Աղքատությանը նպաստող 4 գործոն


Աղքատությունը միայն աշխատանքի, փողի ու հնարավորությունների պակաս չէ: Աղքատությունը կարող է լինել հոգեվիճակ, որն էլ կարող է փոխանցվել գենետիկորեն:

Բիզնես խորհրդատու Նատալյա Գրեյը ներկայացնում է այն չորս գործոնները, որոնք աղքատության պատճառ կարող են դառնալ: Նա վստահ է, որ կան գենետիկ աղքատության նշաններ, որոնք ծրագրավորում են իրենք` մարդիկ:

Աղքատությունը նաև չլվացված գլուխն ու կեղտոտ մազերն են:

Մտածելակերպ

Եթե ինչ-որ մեկի տանը տարիներ շարունակ նույն փոշոտ, զսպանակները դուրս եկած բազմոցն է դրված, դա դեռ չի նշանակում, որ տան տերը գումար չունի:

Աղքատության հետ կողք կողքի սովորաբար քայլում են նաև կեղտն ու փնթիությունը: Կեղտը ոչ թե անհուսության, այլ մտածելակերպի հետևանք է: Եթե կեղտն ու աղքատությունը հաճախ են միասին հանդիպում, ուրեմն աղքատությունը նույնպես մտածողություն է: Եթե ուշադիր հետևեք շրջապատին, հաստատ, կտեսնեք, որ կան «ոչ աղքատ» աղքատներ, որոնք սիրում են օգտագործել հին, անպետք իրեր:

Լավ օրվա համար պահված բաժակները երբեք չեն օգտագործվում:

Քաղքենիություն

Քաղքենի հաճախ կոչում ենք նրանց, ովքեր ձևական են ու, հաստատ, ոչ աղքատ: Բայց քաղքենին նա է, ով ջուր խմում է հին, ճաքած կամ կոտրված բաժակով, մինչդեռ նոր բաժակները դարակում են ու հիմնականում չեն օգտագործվում:

Կենցաղային այս օրինակը շատ տներում կարելի է տեսնել: Սև օրվա համար պահվում են փողեր, իսկ լավ օրերի համար` նոր սպասք: Սակայն լավ օրեր գրեթե չեն լինում, իսկ սևի են վերածվում գրեթե բոլոր օրերը: Նա, ով ապրում է, սպասելով լավ օրերին ու իրադարձություններին, դրանք երբեք չեն գալիս:

«Ես»-ի համար գումար ծախսելու վախը աղքատության նշան է:

Մոխրոտի բարդույթ

Նույն գումարով կարելի է լինել և աղքատ, և հարուստ: Մոխրոտները սովոր են մաշված ներքնազգեստի, ճմրթված շորերի: Իսկ սեփական կարիքների համար ծախսած ամեն մի դրամ մեղքի զգացողության ու դժբախտության պատճառ է դառնում:

Երեխաները, որոնք տանը տեսնում են միայն մաշված կահույք ու հնացած ապրանքներ, մեծանում են՝ վախենալով գնել նորը: Նրանք հաճախ իրենց արժանի չեն համարում ունենալ նոր զգեստ կամ նոր իր: Դա կոչվում է գենետիկ աղքատություն:

Հարստությունն ու աղքատությունը մեր մտածողության արտացոլումն են:

Ենթագիտակցական ծրագրավորում

Անտոն Չեխովն ասում էր, որ ծեփերը թափված պատերն ու կեղտոտ միջանցքները վատ են ազդում ուսանողների կրթության որակի ու սովորելու ցանկության վրա: Կեղտն ու աղքատությունը ճնշում են մարդուն, սովորական դարձած աղքատիկ ու հին իրերը ծրագրավորում են մարդուն լինել ձախողակ:

Շատերը վստահ են, որ աղքատության հանդեպ ատելությունը կարող է սովորելու, աշխատելու ու փող ունենալու խթան դառնալ, բայց շատերն ուղղակի կոտրվում են աղքատության բեռի տակ: Պետք է հեռու պահել ոչ միայն դժբախտությունը, այլ նաև աղքատությունը: Հարստությունը խելքի նշան է, աղքատությունը` նույնպես: