Սկսե՛նք Երևանից


Այօրվա մեր իրականությունը չդադարող մղձավանջ է։ Օրը սկսում ենք բոթերով, ավարտում՝ իրար միս ուտելով ու առօրեկան դարձած հայոյախառն փոխադարձ մեղադրանքներով։
Ու ոչինչ չի փոխվում։ Մեր ամեն «այսօրը» «երեկվանից» վատն է լինում։

«Համախմբում», «Միասնական ազգային օրակարգ», «Հասարակության հաշտեցում» ու նման կարգի կոչերը կորում են նեգատիվ տեղեկատվական հոսքերի ու գզվռտոցի հորձանուտում՝ վերածվելով կենացների։

Պարադոքսալ իրավիճակ է․  թվում է հասարակության բացարձակ մեծամասնությունը գիտակցում է ստեղծված իրավիճակի ծայրահեղ վտանգավորությունը, հասկացել է ինչու այս օրին հասանք, գիտի տեղի ունեցածի պատճառներն ու դրանց պատասխանատուներին, պահանջում է վերականգնել կորսված արժանապատվությունը, բայց վարանում է միասնական քայլ անել։ 

Հենց այս պարագայում Երևանի ավագանու ընտրությունները կարևորագույն նշանակություն են ստանում։ Ստեղծված իրավիճակում դրանք  դադարում են պարզապես քաղաքային նշանակության ունենալ։

Անցյալին վերադարձ չի՛ լինելու, իսկ ներկան օրեցօր ավելի խեղդող է դառնում։ Նախկինները չեն վերադառնալու, իսկ ներկաները պետք է հեռանան։ Այլընտրանք չկա։ 

Գործողը իշխանությունը պարտված է բոլոր առումներով։ Այն ունակ չէ ապահովել արժանապատիվ ու անվտանգ կյանք իր քաղաքացիների համար։ Պարտված իշխանությունն, իր կամքից անկախ, նոր պատերազմներ բերող է։ Այն կտրված է իրականությունից, նրան արհամարում է թշնամին, բանի տեղ չեն դնում ո՜չ ռազմավարական գործընկերները, ո՜չ էլ միջազգային հանրությունը։ 
 
Երևանը պե՜տք է կանգնեցնի բոլորիս անդունդ գլորվելը։ Եվ դա չի լինելու «Բանվորի արձանը» վերատեղադրելով։

Երևանի ընտրությունները պետք է ձախողված իշխանության հեռնալու մեկնարկը տան։ Երևանը պետք է քվեարկի հանուն արժնապատիվ խաղաղության ու կայուն անվտանգության, հանուն Արցախի ու շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայրենակիցների։

Գործող իշխանության վերարտադրումը Հայաստանի մայրաքաղաքում կնշնակի կանաչ լույս վառել թշնամու համար՝ կանգնեցնելով երկիրը պետականության կորստի, իսկ Արցախը՝ ցեղասպանության վտանգի առաջ։

Երևանի քաղաքապետի ընտրությունը պետք է հանդիսանա երկրում օդ ու ջրի պես անհրաժեշտ փոփոխությունների մեկնարկը։ Առաջիկա ընտրություններն՝ իրենց արդյունքով ոչ մի պարագայում չեն կարող դիտարկվել որպես վերջնանպատակ՝ դրանք պետք է լինեն Հայաստանում ամբողջական իշխանափոխության միջոց։

Եվ այս առումով խիստ կարևոր է բացառել հերթական անգամ «Նախկիններ, սևեր ու սպիտակներ», «Նիկոլի հետ համագործակցածներ» սպառված ու կեղծ օրակարգով քաղաքական ճահիճ մտնելը։ Նպատակը հստակ է՝ քաղաքային ընտրությունների միջոցով հասնել քաղաքական իրական փոփոխությունների։

Սա արժանապատվության հարց է։ Ցանկացած ուժ, առավել ևս ընտրություններին մասնակցող, որն այս տրամաբանության մեջ է, որը հստակ դիրք է ստանձնել գործող իշխանության հեռացման հարցում, անկախ ամեն ինչից դառնում է «բնական դաշնակից»։ 

Հայկական աշխարհը լարված զարգացումների շեմին է։ 

Բոլոր ուղղություններով մտնում ենք ակտիվ իրադարձությունների նոր շրջափուլ։ Եվ շատ շուտով կերևա, թե ովքեր են, ամպագոռգոռ խոսալով, գնալու տուն, և ովքեր են՝ ստանձնած պարտավորություններով մնալու հանրային կյանքում։

Ապագան հնարավոր է փոխել, և այն պե՜տք է փոխվի։ Սկսե՜նք Երևանից, փոխե՜նք ապագան։ 

Վախթանգ Մարգարյան

Լուսանկարը՝ pinterest.com-ի