Յոլա գնացողների ու քաղաքացիական գիտակցության մասին


Մեծ հաշվով կանաչի վաճառողի ինչի՞ն է պետք քաղաքացիական գիտակցությունը։ Ինքն իր կանաչին մի օր դժվարությամբ, մի օր հեշտությամբ վաճառում, օրվա իր 1000-2000 դրամի խնդիրն է լուծում և կարիք չունի միտքը ծանրաբեռնել վաղվա օրվա պլանավորմամբ։ Որովհետև վաղն էլ է կանաչի վաճառելու։ Երեխեքն էլ մի կերպ կմեծանան, մի տեղ, կամ մեկի մոտ գործ կճարեն՝ յոլա կգնան։ Չե՞ն ուզենա յոլա գնալ, կուզենան ավելի՞ լավ ապրել՝ թող լավ սովորեն, ավելի լավ գործի լինեն, ավելի շատ ստանան։ Չե՞ն կարող լավ սովորել՝ թող մի արհեստի տիրապետեն. ֆիզիկական աշխատանք միշտ էլ կճարվի։ Կարևորը՝ սովից չեն մեռնի։ Թեև բոլորն էլ անցողիկ են, բոլորն էլ հաստատ ապրելու են մինչև իրենց կյանքի վերջը և ոչ ավելին։ Իսկ եթե մի օր էլ հաջողվի 3000 կամ, առավել ևս՝ 4000 դրամի կանաչի վաճառել, այդ օրը, պարզապես, մի քիչ լավ հաց կուտեն։ Բայց եթե հանկարծ օրերից մի օր օդից, առանձնապես «մի մեծ բան» չանելու համար 10.000 դրամ հաջողի, կարող է այդ օրը նույնիսկ հանգստանալ՝ դուրս չգալ կանաչի վաճառելու։

Յոլա գնացողների պակաս մեր հանրապետությունը չունի։ Հատկապես վերջին տասնամյակում։ Յոլա գնացողների թիվն օրեցօր ավելացել, դարձել է Հայաստանի բնակչության զգալի մասը։ Յոլա գնացողին քաղաքացիական գիտակցություն պետք չէ այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ օրական 5.000 կամ 10.000 դրամ «կպցնողին»։ Որովհետև օրը 5-10 հազար դրամով էլ կարելի է յոլա գնալ։ Որովհետև յոլա գնացողն, անկախ փողի քանակից, յոլա գնացող է։

Յոլա կարելի է գնալ նաև ավելի մեծ գումարներով, ասենք իշխող կուսակցության մոտակայքում՝ կերակրատաշտից ոչ հեռու։ Յոլա կարելի է գնալ անգամ հսկայական գումարներով՝ քշելով 100 հազար դոլարանոց ջիփ, սարքելով միլիոնանոց պալատներ՝ բայց վարկով կամ ... Սերժ Սարգսյանի «բարձր հովանու» ողորմածությամբ...

Յոլա գնացողներին, իսկապես, պետք չէ քաղաքացիական գիտակցություն։ Որովհետև քաղաքացիական գիտակցության փոխարեն յոլա գնացողներին միավորում է մեկ այլ գաղափար։ Դա անհայրենիքության գաղափարն է։

Անհայրենիքությունը պետականությունը յոլա տանելն է։

Կանաչի վաճառողը պաշտոն ունենալու երազանք անգամ չի կարող ունենալ։ Եթե նման աներազելի բան է կատարվում, դա լինում է հանգամանքների բերումով։ Հանգամանքների բերումով պետականությունը յոլա տանելու գործընթացում չի կարող լինել կանաչի վաճառողին կրթելու գործառույթը, առավել ևս՝ քաղաքացիական դասիարակությունը։ Որովհետև կանաչի վաճառողը կանաչի վաճառողին չի կարող կրթել։ Կանաչի վաճառողի համար բոլորի մեջ կանաչի վաճառողից առավել բան տեսնելն ինքնավիրավորան է։

Այլ խոսքով, պետականությունը քաղաքական գործիչների գործն է։

Արմեն ֆոն Գևորգյան

2017 թ.