ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյբուքյան էջում բացահայտել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստախոսությունները։ Սուտ համար 1. Խոսելով Հայաստանի Անվտանգության խորհրդի 1998 թվականի հունվարի 8-ի հայտնի նիստի մասին` նա գրում է, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ հիմնավորել իր աջակցությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի կողմից այդ օրերին ներկայացված փուլային տարբերակին և համաձայնություն ստանալ մասնակիցներից այդ առաջարկությանն ընթացք տալու համար», իսկ այնուհետև փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը՝ Օսկանյանը, իբր, դեմ է արտահայտվել այդ տարբերակին։ Որպես նիստի մասնակից մերժում եմ այս կեղծիքը։ Իրականում դեմ էին, այո, Քոչարյանը, երկու Սարգսյանները, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության բոլոր ներկա անդամները, ինչպես նաև` Հայոց Համազգային Շարժումից Հովհաննես Իգիթյանը։ Մնացածը, այդ թվում` Վարդան Օսկանյանը, կողմ արտահայտվեցին (Օսկանյանը՝ մի քանի անգամ) փուլային տարբերակին։ Վերջինիս դեպքում այլ կերպ չէր էլ կարող լինել։ Օսկանյանը ոչ միայն արտգործնախարարի տեղակալն էր, այլ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով գլխավոր բանակցողը։ Դա իր բանակցած փաստաթուղթն էր նաև, և արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ միասին` նրանք պարտաճանաչորեն աջակցեցին այդ փաստաթղթին, ներկայացնելով արտաքին գործերի նախարարության տեսակետը։
Մեջբերում | Տեսնել ավելին՝ Facebook | | Դիտումներ՝ 395 | Ավելացրեց՝ armenlur | 20.04.2022 | 16:00 |