Հիշարժան և տոն օրեր, մարտի 3

Տոներ 03.03.2021   09:00   166

Միջազգային

Գրողների համաշխարհային օրը (World Day of the writer)

  • Ամեն տարի մարտի 3-ին աշխարհի գրեթե բոլոր երկրներում նշվում է Գրողների համաշխարհային օրը (World Day of the writer)։ Տոնի լրիվ անվանումը՝ Գրողների համար խաղաղության համաշխարհային օրը, հաստատվել է միջազգային Փեն-ակումբի կողմից (International PEN Club) 48-րդ կոնգրեսի որոշման արդյունքում, որը կայացել է 1986 թվականի հունվարի 12-18-ը։ Փեն-ակումբը հիմնվել է 1921 թվականին։ Կազմակերպության անվանումը 3 տառերի հապավում է՝ Poets (պոետներ), Essayists (ակնարկագիրներ), Novelists (վիպագիրներ)։ Կազմակերպությունը հիմնելու գաղափարը անգլիացի գրող Քեթրին Էմի Դոուսոն-Սքոթինն է։ 1923-ին կայացել է Փեն-ակումբի առաջին միջազգային կոնգրեսը, որից հետո փեն-ակումբներ են հիմնվել աշխարհի 11 երկրներում։ Այսօր նման կենտրոններ կան աշխարհի 130 երկրներում։ Փեն-ակումբը հանդես է գալիս ազատ մամուլի պաշտպանության դիրքերից և խաղաղ ժամանակներում գրաքննության կամայական կիրառման դեմ։ Ինքը՝ Գրողի համաշխարհային օրը, այսօր աշխարհի շատ երկրներում տոնում են ոչ միայն գրողները։ Այն նաև չորրորդ իշխանության մասնագիտական տոնն է համարվում։

Վայրի բնության համաշխարհային օրը (World Wildlife Day)

  • 2013 թվականի դեկտեմբերի 20-ից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում որոշում կայացվեց մարտի 3-ը հռչակել Վայրի բնության համաշխարհային օր։ Օրվա նպատակն է բարձրացնել վայրի բնության ու կենդանական աշխարհի մասին հասարակության տեղեկացվածությունը։ Տոնի նպատակն է բացատրել մոլորակի կենսաբանական բազմազանության անհրաժեշտությունը, ցույց տալ այդ բազմազանության գեղեցկությունը ու բնապահպանական գործունեությամբ զբաղվելու օգտակարությունը։ Այս օրը մեզ հիշեցնում է նաև վայրի բնությանն ուղղված հանցագործությունների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, որոնք իրենց հետ հեռուն գնացող տնտեսական, էկոլոգիական ու սոցիալական հետևանքներ են բերում։ Տոնի նպատակն է նաև հոգ տանել անհետացող բուսատեսակների ու կենդանատեսակների մասին։

Ականջի և լսողության առողջության պահպանման միջազգային օրը (International Day for Ear and Hearing)

  • Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը ականջի և լսողության առողջության պահպանմանն ուղղված հատուկ օր է սահմանել։ Ամեն տարի՝ մարտի 3-ին, նշվում է Ականջի և լսողության առողջության պահպանման միջազգային օրը։ Ենթադրվում է, որ այս օրը տարբեր երկրների բժշկական ու կամավորական կազմակերպությունները պետք է միջոցառումներ անցկացնեն՝ հասարակությանը ականջի ու լսողության հետ կապված հնարավոր խնդիրներին ծանոթացնելու նպատակով։ Մյուս կողմից Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը խոստանում է կազմակերպության անդամներին բազմակողմանի աջակցություն ցույց տալ ականջի ու լսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց բժշկական ու պրոֆիլակտիկ օգնություն կազմակերպելու հարցում։ Այսօր լսողության կորուստը աշխարհում հաշմանդամության սենսորային ձևերից ամենատարածվածն է։ Լսողության խնդիրներով ու խլությամբ աշխարհում տառապում է մոտ 360 միլիոն մարդ։ Որպես խլության հիմնական պատճառներ նշվում են գենետիկ խախտումները, ականջի քրոնիկ ինֆեկցիաները, մի շարք հիվանդություններ՝ մենինգիտ, խոզուկ, կարմրախտ և այլն, ինչպես նաև որոշ դեղերի ու միջավայրի վնասակար գործոնների ու առաջին հերթին՝ աղմուկի ազդեցությունը։ Բժիշկների կարծիքով խլության դեպքերի կեսից ավելիի դեպքում կարելի կլինի կանխել այն՝ վերացնելով նրա զարգացման պատճառները։
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 3, Հիշարժան և տոն օրեր

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon