Չորսուկես տարի անց Ավինյանն ուզում է սխալների ուղղում անել


Ամանորյա տոների կապակցությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները տարատեսակ մեկնաբանությունների առիթ են տվել։ Թե՛ ծախսվող աստղաբաշխական գումարները (աղքատ երկրի համար 650 հազար դոլարը աստղաբաշխական է), թե՛ Հանրապետության հրապարակի ճարտարապետական կոթողների պատերը ծակծկելը «պատշաճ» լուսավորություն ապահովելու համար։ Այդ կապակցությամբ Հայաստանի ճարտարապետների միությունը հայտարարություն տարածեց և կոչ արեց «դադարեցնել աշխատանքները, պատասխանատվության ենթարկել հուշարձան շենքերը վնասողներին»։

Այդ առիթով  էլ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասուլիս է հրավիրել և ասել․ - «Նախկինում այդ շենքերին հասցված վնասին դեռ անդրադառնալու ենք» (Առավոտ 02․12․2022թ):

«Հեղափոխությունից» չորսուկես տարի անց այդպես էլ սույն պարոնները չհասկացան, որ եթե նախկինները երկիրը հասցրած չլինեին աղետի շեմին, իրենք իրենց նույնիսկ ամենավարդագույն երազում իշխանություն չէին տեսնի։ Եվ վերջապես իրենք եկել են նրանց հասցրած վնասները, այլանդակությունները վերացնելու, ոչ թե շարունակելու, ինչպես իրենք են անում։ Չորսուկես տարի անց Ավինյանը  խոստանում  է, թե պիտի անդրադառնան նրանց հասցրած վնասներին։ Կարող էին նաև այլ տեխնոլոգիաներով լուսավորել և չայլանդակել ճարտարապետական կոթողների պատերը։ 

Իսկ հիմա դրանց գերշռայլ ծախսերի մասին։ Պատերազմող, շրջափակված  երկիր, կաթվածահար տնտեսություն, արտաքին պարտքը հատել է 10 մլիարդի սահմանը, որոշ վերլուծաբանների կարծիքով աղքատությունն արդեն  42%-ի է հասնում, հազարավոր զինհաշմանդամություն ունեցող երիտասարդներ։ Սրանք 650 հազար դոլար  են ծախսում (այս պարագայում ճիշտ բառը վատնելն է) ամանորյա զվարճանքներին։ Հասկանալի է, կյանքը շարունակվում  է, երեխաներին ուրախացնել է պետք, երեխաները  չեն պատկերացնում , թե երկիրն ինչ թշվառ վիճակում է գտնվում։  Կարելի էր  զուսպ անել, և ոտքը վերմակի չափ մեկնել։ Ամենայն հավանականությամբ իրենց թվում է, թե լավ բան են անում, բայց, ինչպես կասեր դասականը՝ ստացվել է ինչպես միշտ։

Ջավահիր Այվազյան