Բելգիայի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում: Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորած հավաքականը խմբային փուլի երկրորդ տուրի վերջին խաղում 2-0 հաշվով առավելության հասավ Ռումինիայի նկատմամբ:
Բելգիացիներն այս խաղում հաշիվը բացեցին առաջին հարվածով, երկրորդ րոպեին Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով ռումինացիների դարպասը գրավեց անգլիական «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը: Ի դեպ, սա Բելգիայի հավաքականի պատմության ամենաարագ գոլն է աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:
Երկրորդ խաղակեսում՝ 64-րդ րոպեին, Լուկակուն կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի փոխանցումից հետո մեն-մենակ դուրս եկավ Ֆլորին Նիցեի դիմաց և գրավեց Ռումինիայի հավաքականի դարպասը, սակայն VAR-ի մրցավարների միջամտությունից հետո գոլը չեղարկվեց: Սլովակիայի դեմ առաջին տուրի խաղում (0-1) Լուկակուի խփած երկու գոլերն էին չեղարկվել:
Այնուամենայնիվ, 79-րդ րոպեին բելգիացիները երկրորդ գոլը խփեցին, դարպասապահ Կոեն Կաստելսի փոխանցումից հետո անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն դրեց խաղի վերջակետը՝ 2-0:
Վերջին տուրից առաջ այս խմբի բոլոր՝ չորս հավաքականները, երեքական միավոր ունեն:
Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:
Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 86 | Ավելացրեց՝ Moder-003 | 23.06.2024 | 08:20 |