Փոքրիկ «սպրավոչկա» պարոն Շարմազանովին


Նախկին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է․-  «Մենք պարտվելու ենք ու կորցնելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ 30 տարվա հաղթանակի շրջանն անվանում ենք մթի, ցրտի ու թալանի տարիներ»։

Իհարկե, հրաշալի է, որ գոնե 30 տարի անց Շարմազանովը նման գրառում է անում։ Փոքրիկ «սպրավոչկա» Շարմազանովին։ Պարոն Շարմազանով, մենք հիմա չենք պարտվել, մենք պարտվել ենք 1998թ․ երբ Քոչարյանը դաշնակներով-բանով «հաղթողական» եկան և Լևոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղի խնդրի կարգավորման փոխզիջումային տարբերակը անվանեցին «պարտվողական» և հաղթանակի տարիներն էլ ցրտի ու մթի, իհարկե շատ էին ուզում, որ թալանն էլ կպցնել, էդ մեկը չկպավ, թալան չէր եղել, բայց պատերազմ էր, կայսրություն էր փլուզվել, ավերիչ երկրաշարժ էր, այո, ցուրտ ու մութ էր։ 

Աջ ու ձախ բոլոր մակարդակներում վարկաբեկում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, հաղթանակ կերտողն էլ իրենք էին։ Բա պիտի արդարացնեին պալատական հեղաշրջումը։ Եկան իշխանության և անխնա վայելում էին իշխանական բարիքները, նույնիսկ չէին էլ մտածում Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման մասին։ Պարոն Շարմազանով, թույլ տվեք չհամաձայնել, որ հաղթանակի տարիները անվանել են թալանի տարիներ, թալանի տարիներ ասում են 1998թ․ ից հետո, երբ երկրում մի խումբ մարդիկ հարստանում էին, զարգանում էր միայն դղյակաշինությունը, կենտրոնում ապրող մարդկանց դուրս էին հանում սեփական բնակարաններից, մարդիկ հայտնվում էին փողոցում, քանի քանիսներ են ինֆարկտ ու ինսուլտ ստացել, որ հետագալում ՄԻԵԴ վճիռներ էր կայացնում փողոցում հայտնված մարդկանց օգտին, թալանի տեսակներից մեկն էլ սա էր։ 

Էդ որ հպարտորեն 30 տարին անվանում եք հաղթանակի շրջան, այդքան էլ այդպես չէ՝ հաղթանակի ժամանակահատվածը եղել է 1988թ- 1998թ․, իսկ 1998թ․ մինչև 2018թ․ ամենևին էլ հաղթանակի շրջան չի կարելի անվանել, ճիշտ հակառակը այդ տարիներին էին մսխում հաղթանակը և պարտության հիմքերն էր դրվում, չլուծելով Ղարաբաղի կոնֆլիկտը։ 

Էդ որ Նիկոլ Փաշինյանն ասում էր թալանչիներ և դա վերաբերվում էր անցած քսան և ավելի տարիներին և Նիկոլ Փաշինյանը բարեհաջող մատուցում էր հանրությանը և խոստանում էր լումա առ լումա վերադարձնել ժողովրդից թալանածը և սա եղավ պատճառ, որ Փաշինյանի նման մեկը հիմա իշխանություն ունի։ Անշուշտ, գովելի է, որ 30 տարի անց Շարմազանովը հասկացել է, որ հաղթանակ գրանցած պատերազմի տարիները չի կարելի ցրտի ու մթի անվանել, իսկ թալանն ամենևին կապ չունի հաղթանակի տարիների հետ։ 

Ջավահիր Այվազյան