Ով ինչպես կգրեր «Կարմիր Գլխարկը»


Էդգար Պո

Հնամենի, մռայլ, խորհրդավոր-անթափանց շղարշով պարուրված անտառեզրին, որի վրա սահում էին չարագույժ գոլորշիացումների արջնաթույր ամպերը և ասես լսվում էր շղթաների ճակատագրառաք զնգոցը, միստիկ զարհուրանքի մեջ ապրում էր Կարմիր Գլխարկը…

Էռնեստ Հեմինգուեյ

Մայրը մտավ ներս: Նա սեղանին դրեց տոպրակը: Տոպրակում կաթ էր, սպիտակ հաց և հավկիթներ:

- Ահա,- ասաց մայրը:

- Ի՞նչը,- հարցրեց նրան Կարմիր Գլխարկը:

- Ահա այս,- ասաց մայրը,- տար տատիկիդ:

- Լավ,- ասաց Կարմիր Գլխարկը:

- Եվ աչքերդ չորս արա,- ասաց մայրը: - Գայլը:

- Այո:

Մայրը նայում էր, թե ինչպես իր դուստրը, որին Կարմիր Գլխարկ էին անվանում, քանի որ նա միշտ դնում էր կարմիր գլխարկ, դուրս ելավ: Եվ նայելով իր հեռացող աղջկա ետևից, մայրը մտածեց, թե շատ վատ է նրան մենակ անտառ թողնելը, և, բացի այդ, նա մտածեց…

Գի դը Մոպասան

Գայլը հանդիպեց Կարմիր Գլխարկին: Գայլը զննում էր նրան յուրահատուկ հայացքով, որով փարիզյան փորձառու ցոփակյացն է նայում այն խորաթափանց պչրուհուն, որը դեռևս ջանում է իրեն ներկայացնել որպես մի անմեղ էակ: Բայց նա այդ աղջկա անմեղությանը հավատ էր ընծայում ոչ ավելի, քան հենց ինքը`աղջիկը, և կարծես տեսնում էր արդեն, թե ինչպես է նա մերկանում, ինչպես են շրջազգեստները մեկը մյուսի հետևից ցած սահում, և աղջիկը մնում է շապկանց, որի տակից գծագրվում են մարմնի քաղցրահմա ելևէջները…


Публикация этого материала поддержала сайт LikesForge Soundcloud Plays.


Վիկտոր Հյուգո

Կարմիր Գլխարկի մարմնով սարսուռ անցավ: Նա մենակ էր, միայնակ էր, մեն-մենակ, մենումենիկ, որպես մի ասեղ անապատում, որպես ավազահատիկ աստղերի մեջ, որպես գլադիատոր` պարուրված թունավոր օձերով, որպես մի լուսնոտ`թեքված տանիքն ի վեր ու ծխնելույզն ի վար…

Ջեկ Լոնդոն

Սակայն նա արժանավոր դուստրն էր իր ցեղի, նրա երակներում հոսում էր ճերմակ նվաճողների զորավոր արյունը: Այդ պատճառով էլ, աչքն անգամ չթարթելով, նետվեց գայլի վրա, մի խորտակիչ հարված հասցրեց, որին զորավիգ կանգնեց դասական ապերկոտով: Զարհուրած գայլը կաղկանձելով վնգստաց ու փախս տվեց: Նայում էր ետքից Կարմիր Գլխարկը` կանացի հմայիչ ժպիտը դեմքին…

Օնորե դը Բալզակ

Գայլը վերջապես հասավ տատիկի տնակին և դուռը թակեց: Դուռը շինված էր 12-րդ դարի կեսերին`անհայտ վարպետի կողմից: Նա դուռը տաշել էր այն ժամանակներում մոդայիկ կանադական կաղնու փայտից, դռանը հաղորդել դասական քառանկյունաձև տեսք և այն կախ տվել երկաթե ծխնիներից, որոնք մի ժամանակ, թերևս, լավ էին սեպվել, բայց վաղուց արդեն սահմռկեցնող ճռինչ էին արձակում: Դռան վրա չկար որևէ զարդանախշ կամ խորաքանդակ, միայն մի քերծվածք էր նշմարվում աջ անկյունում, որի մասին ասեկոսեներ էին պտտվում, թե այդ շեղակի հետքն իբր սեփական սուսերի խոցասայրով խազել էր ոմն մի Սելեստեն դը Շավարժ` Մարիա-Անտուանետայի ֆավորիտը և Կարմիր Գլխարկի` մայրական գծով տատմոր պապի զարմիկը: Մնացյալ ամեն ինչով դա մի ամենասովորական դուռ էր, այդ իսկ պատճառով չարժե այդ դռան վրա կանգ առնել ավելի մանրամասն…

Յարոսլավ Հաշեկ

- Յաա՞, էս ի՞նչ արեցի,- մռթմռթաց Գայլը։- Փչացրի...

