ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյբուքյան էջում բացահայտել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստախոսությունները։ Սուտ համար 3. Քի Վեստի հարցում Օսկանյանի ստախոսությունը, առաջին հայացքից, շատ ավելի բարդ է բացահայտել, քանի որ Ղարաբաղն այդ առաջարկով պետք է իսկապես դառնար Հայաստանի մաս։ Օսկանյանը, սակայն, լռում է մի քանի «նրբությունների» մասին, որոնք այդ կարծեցյալ նվաճումն ուղղակի զրոյացնում են։ Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք նման պաշտոնական առաջարկ չի արել հակամարտության կողմերին։ Բան այն է, որ Քի Վեստում շրջանառող փաստաթուղթն ունեցել է «non-paper»-ի կարգավիճակ։ Դիվանագիտության մեջ անգլերեն non-paper արտահայտությունը նշանակում է աշխատանքային փատաթուղթ, որը որևէ պաշտոնական դիրքորոշում չի արտահայտում, իսկ, տվյալ դեպքում, ընդամենը ներկայացնում էր աշխատանքային մի սևագիր, որը կոչված էր օգնելու կողմերին` համաձայնության գալ իրենց նախնական երկկողմանի խոսակցությունների հիման վրա։ Համաձայնությունը ենթադրում էր տարածքային փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև (Ղարաբաղը Մեղրու դիմաց կամ, ինչպես վերջում առաջարկել էր հայկական կողմը, Մեղրու վրայով «ինքնիշխան միջանցքի» դիմաց, ինչը, բնականաբար, մերժվեց Ադրբեջանի կողմից)։ Եվ, վերջապես, ամենակարևորը. Քի-Վեստյան բանակցությունների միակ շոշափելի արդյունքը եղավ բանակցային ձևաչափից Լեռնային Ղարաբաղի հեռացումը, քանի որ բանակցությունների հիմքում ընկած էր Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային փոխանակումը, և Երևանը ստիպեց Ստեփանակերտին` անշրջելիորեն հրաժարվել բանակցային կողմի իր լիազորություններից։