)։ 

Պայքարը քաղաքապետի աթոռի համար թեժ լինելու։ Ըստ մամուլի տեղեկությունների, քաղաքապետի պաշտոնի համար իրենց հնարավորություններն են փորձելու և այդ մասին արդեն հայտարարել են «Հանրապետություն», «Հանրային ձայն», «Լուսավոր Հայաստան», «Ապրելու երկիր», «Միացյալ Հայաստան» կուսակցություները, Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, Ռուբեն Հախվերդյանը և այլք։ Դարձյալ, ըստ մամուլի տեղեկությունների, իր հնարավորություններն է փորձելու և իր թեկնածուն է առաջադրելու ԱԺ «Հայաստան» դաշինքը։ 

Եթե ընդդիմությունը հանդես գա առաձին-առանձին ինչպես արեցին 2021թ․ ԱԺ ընտրություններին, ապա Ավինյանի հաղթանակն անխուսափելի կլինի, իսկ եթե համախմբվեն այնպիսի քաղաքական ուժի շուրջ, ինչպիսին ասենք «Հայաստան» դաշինքն է՝ նույնպես կերաշխավորի Տիգրան Ավինյանի հաղթանակը, ինչը նաև կնշանակի հետագա ԱԺ ընտրություններում Քոչարյանի վերադարձ։ 

Տիգրան Ավինյանի հաղթանակը կարող է թույլ չտալ այն քաղաքական ուժը, որը չունի արատավոր անցյալ և ընդդիմություն պիտի ձևավորվի արատավոր անցյալ չունեցող քաղաքական ուժի շուրջ։ Այդ դեպքում հաղթանակն իսկապես երաշխավորված կլինի։ Իսկ քաղաքապետի ընտրությունները շատ կարևոր են հետագա համապետական ընտրությունների համար։ 

Ջավահիր Այվազյան