Երբ թշնամին տանից է լինում


Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը «Շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի տնտեսության կորուստների գնահատման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասել է․- «Արցախում անթույլատրելի իրավիճակ է ստեղծվել, բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մի քանի տասնյակ մարդիկ՝ պայմանավորվելով ռուս խաղաղապահների հետ, բերում են առաջնային նշանակություն չունեցող ապրանքներ և մարդկանց վերջին միջոցների հաշվին մեծ գումարներ են վաստակում» (news.am 29․03․23թ․)։ Այնուհետև նախկին պետնախարարը շարունակել է․- «Եթե դեկտեմբերին Հանրապետություն էր մտնում օրական 3 մեքենա, ապա հիմա այդ թիվը հասել է 16-ի»։

Փորձենք հասկանալ անհասկանալին։ Սկսենք վերջից։ Եթե Արցախ մտնող մեքենաների թիվն է ավելանում ռուս խաղաղապահների հետ պայմանավորվածության արդյունքում, ինչպես պարոն Վարդանյանն է ասում, որ մեծ գումարներ վաստակեն մի քանի տասնյակ մարդիկ, ապա այս մի քանի տասնյակ մարդիկ իրենց պայմանավորվածություններով ռուս խաղաղապահների հետ հաստատում են նաև Ալիևի այն հայտարարությունները, որ շրջափակում չկա, ու էս մարդիկ չեն հասկանում, որ էդ էլ է կարճաժամկետ և սույնով Ալիևին ժամանակ են տալիս սեփական ծրագրերն իրականացնել և հայաթափել Արցախը։ 

Հետո էլ ռուս խաղաղապահներից են դժգոհում։ Բայց դուք եք պայմանավորվում նրանց հետ, էդ էլ հո Ալիևը չի պայմանավորվե՞լ։ 

Այս պարագայում թշնամին տանից է, հայտնի բան է՝ դրսի թշնամին չի կարող անել այն, ինչ կարող է անել ներսի թշնամին։ Ամենայն հավանականությամբ էդ մի քանի տասնյակ մարդիկ լավ էլ հասկանում են, թե ինչ են անում և մեծ գումարներ են վաստակում, որ հեռանան Արցախից, ինչպես որ արել են անցած քսան և ավելի տարիներին՝ առաջին պատերազմի հաղթանակից հետո։ Դրա համար էլ Արցախում վերաբնակեցում չեղավ, տնտեսություն չզարգացավ, ահագնացող չափերի հասավ արտագաղթը։ Նույնը արվում էր նաև Հայաստանում՝ հարստանում էին մի խումբ մարդիկ, ահագնանում էր արտագաղթը։ 

44-օրյա պատերազմն էլ դաս չեղավ, թշնամին սեփական բանակն է հզորացնում ու սպառնալիքներ է հնչեցնում, սրանք իրենց սեփական գրպանի մասին են մտածում։ 

Ջավահիր Այվազյան