Դիոգենես. Մա՛րդ եմ փնտրում


Հույն մեծանուն փիլիսոփա Դիոգենեսը օրը ցերեկով լապտերով շրջելու սովորություն ուներ: Երբ նա նման կերպ քաղաքում շրջելով կանչում էր՝ «Մա՛րդ եմ փնտրում», և նրան մոտենում էր որևէ մեկն ու հարցնում, թե կոնկրետ ո՞ւմ է փնտրում փիլիսոփան, նա պատասխանում էր.

- Հաստատ ոչ քեզ, խո՜զ...

(Կամ էշ, կամ շուն՝ կախված անցորդի տեսքից)։

*  *  *

Մի անգամ, երբ Դիոգենեսը վերադառնում էր Օլիմպիայի հրապարակից, անցորդները հարցրին նրան.

- Դիոգենե՛ս, ժողովուրդ շա՞տ կար հրապարակում...

- Ժողովուրդ շատ կար, բայց այ մարդիկ չափազանց քիչ էին,- պատասխանեց Դիոգենեսը...

*  *  *

Մի օր Դիոգենեսը քաղաքային հրապարակում փիլիսոփայական ճառ սկսեց, բայց ոչ ոք ուշադրության չարժանացրեց այն: Այդ ժամանակ Դիոգենեսը սկսեց թռչնային ձայներ հանել, և իսկույն նրա շուրջը հավաքվեց մի քանի հարյուր հոգանոց թեթևսոլիկների մի ամբոխ: Դիոգենեսը դառնացած ասաց.

- Ահա ա´յդ եք դուք, աթենացինե՛ր, բանական խոսքին ուշադրություն չեք դարձնում, իսկ կենդանական վայնասունը լսում եք հիացած...

*  *  *

Ասում են, թե Ալեքսանդր Մակեդոնացին իր արշավանքը սկսելուց առաջ այցելում է Դիոգենեսին: Զրույցի ժամանակ Մակեդոնացին ասում է.

- Նախանձում եմ քեզ, Դիոգենես, պառկած ես գետի ափին, վայելում ես արևը, մտքերդ պայծառ են, ոչինչ անել պետք չէ...

- Դու էլ պառկիր իմ կողքին, մտածենք միասին,- առաջարկում է Դիոգենեսը:

- Ո´չ, ներիր, ես պետք է աշխարհը նվաճեմ...

- Եվ որքա՞ն ժամանակ դա կխլի քեզանից...

- Գուցե քսան տարի...

- Իսկ արշավանքդ ավարտին հասցնելուց հետո ի՞նչ պետք է անես...

- Երեւի քեզ պես կպառկեմ ափին...

- Բարեկամս, ուրեմն ինչո՞ւ հապաղել քսան տարի, կարող ես հենց հիմա էլ պառկել...

*  *  *

Դիոգենեսին հարցրին.

- Ի՞նչ ես անելու եթե կոտրվի այն տակառը, որում ապրում ես...

- Դա ինձ չի անհանգստացնում, չէ՞ որ այն տեղը, որ զբաղեցնում եմ, չի կարող կոտրվել,- պատասխանում է Դիոգենեսը:

*  *  *

Դիոգենեսը, մի անգամ տեսնելով, թե ինչպես է երեխան իր բռով աղբյուրից ջուր խմում, տխրելով դեն նետեց իր թասը եւ ասաց. «Այս երեխան գերազանցեց ինձ հասարակ կենցաղավարության մեջ»...

*  *  *

Ասում են, թե Դիոգենեսը ողորմություն էր խնդրում քաղաքի արձաններից... Ո՞րն է իմաստը... Փիլիսոփան ուզում էր վարժեցնել իրեն մերժում ստանալու մեջ, և դրանով իսկ ինքն էր մերժում իրեն իր ցանկությունների մեջ...