Արմեն ֆոն Գևորգյան. Սև մածուն, սպիտակ մածուն


20 տարի շարունակ իշխանությունն ուզուրպացրած մի խումբ՝ մածունը մշտապես սև է ներկայացրել։ Ու երբ որևէ մեկն ասում է, որ մածունը սպիտակ է, նախկին իշխանության ներկայացուցիչները «տուրք տալով»  ավանդական դարձած իներցիայի՝ շարունակում են պնդել, ավելին՝ աղմկել, թե՝ չէ, մածունը սև է։

Մածունն, իհարկե, սև չէ։ Սպիտակ է։ Մածունը 20 տարի առաջ էլ էր սպիտակ։ Դրանից առաջ էլ։ Բայց 20 տարի առաջ, իշխանության գալու համար, պետք էր սպիտակը սևացնել։ Եվ եկան իշխանության՝ սպիտակը սևացնելով։ Եկան իշխանության՝ արյունով սևացնելով սպիտակը։

Քանի որ անհեթեթ է մածունի սպիտակությունն ապացուցելը, ուստի անդադար քարոզվում էր մածունի սևը։ Սև էր սպիտակը։ Սպիտակին սպիտակ ասողներն աստիճանաբար հեռացան, դուրս մղվեցին, ունեզրկվեցին, արտագաղթեցին կամ հայտնվեցին բանտերում։

Իհարկե, մածունին սև ասողներն էլ հստակ գիտեին, որ մածունը սպիտակ է։ Թերևս միայն պիոներական հավատով կարող էր մածունի սև ապագան հավերժ թվալ և շարունակել սև մածունը սպիտակ մածունի տեղ անցկացնել։ Ու անցկացնում էին։ Շարունակ... Երկար ու ձիգ տարիներ...

Բայց, մեկ է՝ մածունն սպիտակ է։ Այսքան բան։ Մնացածը քնարերգություն է։

Արմեն ֆոն Գևորգյան