Օսկար Ուալդ

Գայլ - Կներեք, Դուք չգիտեք իմ անունը, բայց…
Տատիկ - Օ՛, դա ոչ մի նշանակություն չունի: Ժամանակակից հասարակության մեջ ամենահամբավաբեր անվանն են արժանանում հատկապես նրանք, ովքեր առհասարակ զուրկ են անունից: Ինչո՞վ կարող եմ ծառայել:
Գայլ - Հասկանում եք… Անչափ ցավում եմ, բայց ես եկել եմ Ձեզ կուլ տալու:
Տատիկ - Որքան հաճելի է: Դուք շատ սրամիտ ջենտլմեն եք:
Գայլ - Բայց ես լո՜ւրջ եմ խոսում:
Տատիկ - Եվ դա յուրահատուկ փայլ է հաղորդում Ձեր սրամտությանը:
Գայլ - Ուրախ եմ, որ Դուք այնքան էլ լուրջ չեք վերաբերվում այն փաստին, որի մասին Ձեզ պահ առաջ հաղորդեցի:
Տատիկ - Ներկա ժամանակներում լուրջ փաստերին լուրջ վերաբերվելը կնշանակեր վատ ճաշակ դրսևորել:
Գայլ - Իսկ ինչի՞ն պետք է լուրջ վերաբերվենք:
Տատիկ - Բնականաբար` հիմարություններին: Դուք, ընդսմին, անտանելի եք:
Գայլ - Ե՞րբ է գայլն անտանելի լինում:
Տատիկ - Երբ ձանձրալի հարցեր է տալիս:
Գայլ - Իսկ կի՞նը:
Տատիկ - Երբ ոչ ոք նրան չի կարողանում տեղը-տեղին իր տեղը դնել:
Գայլ - Դուք շատ խի’ստ եք ինքներդ Ձեր հանդեպ:
Տատիկ - Հույսս դրել եմ Ձեր համեստության վրա:
Գայլ - Վստահեցնում եմ. ես ոչ մեկին բառ անգամ չեմ ասի (կուլ է տալիս տատիկին):
Տատիկ - (Հեռացող ձայնով` գայլի որովայնից) Ցավում եմ, որ այդքան աճապարեցիք: Հենց նոր ցանկություն արթնացավ Ձեզ պատմելու մի շատ զավեշտական դիպված…

Էրիխ Մարիա Ռեմարկ

- Մո՜տ եկ,- ասաց Գայլը:

Կարմիր Գլխարկը լցրեց երկու ըմպանակ կոնյակ (կամ կալվադոս, ջին և այլն) և նստեց նրա մահճակալի գոգին: Նրանք շնչում էին կոնյակի (կալվադոսի, ջինի և այլնի) ծանոթ բույրը: Այդ բույրի մեջ թախիծ կար և խոնջանք` մարմրող մթնշաղի թախիծն ու խոնջանքը: Կոնյակը (կալվադոսը, ջինը և այլնը) այլևս հենց կյանքն էր:

- Իհարկե,- ասաց Կարմիր Գլխարկը,- մենք զուր էինք հույս տածում: Ես ապագա չունեմ:

Գայլը լռում էր: Նա համաձայն էր…

Միխայիլ Զոշչենկո

... Այդպիսով, ճանաչում եմ մի կնոջ: Անտառայինի նրբանցքում է ապրում: Քաղաքացի Կամրագլխարկովան: Շատ լավիկն է և զուգագուլպաներ է կրում: Մի անգամ ստիպված էր անտառով անցնել: Տատիկը նրա հյուր էր կանչել: Հետը զամբյուղ ուներ՝ ասեղնագործ պայուսակներն էլ նորաձև չեն: Մեջը՝ կաթ ու կարկանդակ: Միգուցե թունդ ինչ-որ բան էլ: Ասենք՝ օղի: Կամ կալվադոս: Իսկ անտառի մոտ Վոլկովն էր ապրում: Աննշան մեկը: Հարբեցող: Ու անբարոյական: Վերջերս նա վաճառեց իր կոշիկները և այժմ ոտաբոբիկ է ման գալիս: Այսպիսով, Կարմրագլխարկովայի ոտի տակն է ընկնում, իսկ սա, թե՝

- Զարմացնում եք ինձ, ի դեպ, քաղաքացի Վոլկով։ Եվ կարծում եք ես օղի կտա՞մ:

Այստեղ Վոլկովը սմքում է և տրամադրությունը գցում: Նա շատ է նեղվում: Աչքերի առջև հալվում է՝ նայելու բան էլ չի: Նա  մասնավորապես մտածում էր ճղճիմ անցյալի հետ կապերը խզելու և ճիշտ ճանապարհին ոտաբոբիկ կանգնելու մասին: Նա աճապարում է քաղաքացի Կարմրագլխարկովայի հասցեին ազդու հաճոյախոսություն կատարել` նրա բարետեսության վերաբերյալ: Եվ այնպիսի կոպտության է արժանանում, որ դա նրան անորոշ ժամանակով նետում է իր իսկ զարգացման նախնական փուլը: Ահա այսպես է արտահայտվում քաղաքացիների անդաստիարակությունը մեր երիտասարդ հանրապետության բարեվարքության մակարդակում: Նողկալի է արդեն: Թուհ։

