Սվո Ռաֆ․ Խորհրդային միության հայ կնքահայրը


Ռաֆայել Բաղդասարյանը, ով ավելի հայտնի է որպես Սվո Ռաֆ, ծնվել է 1930 թվականի փետրվարի 10-ին Երևանում։

Ապագա «օրենքով գողի» մանկությունն անցել է Երևանի կենտրոնում՝ Ալավերդյան փողոցի երկհարկանի տներից մեկում, որտեղ Բաղդասարյանի ընտանիքը Ռաֆայելի ծնունդից մեկ տարի առաջ տեղափոխվել էր Հոկտեմբերյան քաղաքից։

Պատերազմի տարիների շատ դեռահասների նման Ռաֆին էլ հիմնականում փողոցն է դաստիարակում, որտեղ նա պատանի տարիներին ծանոթանում է երևանյան հեղինակություն Ժոժոյի հետ, գրում է rusarminfo-ն։

Առաջին անգամ Ռաֆայել Բաղդասարյանը օրենքը խախտել ու գողություն է արել 11 տարեկանում։ 6-րդ դասարանից թողել է դպրոցն ու շուտով տեղափոխվել Մոսկվա։

Սվո Ռաֆի մասին եռահատոր գիրք գրած Սերգեյ Գալոյանը նշում է, որ հայ «օրենքով գողը» ընդհանուր թվով 15 դատվածություն է ունեցել՝ 34 տարի։ Այդ տարիները նա ամբողջությամբ բանտում է անցկացրել։

Սվո Ռաֆի բանտային կենսագրությունը բնութագրվում է ռեժիմի համակարգային խախտումներով, աշխատանքից հրաժարվելով, փախուստի փորձերով, որն այն ժամանակ խորհրդային գողական շրջանում շատ հարգի էր։ Նա ոչ մի անգամ ոչ մի ցուցմունք չի տվել ու ոչ մի արձանագրություն չի ստորագրել։

Ըստ եղած տվյալների՝ Սվո Ռաֆը օրենքով գող է կնքվել 1972 թվականին, բայց ըստ նրա կենսագրի, հանցագործ աշխարհում Ռաֆի ազդեցության կիզակետը 20-րդ դարի 80-ականներին է եղել։

Սվո Ռաֆը ողջ ԽՍՀՄ հանցագործ աշխարհի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն է եղել։ Հայ «օրենքով գողի» հետևից որս էին դուրս եկել Ինտերպոլը, ԱՄՆ-ի ու Գերմանիայի իրավապաշտպանները։

Սվո Ռաֆի մասին շատ իրական պատմություններ ու լեգենդներ կան, բայց դրանց բոլորից կարելի է մի եզրակացության գալ՝ այն, որ այս մարդը անվիճելի հեղինակություն է ունեցել ու հարգանք է վայելել ոչ միայն հանցագործ աշխարհում, այլ նաև դրա սահմաններից դուրս։

Հայ կնքահայրը վերջին անգամ ձերբակալվել է 1992 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայի «Մինսկ» հյուրանոցի իր համարում։ Մինչև մեղադրանքներ հարուցելը նա քննչական մեկուսարանում է եղել, մի քանի ամիս անց տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ 1993 թվականի հունիսի 23-ին մահացել է։ Նրա մահվան հանգամանքները մինչ օրս էլ մինչև վերջ բացահայտված չեն։

Սվո Ռաֆի թաղման արարողությունը Երևանի պատմության մի մասն է դարձել։ Հայաստանի մայրաքաղաքը, որն այն ժամանակ էներգետիկ բլոկադայի մեջ էր ու օրվա մեջ մի քանի ժամ էր լույս ունենում, 3 օր շարունակ շուրջօրյա լուսավորություն է ստանում։ Ռաֆին հրաժեշտ տալու են գալիս նույնիսկ Բաքվի «գործընկերները», իսկ Երևանի օդանավակայանը այդ օրերին 17 չարթերային ռեյս է ընդունում։ Որոշ տվյալների համաձայն՝ թաղմանը աշխարհի տարբեր անկյուններից մոտ 200 հազար մարդ է մասնակցել։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը