Կորել է մտավորականի խիղճը


Հանրությանը ոչ այնքան հայտնի մի խումբ մտավորականներ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին բաց նամակ են գրել և ոչ ավել, ոչ պակաս կոչ են արել ինքնասպան լինել կամ հրաժարական տալ։ Մեղադրել են հնարավոր ու անհնար մեղքերի մեջ, վերջում էլ մեղադրել են 1994թ․ հաղթանակը մսխելու մեջ։ 

Հրաժարական պահանջելը դեռ ոչինչ, մի կերպ կարելի է հասկանալ (չնայած այս պահին Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելը կնշանակի ջուր լցնել Ալիևի ջրաղացին), բայց որ մտավորականները մարդուն ինքնասպանության են դրդում, էդ անհասկանալի բան է, ո՞նց կարող է մտածող մարդը մեկ այլ մարդու ինքնասպանության դրդել։ Ու 26 մտավորականեր միաձայն ուզում են, որ մարդն ինքնասպան լինի, վայ մեզ։ Սահմռկեցուցիչ է։ 

Փաստորեն մեր մտավորականներն իրենց թույլ են տվել քրեորեն պատժելի արարք։ Թողնենք մտավորականների խղճին, իսկ մենք անցնենք առաջ ու փորձենք հասկանալ, թե Արայիկ Հարությունյանի ո՞ր մեղքի համար են հարգելի մտավորակաները ինքնասպանության դրդում։ 

Եթե մեր մտավորականները մի քիչ ծանոթ լինեին մեր նորագույն պատմությանը, միայն Արայիկ Հարությունյանին չէին մեղադրի 1994 թ․ հաղթանակը մսխելու մեջ, չէին հաշվի այն տարիները, որ Արայիկ Հարությունյանը եղել է Արցախի կառավարման համակարգում, այլ մեղավորներ կփնտրեին Երևանում՝ սկսած 1998թ․ թե ովքեր են պաշտոներ զբաղեցրել Երևանում, ովքեր են մսխել 1994թ․ հաղթանակը, բայց առանց ինքնասպանության կոչերի։ 

Մտավորականների ցուցակը ստորագրողներից հանրությանը քիչ թե շատ հայտնի է Սերժիկ Սրապիոնյան անուն ազգանունը, որը 2013-2018թթ․ Սփյուռքի փոխնախարար է աշխատել և Մայր բուհում էլ սերունդ է կրթել, իսկ 2018թ․ հետո էլ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու ջերմեռանդ պաշտպաններից մեկն է եղել։ Պարոն Սրապիոնյանն իշխանության մաս կազմած տարիներին չէր հիշում, որ Արցախի խնդիրը պետք էր լուծել, ստատուս-քվոյի վերջը պատերազմն է, և չի մտածում, որ ինքն էլ իր մեղքի բաժինն ունի 1994թ․ հաղթանակը մսխելու մեջ։ Նրանք, ովքեր 1998թ․ մինչև այսօր սատարել են իշխանություններին բոլորն էլ իրենց մեղքի բաժինն ունեն։ 

Պարոն Սրապիոնյան, մինչև հեռավոր Արցախ հասնելը, մեղավորներ փնտրեք Երևանում, գուցե նաև Ձեր մերձավոր շրջապատում էլ լինեն, ու իրենց մեղքի բաժինը շատ ավելի մեծ կլինի, քան Արայիկ Հարությունյանինը։ 

Պարոն Սրապիոնյան, ո՞վ դուրս մղեց Արցախը բանակցություններից, ո՞վ էր հայտարարում թե շրջափակման մեջ դեռ 100 տարի էլ կզարգանանք, ո՞վ էր հաղթանակի տարիները համարում «ցուրտ ու մութ», ո՞վ էր Արցախի կոնֆլիկտի լուծման փոխզիջումային տարբերակը «պարտվողական» համարում, ո՞ւմ քարոզչական թեզն էր՝ ոչ մի թիզ հող թշնամուն, որ շարունակվեց մինչև 2020թ․ աղետալի պատերազմը,... մի՞թե այդ մարդկանց մեղքի բաժինն ավելի մեծ չէ, քան խեղճ Արայիկ Հարությունյանինը։ 

Եվ ընդհանրապես, 1998թ․պալատական հեղաշրջումից մինչև այսօրվա ղեկավարներն են իրենց մանկլավիկներով մսխել 1994թ․ հաղթանակը, որտեղ Արայիկ Հարությունյանի մեղքի բաժինն ամենաքիչն է։ Թե չէ Արայիկ Հարությունյանին ինքնասպանության դրդելն այնքան էլ ազնիվ բան չէ, և անհամատեղելի է մտավորականի խղճի հետ։ Հենրիկ Հովհաննիսյանը կասեր՝ իսկ ու՞ր է մտավորականի խիղճը։ Կորել է մտավորականի խիղճը։

Ջավահիր Այվազյան