ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին քաղաքական իրական այլընտրանք ստեղծելու անհրաժեշտության մասին

Արձանագրելով, որ

  • 2020 թվականի աղետալի պատերազմի հետևանքով երկրում առաջացած ներքաղաքական ճգնաժամը 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններով չհանգուցալուծվեց,

դեռ ավելին,

  • Փաշինյան-Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակն իր ֆինանսական և լրատվական ռեսուրսներով հասարակության զգալի հատվածին ապակողմնորոշեց և լիովին «բռնազավթեց» քաղաքական դաշտը,

սակայն,

  • թոթափելով հետպատերազմյան շոկը, գիտակցելով երկրի և պետության առջև ծառացած մարտահրավերների վտանգավորությունը, այսօր հասարակությունն արդեն իսկ վերադարձել է իրատեսության դաշտ և փաստացի կանգ առել Փաշինյան-Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակին քաղաքական դաշտից հեռացնելու անհրաժեշտության առջև,

միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ 

  • Փաշինյան-Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակին քաղաքական դաշտից հեռացնելու ոչ մի իրավական և օրինական լծակներ գոյություն չունեն,

ուստի

մեր պետության զարգացումը բնականոն հուն վերադարձնելու, 2018 թվականի հեղափոխության սպասելիքներն ի կատար ածելու նպատակով,

առաջարկում ենք ստեղծել Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հակադիր ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ քաղաքական շարժում՝ համախմբվելու և հետագայում քաղաքական ուժ ձևավորելու և առաջնորդ ընտրելու նպատակի շուրջ՝ հետևյալ ճանապարհային քարտեզով.

1. Քաղաքականությամբ զբաղվելու ներուժ ունեցող, առաջարկվող գաղափարն ընդունող ՊԱՐԿԵՇՏ մարդկանց կոչ ենք անում. 

ա) ստեղծել քաղաքական 5-յակներ,
բ) ընտրել 5-յակի առաջնորդ,
գ) անցկացնել քննարկումներ՝ 1991-1998, 1998-2008, 2008-2018 և 2018-2022 թվականների ժամանակահատվածներին առանձին-առանձին տալով քաղաքական գնահատականներ,
դ) 5-յակի կազմի, առաջնորդի և քաղաքական գնահատականի արձանագրությունը հրապարակել Փաշինյան-Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակի քարոզչական վերհսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցներում,
ե) հոդվածներով, հարցազրույցներով, հայտարարություններով, վերլուծություններով, տեղեկություններով, առաջարկություններով հանդես գալ վերոնշյալ եռյակի քարոզչական վերհսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցներում։

2. Երեք ամիս անց կազմակերպել Համաժողով՝ միատեսակ գաղափարներով 5-յակների միավորման, 5-յակների առաջնորդներից շարժման առաջնորդներ և գործադիր կազմ ընտրելու և քաղաքական շարժում կայացնելու, ինչպես նաև հասարակությանը որպես Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին քաղաքական իրական այլընտրանք ներկայանալու նպատակով։

«Պետականություն» քաղաքական 5-յակ

Հ.Գ. - Որպես Փաշինյան-Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակի քարոզչական վերհսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցներ նախապատրաստված է armenlur.am (հայերեն) և newsarmru.com (ռուսերեն) հարթակները։ Սահմանված չափանիշներին համապատասխանող լրատվամիջոցների միացումը գաղափարին ցանկալի է։
Հ.Գ. Հ.Գ. - Հայտարարությունը բաց է միանալ ցանկացող անհատների, կազմավորումների և կազմակերպությունների համար։