Պաշտոնանկությունն առեղծվածային չէ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնանկ է արել պետական նախարար Ռուբեն Վարդանյանին և իր հրապարակած երկարաշունչ տեքստում չի մանրամասնել, թե ինչու՞ է հեռացնում Ռուբեն Վարդանյանին, ինչը հասարակական-քաղաքական շրջանակներում լայն քննարկման առարկա է դարձել։ 

Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակման օրից տարբեր կարծիքներ էր շրջանառվում, թե ու՞մ կողմից էր Արցախ գործուղված Ռուբեն Վարդանյանը։ Այս հարցի պատասխանը հանրությունը չունեցավ, մամուլում նույնիսկ կարծիքներ կային, որ հետագայում էլ Ռուբեն Վարդանյանը պիտի դառնա Արցախի նախագահ։ Այդպես էլ Ռուբեն Վարդանյանի Արցախում հայտնվելը մնաց առեղծված։ 

Պաշտոնանկությունից հետո էլ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ ոչ միայն չի հեռանալու Արցախից, այլև իրեն չի պատկերացնում առանց Արցախի։ Մարդը հայրենասեր է։ Մեր օրերում էլ հայրենասիրությունն անչափ մոդայիկ է։ Ինչևէ։ 

Իսկ հիմա դառնանք Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը, որը, ի տարբերություն պաշտոնի նշանակմանը, ոնց որ թե մութ տեղ չունի։ Ռուբեն Վարդանյանի անձին պարբերաբար անդրադառնում էր նաև թշնամի պետության ղեկավարը և չէր թաքցնում, որ Ղարաբաղում Ռուբեն Վարդանյանի ներկայությունն ու բարձր պաշտոն զբաղեցնելն իրեն դուր չի գալիս, իսկ վերջին Ալիև-Փաշինյան Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ Ալիևը կրկին անդրադարձել էր Ռուբեն Վարդանյանի անձին և ընդգծել էր, որ «նա պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից»։ 

Եվ ահա Ալիևի հայտարարությունից օրեր անց Արայիկ Հարությունյանը պաշտոնանկ է անում Ռուբեն Վարդանյանին, հանրությանն էլ չի տեղեկացնում պաշտոնանկության պատճառների մասին, ինչը վտանգավոր է, ենթադրվում է, որ կատարել են Ալիևի պահանջը, իսկ մենք գիտենք, թե մեր թշնամի պետության ղեկավարը գիշատիչի ինչ հատկություն ունի, և պիտի այլ պահանջներ էլ ներկայացնի, ինչը մեծ ռիսկեր է պարունակում։ 

Այստեղից կարող ենք դարձյալ ենթադրություն անել, որ մեր իշխանությունները բանակցելու ունակ չեն, որ նստել են ու սպասում են, թե Ալիևի հաջորդ պահանջը ինչն է լինելու։ Մի օր էլ կարող է Էդ մեր գիշատիչ հարևանը միքիչ շուտ արթնանալ ու պահանջել իր «Արևմտյան Ադրբեջան» ցնդաբանությունը։ Բա հետո՞։ 

Իսկ եթե հիշենք, թե օրեր առաջ ՔՊ պատգամավորն ինչպես էր ասում, որ, եթե Ռուբեն Վարդանյանը հեռանա, Զանգեզուրի միջանցքի հարցը կփակվի, ապա պատկերն ամբողջական է դառնում։ Երկրի համար էս ճակատագրական պահին, որ մեր պետականության լինել չլինելու հարցն է դրված նման ինֆանտիլային վերաբերմունքը տխուր վերջաբան կունենա։ 

Մեզ անհրաժեշտ են հմուտ դիվանագետներ։ Երկիրը հասցրել են կործանման եզրին ու չեն էլ ուզում ընդունել, որ իրենք այլևս ընդունակ չեն դիմակայելու արտաքին ճնշումներին և պիտի հեռանան, որ երկիրը պիտի ղեկավարեն այնպիսի ուժեր, որ կարողանան թշնամի երկրի ղեկավարի հետ բանակցել, ոչ թե կատարեն նրա պահանջները։

Ջավահիր Այվազյան