Մեր աղետի ակունքները


Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է,- «ՄԵԾԵՐԻ՞ ՄԱՍԻՆ

  • Թումանյանը լավ մարդ էր, անգերազանցելի պոետ ու քաղաքական երեխա, որ կարծում էր, թե հայ-և-թուրք թշնամանքը զուտ «մի կաթիլ մեղր» է։
  • Չարենցը մոնումենտալ պոետ էր, վատ մարդ և քաղաքական կիսաթուրք, լևոնավանոյական հող հանձնող, ում համար ազգային հողահավաքն անիրական ու ծաղրելի նյութ էր․․․

Հ․Գ․ Գրիգոր Զոհրապի մասին խոսելն ավելորդ է․ քաղաքական թուրք, որ, Թալեաթի հետ նարդի գլորելով, ինքն իրեն ու իր ժողովրդին տարավ ողջակիզման» (hraparak.am 03.01.2023թ․)։

► ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, Բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանն ասել է,- «Սրանք Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի և Գրիգոր Զոհրապի դեմ ուղղված անհիմն մեղադրանքներ են, որոնք վաղուց հերքվել են մեր գրականագիտության և պատմագիտության կողմից։ Յուրաքանչյուր երևույթ, առավել ևս եթե այն վերաբերում է հայոց մեծերին, պետք է դիտել և փորձել հասկանալ ժամանակի պատմական միջավայրում: Նման մոտեցում պետք է ցուցաբերի առավել ևս իրեն քաղաքագետ համարող մեկը» (hraparak.am 03.01.2023թ․)։

Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Գրիգոր Զոհրապի մասով հավելելու բան չունենք։ Իսկ մենք դառնանք մեր ժամանակների մեծերին՝ պետական գործիչ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և տաղանդավոր արձակագիր, պետական գործիչ Վանո Սիրադեղյանին ուղղված «մեղադրանքներին», որ այդպես էլ էդգարէլբակյանների նմաններն իրենց փոքրիկ ուղեղներով չկարողացան հասկանալ նրանց ավանդը պետականաշինության գործում։ 

Ողբերգություն չէ, որ Էդգար Էլբակյան «վերլուծաբանը» տերերին հաճոյանալու համար դեպքից-դեպք «մտքեր» է հայտնում, բայց առանձնապես լուրջ ընդունողներ չեն էլ լինում։ Ողբերգությունն այն է, քոչարյանադաշնակցական քարոզչամեքենան ստեղծել է «զուգահեռ իրականություն» և 30 տարի շարունակ մարդկանց հեռու է պահում  բուն իրականությունից. բուծել է տասնյակ էդգարէլբակյաններ, քաղաքագետի կամ վերլուծաբանի անուն կարգել և իր անսահման մեդիա ռեսուրսներով նրանց փամփլիկ շուրթերով շրջանառում է ամենացնորամիտ մտքերը՝ միայն թե հասարակությունը հնարավորինս հեռու լինի իրականությունից։

Ողբերգություն է նաև, որ էդգարէլբակյաններ կոչվող «վերլուծաբաններն» ու «քաղաքագետները» ինչ-որ բուհում դասավանդող են աշխատում։ Մի քիչ դժվար է պատկերացնել, թե ուսանողները սրանից ինչ են լսում։ Էս քաղաքագետը մինչև հիմա չի հասկացել և թե ինչ է նշանակում կոնֆլիկտի լուծման փոխզիջումային տարբերակ (ոչ միայն Ղարաբաղի կոնֆլիկտը, ընդհանրապես կոնֆլիկտները փոխզիջումով են լուծվում, կամ էլ ռազմի դաշտում) և Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման խաղաղ փոխզիջումային տարբերակն իրեն թվում է «հող հանձնել»։ 

Բայց «քաղաքագետը» էլի բան չի հասկացել և չի տարբերում ռեալիզի և ռոմանտիզմի տարբերությունը։ Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Վանո Սիրադեղյանի քսան տարի առաջ արած քաղաքական ճշգրիտ կանխատեսումներն իրականություն են դառնում, իսկ Էդգար Էլբակյանի համար ռեալիզմն իրենց «ազգային հողահավաքը» ծաղրել է նշանակում։ 

Վերլուծաբանը գոնե պիտի ասի, թե էդ ոնց էին «ազգային հողահավաք» իրականացնելու, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վանո Սիրադեղյանն էլ անիրական էին համարում ու ծաղրում։ Քսան և ավելի տարիների քարոզչության արդյունքն էր, որ կոնֆլիկտի լուծումը հայտարարեցին «հող տալ», ամենայն հավանականությամբ «ազգային հողահավաքն» էլ պիտի Ստամբուլն արյան ծով դարձնելով իրականացնեին, «զարկեմ ճակտին փռեմ գետնին, գինի լից»։ Դաշնակներին հանած։ 

Մեր երկրում քանի՞ մարդ կարող է «ազգային հողահավաքը» իրական համարել, որ մեր Մեծերն էլ անիրական են համարել ու ծաղրել։ Եկանք ու հասանք մեր աղետի ակունքներին։ Այլևս պիտի հարց չառաջանա, թե աղետը ո՞նց եկավ։ Շատ պարզ։ Իշխանության հասնել և պահել իշխանությունը։ Ցավով արձանագրենք, որ մեր երկրում էդգարէլբակյանները քչություն չեն անում։

Ջավահիր Այվազյան




Արձագանքներ (1)

    avatar
    0
    1 armenlur • 15:03, 08.01.2023
    Այս ախմախի մասին Ձեր մեկնաբանություններ կարող եք թողնել այստեղ։
avatar