«Տզրուկ» բառի հասցեատերը ճիշտ չի ընտրված


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Տիգրանյան հասցեում կարտոֆիլի առևտրով զբաղվող մի քաղաքացու հետ ունեցած միջադեպի վերաբերյալ, ասել է, որ իր նմաններն այն տզրուկներն են, որոնք ծծում են շարքային քաղաքացու արյունը։ Այնուհետև լրագրողի հարցին, թե քաղաքացուց ստացած հայհոյանքները և վիրավորական խոսքերը հնարավո՞ր է կապված էին իր կուսակցական պատկանելության հետ, պատգամավորը պատասխանել է․- «Չէ, ինքը և իր նմանները այն տզրուկներն են, որոնք ծծում են հասարակ ժողովրդի և շարքային քաղաքացու ֆիզիկական արյունը, հոգեբանական արյունը, նյութական արյունը, հանգստի արյունը: Ինքը էդ խավի ներկայացուցիչ է 100 տոկոսով, որովհետև ոչ մեկը չի կարող իրեն թույլ տալ երթևեկելի մասի վրա դնի ու առևտուր անի: Բնականաբար, շարքային քաղաքացին միգուցե դժվարանա փորձել կարգի հրավիրել, ես՝ ոչ: Օգտվելով իմ պատգամավորական մանդատից՝ փորձեցի կարգի հրավիրել, որ նման բաներ չարվեն: Բայց ագրեսիան կար ու դա պայմանավորված չէր, որ ես ՔՊ-ից եմ, ինքը ինձ նույնիսկ չճանաչեց էլ: Էդ տիպի մարդիկ իրենց արյունով գիտեն՝ ոնց անեն, որ լինեն էդ ամեն ինչի տիրականը և այլն» (Առավոտ 03․03․2023թ․):

Իհարկե, Հովիկ Աղազարյանին մեկնաբանելն էդքան էլ դյուրին բան չէ, բայց փորձենք։ Ուշագրավն է այն է, որ պատգամավորը կարտոֆիլի առևտրով զբաղվող քաղաքացուն համարում է տզրուկ, արտոնյալ և արյուն ծծող։ Սահմռկեցուցիչ է, նման բառապաշար գործածել էր Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ին։ Ուստի մենք զերծ կմնանք նման բառամթերքից, բայց նաև կփորձենք հասկանալ, թե կարտոֆիլի առևտրով զբաղվող քաղաքացին ինչո՞ւ էր փողոցի երթևեկելի մասում կարտոֆիլ վաճառում և ինչո՞ւ չի հարգել պատգամավորական մանդատը։ 

Արձանագրենք։ Անկախ նրանից, թե փողոցի որ մասում է քաղաքացին կարտոֆիլը վաճառում, կարտոֆիլի առևտրով զբաղվող քաղաքացին արտոնյալ լինել չի կարող և տզրուկ էլ չի կարող լինել, որ կատարում է չարքաշ աշխատանք. Հովիկ Աղազարյանը գուցե տզրուկներ փնտրեր իր մերձավոր շրջապատում և Հովիկ Աղազարյանը պիտի հասկանար, թե ով կարող էր նրան թույլ տալ փողոցի երթևեկելի մասում կարտոֆիլ վաճառել։ Պարզապես կարտոֆիլի առևտրով զբաղվող քաղաքացին օգտվել է երկրում տիրող քաոսից և ամենայն հավանականությամբ ունեցել է այդ տեղամասի ոստիկաններից մեկն ու մեկի հովանավորությունը, որ օր ու գիշեր Նիկոլ Փաշինինյանը ոստիկան է «բարեփոխում» ու պարգևավճարներ է տալիս։ 

Հովիկ Աղազարյանը պիտի հասկանա, որ իր և իր նմանների պատգամավորական մանդատը վաղուց կորցրել է նշանակությունը, երբ երկրում օրինականություն հաստատելու խոստումներով եկան, բայց քաոսն (ավելի հարմար բառ կարելի էր գործածել) ավելի խորացավ, կարտոֆիլի առևտրով զբաղվող քաղաքացին, որ հեղափոխություն էր անում, հավատում էր, որ երկրում բան է փոխվելու և այլևս ինքը վիզ չի ծռի, թե որտեղ վաճառի կարտոֆիլը, կվաճառի այնտեղ, որտեղ սահմանված է։ 

Կարտոֆիլի առևտրով զբաղվող քաղաքացին հրաշալի գիտի, թե ՔՊ-ականերն ինչ կարճ ժամանակում հարստացան և տեր դարձան թանկարժեք շարժական և անշարժ կույքի, թե ինչպես արտաքին պարտքը հատեց 10 միլիարդի սահմանը։ Ինչի՞ դիմաց են ստանում էդ պարգևավճարները, երբ երկիրը հասցրել են կործանման եզրին։ 

Իսկ Հովիկ Աղազարյանը «տզրուկ» բառը բարձրաձայնելիս թող ճիշտ հացեատեր ընտրի։

Ջավահիր Այվազյան