Կուրթ Վոնեգութ

Գայլն այսօր արդեն նախաճաշել էր, դրա համար էլ չխժռեց Կարմիր Գլխարկին։ Գայլը մի երազանք ուներ։ Նա երազում էր նստել ուտելիքի պատշարով ապահովված մի տան տաքուկ անկյունում և այլևս երբեք չթափառեր անտառով մեկ։ «Իսկ որտե՞ղ է ապրում քո տատիկը»- հարցրեց Գայլը։ Եվ երբ Կարմիր Գլխարկը նրան պատասխանեց, Գայլի չափազանց մեծ ուղեղում ծրագիր հղացավ, թե ինչպես և Կարմիր Գլլխարկին ունենա, և նրա տատիկին, և կարկանդակները։ Պետք է ասեմ ձեզ, որ մեկ օր անց Գայլը սատկած կլինի։ Պատահաբար մոտակայքով անցնող անտառահատները կճղեն նրա փորը և նրանից գերազանց խրտվիկակ կպատրաստեն։ Այդ խրտվիլակը գյուղական դպրոցում կպահպանվի 17 տարի, մինչև հարդեհներից մեկի ժամանակ լիովին այրվելը։ Գյուղացի պատանյակ Վանյան մոխիրների միջից կգտնի նրա ժանիքներից մեկը՝ հետագայում հարևան տղաների հետ ճկուն մետաղով փոխանակելու համար։ Բայց դա արդեն մեկ ուրիշ պատմություն է... Իսկ մինչ այդ ոչինչ չկասկածող Գայլը գնում էր դեպի Տատիկի տուն...

Ումբերտո Էկո

1968 թվականի օգոստոսի 16-ին ձեռք բերեցի «Մանկական և ընտանեկան հեքիաթներ» անվանումով գիրքը  (Լայպցիգ, Աբելի և Մյուլերի տպագրատուն, 1888)։ Թարգմանության հեղինակները հանդիսանում էին ոմն Գրիմմ եղբայրներ։ Բավականին դժգույն պատմական մեկնաբանություններում հաղորդվում էր, որ թարգմանիչները բառացի կրկնել են XVII դարի ձեռագիր հրատարակությանը, որը հայտաբերել էր Մելկի վանական համալիրի գրադարանում Ֆրանսիական ակադեմիայի 17-րդ հարյուրամյակի նշանավոր անդամ Պեռոն, որ այնքան բան է արել Լյուդովիկ Մեծիժամանակաշրջանի պատմագրության ասպարեզում։ Գայթակղության մոլուցքով ես ըմբոշխնեցի սարսափազդու հեքիաթը և այնքան էի տարված, որ ինքս էլ չնկատեցի, թե ինչպես սկսեցի թարգմանել, լրացնելով «Ժոզեֆ Ժիբեր» ֆրամայի հրաշալի ընհանուր տետրերը, որոնցում ընդունված է գրել, եթե, իհարկե, գրչածայրը բավականին փափուկ է։ Որպես ընթերցող, հավանաբար, արդեն հասկացաք, որ խոսքը «Կարմիր գլխարկի» մասին է։

Գաբրիել Գարսիա Մարկես

Կանցնեն տարիներ և Գայլը, գնդակահարության սպասումով պատի տակ կանգնած, կվերհիշի այն հեռավոր երեկոն, երբ Տատիկը տորթի հետ այնքան մկնդեղ կերավ, որ կբավականացներ մի սուրու առնետ ոչնչացնելուն։ Սակայն նա, կարծես ոչինչ էլ չէր պատահել, ծվատում էր դաշնամուրի ստեղնաշարը և երգում մինչև կեսգիշեր։ Երկու շաբաթ անց Գայլը և Կարմիր գլխարկը փորձեցին պայթեցնել անտանելի պառավի կացարանը։ Նրանք սրտի թրթիռով հետևում էին, թե ինչպես է պայթուցիչի լարով ընթանում երկնագույն կայծը։ Նրանք երկուսով փակում են ականջները, բայց իզուր, քանի որ ոչ մի պայթյուն էլ տեղի չունեցավ։ Երբ Կարմիրր գլխարկը համարձակվեց մտնել վրան՝ համոզվելու, որ Տատիկն արդեն դիակ է, տեսավ, որ նրա մեջ կյանքը եռում է. պառավը պատառոտված գիշերազգեստով ու խանձված պարիկով այս ու այն կողմ էր նետվում՝ մարելով կրակը ծածկոցով։

Դանիիլ Խարմս

Երկու փայտահատ որսի գնացին 
Տատը պատի տակ ականատ փորեց
Կ.Գ.-ն կարկանդակ ճահիճը նետեց 
Իսկ գայլը վախից տակն ընկավ կացնի