Եվրո-2024-ի D խմբի երկրորդ տուրի կենտրոնական խաղում Ֆրանսիայի և Նիդերլանդների ազգային հավաքականները գոլեր չխփեցին՝ 0-0:
Ֆրանսիացիների կազմում հանդիպման մեկնարկում գոլի հեղինակ դառնալու երեք լավ հնարավորություններ ունեցավ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը: 33-ամյա ֆուտբոլիստը մեկ անգամ հեռվից հարվածեց, ինչից հետո գնդակը մեծ դժվարությամբ հեռացրեց անգլիական «Բրայթոնի» և Նիդերլանդների հավաքականի դարպասապահ Բարտ Վերբրյուգենը:
Գրիզմանը մեկ անգամ էլ մոտ տարածությունից շեղ հարվածից, իսկ մյուս դեպքում ֆրանսիացին գնդակը ստացավ դարպասային հրապարակում, սակայն ուշացրեց հարվածը և նիդերլանդցի պաշտպանները հեռացրին այն:
Գրիզմանը մեկ լավ հնարավորություն էլ ունեցավ երկրորդ խաղակեսի միջնամասում, երբ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի հիանալի փոխանցումից հետո դուրս եկավ Վերբրյուգենի դիմաց, այս դեպքում էլ ֆրանսիացու հարվածից հետո 21-ամյա դարպասապահը ոտքով հեռացրեց գնդակը:
69-րդ րոպեին Նիդերլանդների հավաքականը կարողացավ բացել հաշիվը, սակայն անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը չեղարկեց գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսի գոլը, քանի որ նրա հարվածի ժամանակ խաղից դուրս վիճակում գտնվող Դենզել Դյումֆրիսը փակել էր դարպասապահ Մայք Մենյանի տեսադաշտը:
Այսպիսով, այս ոչ-ոքիից հետո Դիդյե Դեշամի և Ռոնալդ Կումանի գլխավորած հավաքականները չորսական միավորով D խմբում բաժանում են 1-2-րդ տեղերը:
Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ: