Հայհոյող կանայք մեր


Կան պարզ ճշմարտություններ, որոնք մարդկությունը հազարամյակներով հղկել ու ամրագրել է։

Դրանց թվում կան նաև զուտ «գենդերային տաբուներ»։ Մասնավորապես՝ կինը չպետք է հայհոյի: Այնպես, ինչպես որ կինը կարող է շպարվել կամ կոկետ լինել, իսկ տղամարդը՝ ոչ։

Այո՛, ժամանակակից աշխարհն ընդլայնեց թույլատրելիի սահմանները՝ վերացնելով հնուց եկած բազմաթիվ պայմանականություններ։ Ու այսօր կանայք «իրենցով են արել» տղամարդկանց բնորոշ բազմաթիվ ատրիբուտներ։

Օրինակ՝ հայհոյելը։ Հեռու չգնանք։ Ֆեյսբուքի հայկական տիրույթում կանայք ու աղջիկները ակնհայտ ավելի գռեհիկ են դարձել։ Չգիտես ինչու որևէ երույթին, իրադարձությանը կամ անձին գնահատական տալն ու սեփական վերաբերմունքն արտահայտելը համեմված է փողոցային գռեհկաբանությամբ։ Ընդ որում, թույլ սեռի կողմից հանրային տիրույթում հայհոյախառը այնպիսի բառապաշար է թևածում, որից կխուսափի ցանկացած քիչ թե շատ պարկեշտ տղամարդը։

«Բ․․․ տղա, գ․․․, ա․․․․․ բալա»՝ նման բառապաշարը կարծես սովորական է դառնում միջին վիճակագրական հայ կնոջ համար։

Ի սկզբանե խոսքն էր։ Խոսքը դա հենց մարդն է։ Աքսիոմատիկ այս ճմարտությունների կողքին հայհոյող կինը ավելի քան տարօրինակ է։ Մնում է միայն հասկանալ՝ ի՞նչ է տալիս հայոհայանքը կնոջը։ Դարձնում է նրան ավելի ինքնավստա՞հ, ավելի կայացա՞ծ, ավելի համոզի՞չ, թե՞ ավելի կանացի՞․․․

Ամեն դեպքում՝ ով ինչ ուզում է ասի, բոլոր ժամանակներում հայհոյանքը համարվել է թերի մտածողության նշան։