Ինչու են ինքնավստահ տգետները


Մակերեսային գիտելիքի տեր մարդիկ, հատկապես նոր ժամանակներում, ավելի ինտենսիվ, ավելի ագրեսիվ վարք են դրսևորում: Նրանք չեն խորշում բանավիճել անգամ իրենցից շատ ավելի բանիմաց մարդկանց հետ: Իրենց անգիտության մեջ  նրանք առավել քան «հաստատակամ» են, անասելի համառ, ինքնասածի, անամոթ ու «նպատակային»: Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց  վերջիններիս՝ անպարկեշտության հասնող համառությունը նրանց «տեղ» է հասցնում: Նրանք գործի գիտակներից՝ իրական մասնագետներից ավելի բարձր դիրք են գրավում ու ավելի մեծ ճանաչման արժանանում:

Իսկ հետաքրքիր է, ո՞րն է մարտնչող անգրագիտության «դպրոցի» արձանագրած հաջողության գաղտնիքը:

1999 թվականին՝ «Journal of Personality and Social Psychology» պարբերականում այս երևույթը գիտականորեն հիմնավորել են  Ջասթին Կրյուգերը և Դևիդ Դաննինգը:           

Ուսումնասիությունները վկայում են, որ որակավորման ցածր մակարդակ ունեցող մարդիկ առավել հակված են սխալ եզրահանգումների: Սխալ որոշումներ ընդունելով հանդերձ, նրանք համառորեն չեն ընդունում սեփական սխալները (թերևս հենց նույն ցածր որակավորման ու անհրաժեշտ  գիտելիքի բացակայության պատճառով)։  Հետաքրքիրն այն է, որ «զոռբաներն» այդ ամենը ներկայացնում են դեմքի ինքնավստահ և առարկություն չհանդուրժող արտահայտությամբ:

Նրանք գերագնահատում են սեփական ունակություններն ու գիտելիքները: Անիրազեկ լինելով հանդերձ, ի տարբերություն  ոլորտի մասնագետների՝  նրանք առավել ինքնավստահ են։ Վերջիններիս կողմից դրսևորվող ինքնավստահությունն էլ շփոթության է մատնում բուն մասնագետներին: Նրանք «զոռբաներին» սխալմամբ լուրջ փորձագետների տեղ դնելով՝ վերջիններիս  պատասխանատու աշխատանք կամ պաշտոն  են վստահում: Բարձր որակավորում ունեցող, բանիմաց  մասնագետները հակառակը՝ իրենց ուժերի հանդեպ անվստահ են, թերագնահատում են իրենց ունակությունները, և ավելի կոմպետենտ համարում անգետներին:

Կոգնիտիվ այս աղավաղումն էլ կոչվում է Դաննինգ-Կրյուգերի էֆեկտ։

 Ուսումնասիրողների՝ հետազոտության արդյունքում արձանագրած հիմնական եզրակացությունները սրանք են՝

  • Ցածր որակավորում ունեցող մարդիկ հակված են գերագնահատել սեփական ունակությունները, 
  • չեն կարող արժանվույնս  գնահատել ուրիշների գիտելիքները,
  • ունակ չեն ընկալել իրենց իսկ ոչ կոմպետենտության ամբողջ խորությունը,
  • վերջիններս կրթվելուց ու  իրենց որակավորումը բարձրացնելուց հետո են գիտակցում իրենց նախկին ՝ ոչկոմպետենտության իրական մակարդակը: